Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նարինե Ավետիսյան | Նորություններ | Ռազմավարական գործեր
2018 թ. հոկտեմբերի 2-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Լոռի հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը:
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա, երբ Նարինե Ավետիսյանը փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները:
ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) մեղադրանք է առաջադրվել Շինպլյուս ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանին ու նույն ընկերության աշխատակից Վրեժ Խաչատրյանին:
Նարինե Ավետիսյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցն ու փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարանում նրա ներկայացուցիչներն են:
Երեկ կայացած դատական նիստի ընթացքում հարցաքննվեց Նարինե Ավետիսյանն ու վկա, Շինպլյուս ընկերության աշխատակից Յուրիկ Գասպարյանը:
Մինչ նրանց հարցաքննելը դատարանը դահլիճից դուրս հրավիրեց լրագրող Էդ. Արզումանյանին, քանի որ վերջինս նաև գործով դատակոչված վկա է և դեռևս չի հարցաքննվել:
Իր ցուցմունքում Նարինե Ավետիսյանը ներկայացրեց դեպքի մանրամասները: Նշեց, որ Հայկական ժամանակի լրագրող Էդ. Արզումանյանից տեղեկանալով, որ հորդառատ անձրևի տակ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, շտապել է դեպքի վայր և փորձել իր հեռախոսով նկարահանում անել, բայց նրա աշխատանքը խոչընդոտվել է: Նարինե Ավետիսյանը շեշտեց, որ մի քանի անգամ ներկայացել է, որ լրագրող է և ունեցել է այդ մասին փաստող վկայական, սակայն իր նկատմամբ բռնություն գործադրող անձինք ուշադրություն չեն դարձրել դրան և նախ հայհոյախառն արտահայտություններով պահանջել են հեռանալ, ապա բռնությամբ խլել են նրա հեռախոսը, իրեն ընկած թողել փողոցում ու հեռացել:
Դատարանն ու կողմերը հարցեր ուղղեցին տուժողի ցուցմունքի վերաբերյալ. նրանց հարցերին ի պատասխան՝ Նարինե Ավետիսյանը ավելի մանրամասն ներկայացրեց որոշ դրվագներ:
Տուժողի նախաքննական ցուցմունքը հրապարակելու անհրաժեշտություն կողմերը չտեսան:
Հաջորդը հարցաքննվեց վկա Յուրիկ Գասպարյանը: Նա նախ հայտարարեց, որ գրեթե ոչինչ չի հիշում այդ օրվանից, ապա կցկտուր ներկայացրեց դեպքի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները: Պատասխանեց նաև կողմերի ու դատարանի հարցերին: Ինչից պարզ դարձավ, որ որոշ դրվագների վերաբերյալ ակնհայտ հակասություններ կան նախաքննական ցուցմունքի ու դատարանում տրված ցուցմունքի միջև: Կողմերի պահանջով հրապարակվեց նախաքննական ցուցմունքը, ապա՝ տուժողի հետ առերես հարցաքննության ընթացքում տված ցուցմունքը: Պարզվեց, որ հակասություններ կան նաև այդ երկուսի միջև:
Հարցերի միջոցով դատարանն ու կողմերը փորձեցին ճշտել, թե դրանցից որն է վկան հավաստի համարում:
Ցուցմունքները լսելուց հետո դատարանը քննարկեց պաշտպանական կողմի ներկայացրած դիմումն այն մասին, որ ամբաստանյալ Տիգրան Նազարյանը 2018թ. հոկտեմբերի 7-11-ը գործնական այց է ունենալու Իտալիա: Տուժող կողմն ու մեղադրող դատախազը դատարան ներկայացված փաստաթղթերին ծանոթանալուց հետո հայտարարեցին, որ դրանց Տիգրան Նազարյանի անունով հրավեր կցված չէ, հետևաբար՝ դիմումը չի կարող բավարարվել: Դատարանը համակարծիք էր և մերժեց դիմումը:
Այսքանով դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց 2018թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ին: Դատարանը կշարունակի լսել գործով անցնող վկաներին:
Leave a Reply