Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մարդկանց առողջական վիճակի վատթարացման հաշվին փորձ է արվում լուծել ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների կանխման խնդիրը

April 29, 2024

Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2024 թվականի ապրիլի 18-ին ՀՀ կառավարության N 534-Ն որոշմամբ փոփոխություններ կատարվեցին  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N 404-Ն որոշման 1-ին, 14-րդ և 55-րդ հոդվածներում։

 

Փոփոխությունները վերաբերում են մի շարք առողջական խնդիրների՝ մտավոր հետամնացության, կենտրոնական նյարդային համակարգի արատների՝ կիստաների, գիշերամիզության առկայությամբ զորակոչիկների և զինծառայողների՝ զինվորական ծառայությանը պիտանիությանը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կատարված փոփոխությունները գնահատում է բացասական մի շարք պատճառներով։ 

 

Այսպես, մինչև 2019 թվականի հուլիսի 25-ը N 404-Ն որոշման 1-ին հոդվածում ծանր (խորը) կամ չափավոր աստիճանի մտավոր հետամնացության առկայության դեպքում զորակոչիկները ճանաչվում էին ոչ պիտանի զինվորական ծառայության համար («ա» կետ),  թեթև աստիճանի մտավոր հետամնացության, վարքային խանգարումներից անկախ մտավոր հետամնացության այլ ձևերի առկայության դեպքում զորակոչիկները ճանաչվում էին ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար («բ» կետ), զինծառայողները ոչ պիտանի զինվորական ծառայության համար,  իսկ «թեթև աստիճանի, առանց վարքային խանգարումների այլ մտավոր հետամնացության, սոցմանկավարժական բարձիթողի վիճակներ» ախտորոշման դեպքում զորակոչիկները ճանաչվում էին սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար («գ» կետ)։

 

Այսինքն, մինչև 2019 թվականի հուլիսի 25-ը մտավոր հետամնացություն ունեցող զորակոչիկները ճանաչվում էին պիտանի զինվորական ծառայության համար և ծառայության ընթացքում գործնականում բախվում մի շարք խնդիրների։ Ի դեպ, 2018 թվականից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնեց մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մի զորակոչիկի իրավունքների պաշտպանությունը, ով Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից պատշաճ և օբյեկտիվ հետազոտության չենթարկվելու արդյունքում ճանաչվել էր պիտանի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար։ Ծառայության ընթացքում զինծառայողի մոտ առկա հոգեկան առողջության  ու մտավոր խնդիրներն ավելի էին սրվել, և նա ինքնավնասում էր կատարել։ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի N 952-Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո զինծառայողը վաղաժամ զորացրվեց զինվորական ծառայությունից։ Կազմակերպությունն այժմ դատական կարգով շարունակում է բողոքարկել զորակոչիկին զինվորական ծառայության համար պիտանի ճանաչելու մասին որոշման իրավաչափությունը՝ բողոքի հիմքում  դնելով ոչ բարեխիղճ վարչարարությունը։

 

2019 թվականի հուլիսի 25-ի N 952-Ն որոշմամբ ՀՀ կառավարության N 404-Ն որոշման «գ» կետը՝ «թեթև աստիճանի, այլ մտավոր հետամնացություն` առանց վարքային խանգարումների, սոցմանկավարժական բարձիթողի վիճակներ», ուժը կորցրած ճանաչեց, իսկ «բ» կետով սահմանվեց, որ «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր՝ անկախ վարքային խանգարումներից» ախտորոշման դեպքում զորակոչիկները ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, իսկ զինծառայողները՝ ոչ պիտանի զինվորական ծառայության համար։

 

Այսինքն, 2019 թվականի հուլիսի 25-ին N 404-Ն որոշման մեջ կատարվեց փոփոխություն, որը բարենպաստ էր զորակոչիկների և զինծառայողների համար, քանի որ մտավոր հետամնացություն ունեցող զինծառայողները զինվորական ծառայության պայմաններում ունենում են բազմաթիվ  խնդիրներ ծառայողական պարտականությունների արդյունավետ իրականացման առումով։

