Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խորհրդարանական վերահսկողությունը հնարավորություն կտա կանխելու ԱԱԾ գործունեության շրջանակում մարդու իրավունքների սահմանափակումների վտանգը

December 1, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Անցած շաբաթ Կառավարության նիստի ընթացքում քննարկվեց Ազգային անվտանգության ծառայության բարեփոխումների հարցը, մասնավորապես՝ դրա գործառույթների տեսանկյունից։ Նշվեց, որ սա արվում է անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակում։

 

Ազգային անվտանգության ծառայության բարեփոխումների անհրաժեշտությանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն անդրադարձել է դեռ անցած տարի՝ «Ազգային անվտանգության ծառայության գործունեության նկատմամբ պառլամենտական վերահսկողության իրականացման առկա խնդիրների քարտեզագրումը և դրանց լուծման ուղիները» զեկույցով, իսկ դրան նախորդել էր քննարկում շահագրգիռ կողմերի հետ։

 

Այս ուսումնասիրության առանցքում այն հարցն էր, որ ԱԱԾ-ն փակ կառույց է,  գործ ունի գաղտնի տեղեկատվության հետ, դրա գործունեությունը մեծապես ոչ թափանցիկ է, ինչը մարդու իրավունքների սահամանափակումների վտանգ է ստեղծում։ Սա բացառելու համար պետք է գործեն վերահսկողության հստակ և արդյունավետ մեխանիզմներ, որը խորհրդարանական վերահսկողությունն է։

 

Այդ զեկույցում ՀՔԱՎ-ը մանրամասն անդրադառնում է ազգային անվտանգության մարմինների կազմակերպական և գործառութային հիմնախնդիրների, վերջիններիս գործունեության նկատմամբ գերատեսչական և արտագերատեսչական հսկողական և վերահսկողական իրավական մեխանիզմների վերաբերյալ տեսակետներին ու առաջատար երկրների փորձին և դրանց հիման վրա, ի թիվս այլ առաջարկների, ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հետեւյալ առաջարկները. 

 

  • Քննարկել ազգային անվտանգության գործող համակարգում գործառույթների և մարմինների տարանջատման հնարավորությունը, որը կնպաստի պրոֆեսիոնալ կարողությունների զարգացմանը՝ ըստ ազգային անվտանգության ապահովման ուղղությունների, ինչն իր հերթին ապահովում է գործունեության մեթոդաբանության տարբերակում, բացառում բոլոր լծակների կենտրոնացումը մեկ մարմնի ներքո։ Մասնավորապես՝ տարանջատել հետախուզական և հակահետախուզական ծառայություն իրականացնող ստորաբաժանումները՝ համապատասխանաբար առանձին պետական կառավարման մարմինների կարգավիճակով։ Իրավապահ գործառույթ իրականացնել բացառապես ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով։  

  • Քննարկել հետախուզության և հակահետախուզության բնագավառում օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողության մեխանիզմների ներդրման օրենսդրական հնարավորությունների հարցը՝ այլ երկրների փորձի ուսումնասիրությամբ և գաղտնիության ռեժիմի պահպանման պայմանով։  Դարձնել ազգային անվտանգության մարմինները՝ հետախուզական, հակահետախուզական և այլ ծառայությունները, գործադիր և օրենսդիր իշխանությանը իրապես հաշվետու մարմիններ։ Դրա իրականացման մեխանիզմը ազգային անվտանգության հիմնարար փաստաթղթերի՝ ազգային անվտանգության ռազմավարության ընդունումն է Ազգային ժողովի կողմից, կենսագործման գերատեսչական փաստաթղթերի հաստատումը ՀՀ վարչապետի կողմից։ 

  • Սահմանել հետախուզական և հակահետախուզական ծառայությունների ղեկավարների տարեկան հաշվետվությունների քննարկում ԱԺ-ում՝ համադրելով բաց և փակ ռեժիմները։ Դիտարկել հաշվետվությունների քննարկման արդյունքում անվստահության հարցի բարձրացում և այդ քննարկմանը վարչապետի մասնակցայնության ապահովում:

  • Դիտարկել առանձին պաշտոնատար անձանց նշանակման հարցում Ազգային ժողովին կամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովին որոշակի լծակներ վերապահելու հնարավորությունը (թեկնածուների ընտրություն, նշանակված թեկնածուի հաստատում, վետոյի իրավունք, նախնական հավանություն և այլն): Երրորդ գլխում առաջարկվել է Ազգային անվտանգության ծառայության պետին ընտրել Ազգային ժողովի կողմից որոշակի ժամանակահատվածով, ինչպիսի կարգավորում նախատեսված է Գլխավոր դատախազի վերաբերյալ:

  • Հստակեցնել գաղտնագրման իրավական հիմքերը, մասնավորապես՝ «գաղտնիքը իմանալու պետքության» (need to know), «վնասի թեսթ»-ի (տեղեկատվության հրապարակման արդյունքում պատճառվելիք հնարավոր վնասի գնահատում) սկզբունքների իրացման մեխանիզմները: Տեղեկատվությունը գաղտնագրելիս առաջնորդվել գլխավորապես «վնասի թեսթ»-ի սկզբունքով, այլ ոչ թե բացառապես որոշակի ոլորտներին, հարցերին վերաբերող տեղեկատվությունը ինքնակամ գաղտնագրելով: Սահմանել գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելը մերժելու որոշման բողոքարկման հնարավորություն, ինչպես նաև ներմուծել գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունենալու հավաստագրման ինստիտուտը (ինչի պարագայում անձը կունենա հասանելիություն գաղտնիության նույն կարգի ցանկացած 62 տեղեկատվությանը, եթե հիմնավորի տեղեկատվությանը ծանոթանալու անհրաժեշտությունը անկախ նրանից թե որ գերատեսչությունն է տնօրինում տվյալ տեղեկատվությունը): Ազգային անվտանգության ծառայության փոխարեն գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու, ոլորտի օրենսդրության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, մասնավորապես՝ պարբերական գաղտնազերծումներ կատարելու, տեղեկատվության պաշտպանության ոլորտում օրենսդրության պահանջների պահպանումն ապահովելու լիազոր մարմնի դերում դիտարկել այլ կառույց:  

  • Իրավունքի ուժով տալ հասանելիություն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում ներգրավված պատգամավորներին, անհրաժեշտության դեպքում որոշակի երաշխիքների պահպանմամբ սահմանել այս հանձնաժողովում ներգրավվելու վեթինգի մեխանիզմներ կամ առնվազն օրենքի ուժով տալ գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն Հանձնաժողովի նախագահին և կամ տեղակալին:

 

Այս հրապարակմամբ ևս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում արդյունավետ ժողովրդավարական վերահսկողության կարևորության վրա, որը երաշխիք է՝ նվազեցնելու ռիսկերը, որ ԱԱԾ-ն չդառնա հետապնդման գործիք քաղաքական ընդդիմադիրների և այլախոհների նկատմամբ։

 

Դիտումներ՝ 42

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????