November 12, 2024
Գործունեություն |
Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ |
Համատեղ |
Հրապարակումներ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ պատրաստել են «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» ԶԵԿՈՒՅՑը։
Զեկույցը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի իրավիճակը 2020 թվականի Երկրորդ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական վարչակարգի ռազմական հարձակումը, ինչպես նաև դրա հետևանքները։ Զեկույցը բացահայտում է բազմաթիվ խոշոր խախտումներ մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի նկատմամբ, որոնք իրականացվել են ադրբեջանական իշխանությունների կողմից՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ: Դրանք ներառում են արտադատական սպանություններ, բազմամսյա շրջափակում, հարկադիր տեղահանություն, ինչպես նաև տեղահանությունից հետո մշակութային ջնջման և գույքի ոչնչացման քաղաքականություն։
Փաստաթղթավորված ապացույցները համընկնում են նախկին Հարավսլավիայի համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովի կողմից ներկայացված էթնիկ զտումների սահմանմանը: Փաստահավաք զեկույցը հաստատում է՝ Լեռնային Ղարաբաղում փաստագրված գործողությունները հանդիսանում են ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ։
Հիմնական բացահայտումները ներառում են.
- Ադրբեջանական պետության գործողությունները էթնիկ զտումներ են և իրականացվում են հարկադիր տեղահանության միջոցով։ Այն գործեց համապարփակ, մեթոդաբար իրականացված ռազմավարությամբ՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայ բնակչությունից և պատմամշակութային ներկայությունից դատարկելու համար: Փաստաթղթավորված ապացույցները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին, որոնք սահմանվել են ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովի զեկույցով, որն ուսումնասիրում է 1990-ականների սկզբին նախկին Հարավսլավիայում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները:
- 2023 թվականի սեպտեմբերին 100,000 էթնիկ հայերի տեղահանումը ինտենսիվ, տարիներ տևած արշավի գագաթնակետն էր։ Ադրբեջանական պետության այս արշավը ներառում էր մարդու իրավունքների համատարած խախտումներ էթնիկ հայ բնակչության նկատմամբ տարբեր ձևերով՝ օգտագործելով ահաբեկման և շրջափակման երկարատև մարտավարությունը: Նման գործողությունները անհնարին դարձրեցին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ ապրելը։
- Էթնիկ հայ բնակիչների իրավունքներն ու ազատությունները բազմիցս ոտնահարվել են։ Փաստահավաքները փաստագրել են բնակիչների կյանքի, առողջության, սննդի, տեղաշարժի ազատության, համապատասխան կենսապայմանների, ազատության և անձնական անձեռնմխելիության, կրթության և սեփականության իրավունքների խախտումներ: Խախտվել են նաև մշակութային իրավունքները։ Էթնիկ հայերը նաև ենթարկվել են խոշտանգումներից և վատ վերաբերմունքից զերծ ապրելու իրենց իրավունքների խախտմանը։ Հանցագործները դիտավորյալ սպանել են խաղաղ բնակիչների՝ նույնիսկ խաղաղապահների ներկայությամբ, և օգտվել են բացարձակ անպատժելիությունից։ Սա էլ ավելի է խորացրել անապահովությունը և սարսափի մթնոլորտը բնակչության շրջանում մինչև 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած զանգվածային տեղահանությունը։
- Խախտումները Լեռնային Ղարաբաղում շարունակվում են՝ հայկական մշակութային և պատմական ներկայությունը ջնջելու տեսքով։ Սա ներառում է հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանատների և բնակելի թաղամասերի պլանավորված կամ արդեն իրականացված ոչնչացումը։
Զեկույցում նշվում են մի շարք քայլեր, որոնք ժողովրդավարական կառավարությունները կարող են ձեռնարկել անպատժելիության դեմ պայքարելու համար: Այս առաջարկությունները ներառում են.
- Հորդորել պատասխանատվության ենթարկել անպատժելիության գործողությունների համար: Աջակցել միջազգային ջանքերին` հետապնդելու մարդկության դեմ հանցագործությունները և Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ կատարված պատերազմական հանցագործությունները, այդ թվում` Միջազգային Քրեական Դատարան (ՄՔԴ) դիմելու միջոցով՝ պետության կողմից։ Իրականացնել թիրախային պատժամիջոցներ, ինչպիսիք են ճանապարհորդությունների արգելքը և ակտիվների սառեցումը, Ադրբեջանի պաշտոնյաների, ռազմական առաջնորդների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների և ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված անձանց նկատմամբ:
- Պաշտպանել տեղահանված էթնիկ հայերի իրավունքները։ Հորդորել ադրբեջանական պետությանը պայմաններ ստեղծել տեղահանված հայերի Լեռնային Ղարաբաղ անվտանգ և կամավոր վերադարձի համար՝ անվտանգության ամուր երաշխիքներով և խտրականության չկիրառման երաշխիքներով: Աջակցել նախաձեռնություններին, որոնք պաշտպանում են բռնի տեղահանվածների իրավունքները և սատարել ուժեղ իրավական պաշտպանության և աջակցության ծառայությունների իրականացմանը: Ապահովել, որ տուժած բնակչության ձայնը լսվի և նրանց իրավունքները պաշտպանվեն բոլոր համապատասխան միջազգային ֆորումներում:
- Պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը։ Հորդորել Ադրբեջանին պահպանել մշակութապահպանության միջազգային չափանիշները և կանխել հայկական մշակութային արժեքների հետագա ոչնչացումը կամ փոփոխությունը: Խրախուսել Ադրբեջանին համագործակցել ՄԱԿ-ի Մշակույթի, Գիտության և Կրթության Կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) և այլ համապատասխան մարմինների հետ՝ անկախ մոնիթորինգային առաքելությունների իրականացումն աջակցելու և այդ վայրերի պաշտպանության ու վերականգնման համար միջազգային երկխոսություն խթանելու նպատակով։
Փաստահավաք առաքելությունը կազմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Freedom House-ը, “Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների” միջազգային հասարակական կազմակերպությունը (IPHR), Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (DDF), Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Truth Hounds-ը:
Առաքելության ամբողջական զեկույցը վկայություններ է հավաքել 330 վկաների հարցազրույցներից, որոնք ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի 107 համայնքներից 71-ը: Այն մանրամասնում է 2024 թվականի հունիսին հրապարակված նախնական բացահայտումները՝ լրացուցիչ փաստագրված ապացույցներով և վերլուծություններով 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական հարձակման, դրան հետևած Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի տեղահանման և դրա հետևանքների վերաբերյալ, ընդգրկելով մանրամասներ այն բոլոր այն ուղիների վերաբերյալ, որոնցով բնակիչները տարհանվել են։ Այն նաև մանրամասն ներկայացնում է իրավական շրջանակները և տրամադրում է առաջարկությունների համապարփակ փաթեթ:
Ամբողջական զեկույցը և դրա ամբողջական առաջարկությունները դիտեք ԱՅՍՏԵՂ։
Դիտումներ՝ 53