 

Մինչդեռ, 2024 թվականի ապրիլի 18-ին ՀՀ կառավարության N 534-Ն որոշմամբ վերստին փոփոխվեցին մտավոր հետամնացության առկայության դեպքում զինվորական ծառայության պիտանիության աստիճանը սահմանող դրույթները։ Մասնավորապես, սահմանվեց, որ 

 

 

  • զինվորական ծառայության համար ոչ պիտանի են ճանաչվում չափավոր, ծանր և խորը աստիճանի մտավոր հետամնացություն, թեթև աստիճանի մտավոր, վարքային խանգարումներով մտավոր այլ և չճշտված հետամնացություն ունեցող զորչակոչիկները և զինծառայողները («ա» կետ), 
  • առանց վարքային խանգարումների ինտելեկտուալ անբավարար վիճակներ, ուսուցանման և գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող զորակոչիկները և զինծառայողները ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար («բ» կետ)։ 

 

 

Ստացվում է, որ ինտելեկտուալ անբավարար և մանկավարժական բարձիթողի վիճակները, թեթև աստիճանի, այլ մտավոր և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի կամ հարմարվողականության խանգարումներով, ինչպես նաև նաև ուսուցանման և գրագիտության հետ կապված խնդիրները (գրագիտության ցածր մակարդակը, անձի պրիմիտիվությունը) խոչընդոտ չեն հանդիսանում զինվորական ծառայության անցնելու համար:

 

Այս փոփոխության նախագծի հեղինակ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից որպես հիմնավորում նշվել է այն հանգամանքը, որ 2019 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում «մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների թիվը ավելացել է․ 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում նշված ախտորոշմամբ ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, իսկ 2022 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում՝ 321 զորակոչիկ։

 

Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի «առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ» ունեցող զինծառայողները չեն ընդգրկվի մարտական հերթապահության մեջ, կարգելվի նրանց վարել տրանսպորտային միջոցներ և տեխնիկա, ղեկավարել անձնակազմ։

 

Ակնհայտ է, որ միայն նշված սահմանափակումները չեն կարող ապահովել մտավոր խնդիրներ ունեցող զինծառայողների՝ զինվորական պարտականությունների արդյունավետ իրականացումը և առողջության վատթարացման կանխարգելումը։

 

Փաստացի, կատարված փոփոխությամբ ընդունվել է զորակոչիկների և զինծառայողների համար ոչ բարենպաստ և վերջիններիս իրավունքների վիճակը վատթարացնող իրավական ակտ։

 

Ըստ կառավարության, նման խստացված փոփոխության նպատակը  կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է, որոնք դրսևորվում են փաստաթղթերի կեղծման միջոցով։ Մինչդեռ ակնհայտ է, որ առողջական խնդիրներով անձանց զինվորական ծառայության զորակոչելով կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման խնդիրը չի կարող լուծել։ Ընդհակառակը, պաշտպանական համակարգում կոռուպցիոն դրսևորումները պետք է վերացվեն ինստիտուցիոնալ և համակարգային փոփոխությունների իրականացմամբ, որոնք հիմնված են մարդու իրավունքների, օրենքի գերակայության սկզբունքի վրա։

 

Մյուս փոփոխությունը, որը կատարվել է 2024 թվականի ապրիլի 18-ին ՀՀ կառավարության N 534-Ն որոշմամբ վերաբերում է կենտրոնական նյարդային համակարգի արատներին (նորագոյացություններ, կիստաներ և այլն)։ Մասնավորապես, եթե նախկինում չափավոր կամ աննշան արտահայտված գործառույթների խանգարումով և դանդաղ զարգացող ընթացքով կենտրոնական նյարդային համակարգի արատների, օրգանական զարգացող հիվանդությունների առկայության պարագայում սահմանվում էր, որ զորակոչիկներն ու զինծառայողները ոչ պիտանի են զինվորական ծառայության համար, ապա ներկայումս այն խստացվել է և ոչ պիտանի են ճանաչվում միայն գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով և դանդաղ զարգացող ընթացքով կենտրոնական նյարդային համակարգի արատներ ունեցող անձինք («բ» կետ), իսկ նույն հիվանդության գործառույթների աննշան արտահայտված խանգարուման կամ առանց գործառույթների խանգարման կամ կլինիկական դրսևորումների բացակայության պարագայում անձինք ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։

