Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 27: Ադրբեջանը կրակի տակ է պահել ԱՀ/ԼՂ-ի խաղաղ բնակավայրերը

October 27, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի զինուժը թիրախավորել է ԱՀ/ԼՂ Ասկերանի վերին ենթաշրջանը՝ Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը, իսկ Ստեփանակերտում նկատվել է անօդաչու թռչող սարք։ Այս մասին տեղեկացրել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

 

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ թիրախում են հայտնվել ԱՀ/ԼՂ Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

 

Հոկտեմբերի 27-ին  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանը կրակի տակ է պահել ԱՀ/ԼՂ-ի խաղաղ բնակավայրերը: Կան տուժածներ: Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: Հետկեսօրին ադրբեջանական զինուժը ռազմական ավիացիայով ռմբակոծել է ԱՀ/ԼՂ-ի Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Նյութական վնասները շատ են: «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծվել է նաև Մարտունու շրջանի Ննգի գյուղը: Կասետային ռումբերի հարվածի հետևանքով 3 կին վիրավորում է ստացել: Ամբողջությամբ ավերվել է 1 տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս:

 

Արցախի/ԼՂ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ  իր աշխատակազմը փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացրել է սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ԱՀ/ԼՂ-ի 39 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 83-ը՝ արական, իսկ 19-ը իգական սեռի քաղաքացիներ են: ԱՀ/ԼՂ-ի 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես վնասվել են 11.600 մասնավոր անշարժ գույք, 1.600 մասնավոր շարժական գույք, 2.100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

 

Պաշտպանը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող 2-րդ զեկույցը: Զեկույցում զետեղվել են ԱՀ/ԼՂ-ի և ՀՀ-ի Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 16-25-ն արձանագրված փաստերը հայ ռազմագերիների և դիակների նկատմամբ ադրբեջանական զինուժի կատարած տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ: Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերում տարածված ու խրախուսվող վարքագիծ է հայ զինծառայողների մարմինների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և դրա դրսևորումների հրապարակայնացումը: Այդ վարքագիծը մեծապես սերվում է Ադրբեջանում երկար տարիներ պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունից:


Հաշվի առնելով, որ այդպիսի դեպքերի մասին վկայող ապացույցները ավելի քան բավարար են, որոնց մի մասը հրապարակվել է նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այդ կոպտագույն իրավախախտումների շարունակական ու համակարգային բնույթը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը՝ պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

 

Ավելի վաղ ԱՀ/ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել էր, որ սոցցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումներից ու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունից ելնելով՝ ուսումնասիրություն է կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ: Միջազգային իրավունքով արգելված է մինչև 15 տարեկան երեխաների մասնակցությունը ռազմական գործողություններին, և դա այն դեպքում, որ տվյալ անձը ուղիղ կերպով չէր ընդգրկվել ռազմական գործողությունների մեջ: Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով պատերազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունը, ընդգծել է, որ առ այսօր որևէ դեպք չի արձանագրվել ռազմական գործողություններում երեխաների ընդգրկվածության առումով: Այնուամենայնիվ Պաշտպանը հորդորում է բոլորին զգուշավորություն ցուցաբերել զենքերի հետ մինչև 15 տարեկան երեխաների շփման հարցում:

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ սոցցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ։ ՄԻՊ-ին ներկայացված ահազանգերը, դրանք շուրջօրյա ուսումանասիրությունները վկայում են, որ նշված տեսանյութերն ու լուսանկարները ուղարկվում են առանձին հաղորդագրությունների տեսքով և ուղեկցվում են բացառիկ ցինիզմի վերաբերմունքով ու սպառնալիքներով։ Ավելին՝ սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ բացվում կամ ակտիվացվում են ադրբեջանական կամ թուրքական օգտահաշիվներ կամ էջեր, որոնց հատուկ նպատակը այնպիսի տեսանյութեր ու լուսանկարներ տարածելն է, որոնք ցուցադրում են սպանված զինվորներ կամ հենց սպանության պրոցեսը՝ ուղեկցվելով դաժանություններով։ Ընդ որում՝ ստուգումները վկայում են, որ վայրագությունների ոչ բոլոր նյութերում են ԱՀ/ԼՂ-ի կամ ՀՀ-ի զինված ուժերի ծառայողներ, սակայն դրանք ներկայացվում են նենգափոխված ու կեղծ տեղեկություններով այնպես, որ խոսքը հենց նրանց նկատմամբ իրականացվող ադրբեջանական զինված ուժերի անդամների իրականացրած դաժանությունների մասին է ու վերաբերում է սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողություններին: Ցանկացած պարագայում այդ տեսանյութերը տեղադրվում են մոնտաժված ու մշակված վիճակում, ինչը վկայում է այն մասին, որ դրանք անցնում են մասնագիտական պատրաստման աշխատանքներ և այդ աշխատանքներն ունեն համակարգված ու կազմակերպված բնույթ: Ադրբեջանական նշված սոցիալական ցանցերի էջերի կամ օգտահաշիվների ընդգծված առանձնահատկություններից է այն, որ դրանք հաճախ արված են հայկական էջերին ու օգտատերերերին մոլորեցնելու համար՝ տպավորություն ստեղծելով, թե դրանք վարվում են հայկական աղբյուրներից կամ հայկական էջեր են։ ՄԻՊ-ի աշխատակազմը նշվածի հիման վրա հատուկ սկզբունքով կազմել է տեսանյութ-ապացույցներ, որոնք հաստատում են ողջ վերը շարադրվածը: Դրանք կուղարկվեն միջազգային մարմիններին։ Ընդ որում՝ այդ տեսանյութերում բոլոր վայրագություններն ու դաժանության տեսարանները ՄԻՊ-ը ստիպված է ներկայացնել առանց մշակման՝ այնպես, ինչպես դրանք ուղարկվում են հայկական էջերին ու օգտատերերերին, որպեսզի միջազգային գործընկերները կարողանան պատկերացում կազմել իրական վիճակի մասին:

  

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ՝ խախտելով նաև մարդասիրական հրադադարի երկուստեք պայմանավորվածությունները: Թշնամու ԱԹՍ-ների հարվածներից վնասվել են ՀՀ-ի Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք, և Սյունիքի Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը: Կենտրոնի մասնագետները նշված բնակելի տարածքներում իրականացրել են չպայթած զինամթերքների հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ։

Մինչ օրս ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 41 խաղաղ բնակիչ. 39-ը՝ ԱՀ/ԼՂ-ում,  2-ը՝ ՀՀ-ում:

 

Photo: Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

 

Դիտումներ՝ 271

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????