Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾԻՔ

February 5, 2024

Գործունեություն | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը 01022024թ. նիստին ներկայացրել է դրական եզրակացություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ (այուհետ՝ Նախագիծ)։

 

15.11.2023թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակն օրենսդրական նախաձեռնության ընդունման վերաբերյալ արդեն իսկ հրապարակել է խիստ բացասական կարծիք Նախագծի հանրային քննարկման շրջանակներում։

 

Նախագծով նախատեսվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պարտադիր պահանջ (արտադատական ընթացակարգ), նախքան դատական կարգով դիմելը: Նախագծով վերանայվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափը, բացառվում է վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հայցի հարուցումը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համար սահմանելով համապատասխան արձանագրության հիման վրա վարչական ակտի կայացման իրավական հնարավորությունը։

 

Կրկին փաստում ենք, որ Նախագիծը չի ապահովում պատշաճ և արդյունավետ վարչարարություն իրականացնելու սկզբունքները և խախտում է վարչական իրավախախտում կատարած անձանց՝ օրենսգրքով սահմանված և միջազգային իրավական ընթացակարգերով երաշխավորված իրավունքները։

 

Վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հայց հարուցելու հնարավորության բացառումը հակասում է արդարադատության մատչելիության (դատարան դիմելու իրավունքի) սկզբունքին: 

 

Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-690, 719, 733, 765, 780, 849, 873, 890, 918, 922, 936, 1037, 1052, 1062, 1114, 1115, 1190, 1191, 1192, 1196, 1197, 1220, 1222, 1231, 1249, 1254, 1257, 1263, 1265, 1268, 1275, 1289, 1290, 1293, 1395) անդրադարձել է արդար դատաքննության և դատական բողոքարկման, դատարանի մատչելիության հիմնախնդիրներին, կարևորելով վերջինս որպես կարևոր նախապայման՝ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանության համար: 

 

Վերոնշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ելնելով սույն գործով բարձրացված հիմնախնդրի էությունից, հիմնականում հանգում են հետևյալին.

 

  • «դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
  • ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
  • դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
  • իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման»:

 

Բացի այդ, տվյալ դեպքում, մինչ վերադասության կարգով բողոքարկման կամ վերանայման իրավունքի ընդլայնումը, անհրաժեշտ էր պարզել` արդյոք վարչական վերադասության կարգով բողոքների քննության ինստիտուտն արդյունավետ գործում է, արդյոք վարչական մարմիններն ապահովում են բողոքների ըստ էության և բովանդակային քննություն։ 

 

Նախքան վերադասության կարգով բողոքարկման պարտադիր պահանջի նախատեսումը՝ կարևոր է բարձրացնել ներկայումս վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության և բողոքների քննության արդյունավետության ու որակի մակարդակը։ Արձանագրում ենք, որ անհրաժեշտ է մշակել և նախագծի հիմնավորումների շարքում ներկայացնել վիճակագրություն վերադաս մարմնի վերանայման արդյունքում կայացրած ու անփոփոխ մնացած և արդյունքում դատարան բողոքարկված և բավարարված գործերի վերաբերյալ, միաժամանակ  ուսումնասիրել դատական ակտերով արձանագրված խնդիրները։ Քանի դեռ նման վիճակագրություն առկա չէ, վերհանված չեն դատական ակտերով արձանագրված խնդիրները և վերջիններիս տրված չեն լուծումներ, վերադասության կարգով վերանայման արդյունավետության և ընդլայնման մասին ողջամիտ չէ խոսել։

 

Նախագծով սահմանվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափի վերանայում։ Նշենք, որ վերանայման արդյունքում զգալիորեն բարձրանում են պետական տուրքի դրույքաչափերը, ինչը ևս կհանգեցնի դատարանի մանչելիության սկզբունքի խախտման։ 

 

Համաձայն ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Նշված իրավունքի անբաժան մասն է կազմում նաև դատարանի մատչելիության սկզբունքը:

 

Սահմանադրական դատարանը, 2010 թվականի մայիսի 25-ի ՍԴՈ-890 որոշման շրջանակներում անդրադառնալով պետական տուրքեր վճարելու պարտականությանը, նշված սահմանադրական պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությանը, պետական տուրքի բովանդակությանը, դերին ու նշանակությանը, գտել է. «Դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը»:

 

Պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականությունը դիտարկելով դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ սերտ կապի մեջ՝ Սահմանադրական դատարանը հիշատակված որոշմամբ փաստել է. «(...) օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար, այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ»:

 

Տվյալ դեպքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափի զգալիորեն բարձրացումը չի ապահովում պատշաճ հավասարակշռության պահանջը և խախտում է  դատարանի մատչելիության սկզբունքը։

 

Հաշվի առնելով վերոգրյալը և ներկայացված հիմնավորումները՝ անհրաժեշտ է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման պարտադիր պահանջի  և վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հայցի հարուցման բացառման և ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափը վերանայելու վերաբերյալ կարգավորումները հանել քննարկվող Նախագծից։

Դիտումներ՝ 79

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????