 

Պաշտպանության նախարարությունը վկայակոչել է այն հանգամանքը, որ կիստաների 0,5 սմ և ավելի մեծ չափերի առկայության դեպքում, անգամ առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների, զորակոչիկները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար ընդգծելով, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի   12-ի N 404-Ն որոշման պահանջներին տեղեկացված լինելու արդյունքում տարեցտարի ավելանում է զորակոչիկների թիվը, ովքեր արդի սարքավորումներով հետազոտվելու դեպքում ազատվում են զինվորական ծառայությունից՝ նշված ախտորոշմամբ։ Ընդ որում, նախագծի հիմնավորմամբ՝ նշված ախտորոշմամբ զորակոչիկներին հետազոտելու և փորձաքննելու համար մեծ մասամբ հիմք են հանդիսանում իրենց իսկ նախաձեռնությամբ իրականացված ՄՌՏ հետազոտությունների արդյունքները։  ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի նիստի ժամանակ  ՀՀ վարչապետը նշեց, որ «գլխուղեղի կիստաների առկայությունը հավաստող բժշկական հետազոտությունը երբեմն հնարավոր չի լինում նույնականացնել այն անձի հետ, ով ենթարկվել է այդ հետազոտության և կոռուպցիոն մեխանիզմի կիրառման արդյունքում», ըստ Վարչապետի, զորակոչիկներն ազատվում են զինվորական ծառայությունից։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների կողմից ներկայացվել է ավելի քան 1400 ՄՌՏ հետազոտության տվյալ, որոնցից 737-ի դեպքում զորակոչիկները ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, իսկ 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում՝ ներկայացվել է ավելի քան 1000 հետազոտության տվյալ և այդ տվյալների հիման վրա իրականացված առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության արդյունքում 220 զորակոչիկ ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։

 

Նման պարագայում անհրաժեշտ է ոչ թե խստացնել նշված առողջական խնդրով պայմանավորված զորակոչիկների՝  զինվորական ծառայությունից ազատվելու դրույթը՝ ծառայության ընթացքում խնդրի վատթարացման դեպքում նրանց կյանքն ու առողջությունը վտանգելով, այլ ընդլայնել  զորակոչիկներին համալիր հետազոտության ենթարկելու համար նախատեսված պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները և ապահովել բոլոր զորակոչիկների առողջության իրական վիճակի գնահատումը կամ առողջական խնդիրների բացահայտումը՝ համալիր  հետազոտությունների իրականացման միջոցով։ 

 

Ինչ վերաբերում է գիշերամիզությանը (էնուրեզ), ապա 2024 թվականի ապրիլի 18-ին ՀՀ կառավարության N 534-Ն որոշմամբ կատարված օրենսդրական փոփոխությամբ՝ պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողները, ովքեր նախկինում, ըստ ՀՀ ՊՆ-ի, ծառայության ընթացքում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ  փորձաքննության ենթարկվելուց հետո՝ հաստատված և առանց նյարդային, հոգեբուժական կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանիշներ դեպքում ճանաչվում էին ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար և վաղաժամ զորացրվում զինվորական ծառայությունից, նոր կարգավորմամբ ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և շարունակում զինվորական ծառայությունը։ Ակնհայտ է, որ զինված ուժերում նման խնդրով ի սկզբանե զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները նույնիսկ հատուկ, առանձնացված զորամասերում ծառայության նշանակվելու դեպքում ենթարկվում են խարանավորման, որը կարող է հանգեցնել ծանր հոգեբանական վիճակների, դեպրեսիայի, լարվածության, որոնք իրենց հերթին կարող են բացասաբար ազդել ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետության վրա։ 

 

ՀՀ ՊՆ-ի կողմից որպես կառավարության որոշման փոփխության նախագծի հիմնավորում  ներկայացվել է 2022 թվականին զինվորական ծառայության ընթացքում գիշերամիզության առաջին անգամ հայտնաբերման 10 դեպքի, 2023 թվականի ընթացքում 33 դեպքի մասին, որոնց դեպքում զինծառայողները օրվա հեշտացված կարգացուցակով ծառայություն անցնող ևս 66 զինծառայողների հետ միասին վաղաժամկետ արձակվել են  պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։  

 

2024 թվականի մարտին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղված գրությամբ հայտնել էր սույն դրույթը անփոփոխ թողնելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նշված խնդրով զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրված զինծառայողների ոչ մեծ թիվը։

 

Մինչդեռ, ՀՀ ՊՆ-ն դրույթն անփոփոխ թողնելը համարեց ոչ նպատակահարմար, տեղեկացնելով, որ «գիշերամիզություն ունեցող որևէ զինծառայողի խարանի ենթարկելու կամ հոգեբանական ծանր կացության մեջ դնելու կամ դեպրեսիայի կամ ինքնասպանության փորձի և ինքնասպանության հասցնելու դեպք չի արձանագրվել»։

 

Նշենք, որ դեռևս 2018 թվականին, երբ Կառավարության N 404-Ն որոշմամբ սահմանվեց գիշերամիզությամբ զորակոչիկների զինվորական ծառայությանը պիտանիության դրույթը, արձանագրվեցին խնդիրներ ծառայության իրականացման ընթացքում վերջիններիս խարանավորման հետ կապված, երբ, օրինակ, զինծառայողները արձակման դուրս գալիս հստակ գիտակցում են, որ զորամասի մոտակայքում ապրող բնակիչները  գիտեն իրենց առողջական խնդրի մասին։

 

Այսպիսով, գտնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 18-ին ՀՀ կառավարության N 534-Ն որոշմամբ կատարված փոփոխությունները չեն բխում զորակոչիկների և զինծառայողների շահերից, կատարված փոփոխությունը հանդիսանում է զորակոչիկների և զինծառայողների իրավունքների վիճակը վատթարացնող իրավական ակտ, քանի որ զորակոչիկներին մտավոր հետամնացության առկայությամբ զինվորական ծառայությանը պիտանի ճանաչելու դեպքում իրականացված  փոփոխությունները պարունակում են վերջիններիս առողջական վիճակի վատթարացման ռիսկեր, գիշերամիզության առկայությամբ զորակոչիկներին  և զինծառայողներին զինվորական ծառայությանը պիտանի ճանաչելու դեպքում  նման խնդիրներով զինծառայողները կհայտնվեն  հոգեբանական ավելի ծանր վիճակում՝ իրենց նկատմամբ իրական խարանի դրսևորումների հետևանքով։ 

 

Ինչ վերաբերում է կիստաների ախտորոշմանը, Կազմակերպությունը գտնում է, որ անհրաժեշտ է զորակոչիկներին ենթարկել համալիր բժշկական հետազոտությունների պետական միջոցներով և ոչ թե թողնել այդ պարտականությունը քաղաքացիների վրա։ Միաժամանակ անհրաժեշտ է զորակոչիկներին հետազոտություններ ցանկում ներառել նաև թանկարժեք բժշկական հետազոտությունների իրականացումը՝ խուսափելու համար թերի և ոչ օբյեկտիվ հետազոտությունների իրականացման արդյունքում զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար պիտանի ճանաչելու և դրա հետևանքով վերջիններիս առողջական վիճակի վատթարացման և  իրավունքների խախտման դեպքերից։

 

Ի վերջո, որևէ քննության չի դիմանում, նման փոփոխությամբ, ի հաշիվ մարդկանց վիճակի վատթարացման, փորձել լուծել ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների կանխման խնդիրը։

Դիտումներ՝ 57

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????