Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անժամկետ պարտատոմսեր թողարկելու հիմնավորվածությունը. Ջորջ Սորոս

May 18, 2020

Գրադարան

Հեղինակ՝ Ջորջ Սորոս

 

9-ը մայիսի, 2020 թ.

 

Մի քանի շաբաթվա ընթացքում իշխանությունները ստիպված են լինելու կայացնել որոշումներ, որոնք կկանխորոշեն Եվրոպական միության ճակատագիրը: Եվրամիությունը կարող է կա՜մ համախմբվել և բավարարել իր քաղաքացիների ակնկալիքները և հավակնությունները, կա՜մ շարունակելու է կազմաքանդվել:

 

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա վան դեր Լեյենն ասում է, որ Եվրոպային մոտ 1 տրիլիոն եվրո է պետք նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Նա չի նշում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, որի համար անհրաժեշտ կլիներ լրացուցիչ մոտ նույնչափ գումար: Ես կարծում եմ, որ այդպիսի մեծ գումար ներգրավելու միայն մեկ տարբերակ կա՝ անժամկետ պարտատոմսերի թողարկումը:

 

Եվրոպական հանրությունը և առաջնորդները ծանոթ չեն անժամկետ պարտատոմսերին, սակայն վերջիններս վաղեմի պատմություն ունեն: Կոնսոլիդացված պարտատոմսեր՝ «կոնսոլներ» (անգլ.՝ «consols») առաջինը թողարկեց Բրիտանիան՝ 1752 թվականին, հետագայում դրանց հաշվին ֆինանսավորելով Նապոլեոնական կամ Ղրիմյան պատերազմները, «Ստրկության վերացման մասին» օրենքը, «Իռլանդական ճգնաժամի» վարկը և Առաջին համաշխարհային պատերազմը: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը 1870 թվականին թույլատրեց «կոնսոլներ» թողարկել՝ կոնսոլդացնելով (համախմբելով) Քաղաքացիական պատերազմի տարիներին կուտակված պարտքերը:

 

Ինչպես անունն է ենթադրում՝ անժամկետ պարտատոմսի դրամագլուխը երբեք անհրաժեշտ չի լինի մարել. մարման ենթակա կլինեն միայն տարեկան տոկոսագումարները: 0.5% տոկոսադրույքով 1 տրիլիոն եվրոյի պարտատոմսեր թողարկելու դեպքում սպասարկման տարեկան ծախսը կարժենար մոտ 5 միլիարդ եվրո: 1 տրիլիոն եվրոն պարտադիր չէր լինի միանգամից թողարկել, այլ՝ կարելի էր տեղաբաշխել չափաբաժիններով: Առաջին չափաբաժինները միանգամից կգնեին երկարաժամկետ ներդրողները, ինչպիսիք են օրինակ ապահովագրական ընկերությունները, և երբ այլ ներդրողները ծանոթանային անժամկետ պարտատոմսերի հետ, հետագա փուլերում հնարավոր կլիներ դրանք տեղաբաշխել ավելի շահեկան պայմաններով: Ցածր տոկոսադրույքների ներկայիս միջավայրում Գերմանիան կարողացավ 30 տարի ժամկետով պարտատոմսերը վաճառել բացասական եկամտաբերությամբ:

 

Վճարվող տարեկան տոկոսագումարի հարաբերակցությունը ներգրավվող դրամագլխին 1:200-ի է: Իհարկե, տոկոսներն անհրաժեշտ կլինի վճարել տարեկան կտրվածքով, բայց ապագա վճարումների բերված արժեքը շարունակաբար նվազում է՝ ի վերջո մոտենալով, բայց՝ չհասնելով զրոյի: 5 միլիարդ եվրոն չնչին վճարում է՝ հրատապ կարգով անհրաժեշտ 1 տրիլիոն եվրո ներգրավելու դիմաց: Դա Եվրոպայի վերջին բյուջեի մոտ 2.5%-ն է և 1%-ից մի փոքր ավելի է, քան ներկայումս քննարկվող հաջորդ բյուջեն:

 

Անժամկետ պարտատոմսերի տարբերակը, սակայն, լուրջ քննարկման առարկա չդարձավ ապրիլյան գագաթնաժողովում: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզն առաջարկեց գաղափարը, սակայն նրան արհամարհեցին: Քննարկումը կենտրոնացավ այն գումարների շուրջ, որոնք կարելի կլինի հայթայթել՝ ավելացնելով հաջորդ բյուջեի մեծությունը: Հանդիպումից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա վան դեր Լեյենն սկսեց խոսել ոչ թե տրիլիոններով, այլև՝ միլիարդներով: Ըստ երևույթին, ցավալի ինչ-որ սխալ է տեղի ունեցել:

 

Ենթադրությունս այն է, որ անժամկետ պարտատոմսեր թողարկելու գաղափարը մերժվել է, քանի որ դա նորամուծություն է, որը գոյություն չուներ այն ժամանակ, երբ կազմվեց Եվրոպական միության գործունեության մասին պայմանագիրը: Բացառիկ հանգամանքներում, սակայն, բացառիկ միջոցառումներ են պահանջվում: Այդ պարտատոմսերը չպետք է թողարկվեն սովորական ժամանակաշրջանում:

 

Եթե Եվրամիությունն անկարող է ներկայիս բացառիկ հանգամանքներում դիտարկել անժամկետ պարտատոմսեր թողարկելու տարբերակը, ապա հնարավոր է, որ այն չկարողանա վերապրել ներկայումս ծառացած մարտահրավերները: Դա տեսական հնարավորություն չէ, այլ՝ ողբերգական իրականություն: Կորոնավիրուսը և կլիմայի փոփոխությունները սպառնում են ոչ միայն մարդկանց կյանքին, այլ նաև՝ մեր քաղաքակրթության գոյատևմանը:

 

Եվրոպական միությունն հատկապես խոցելի է, քանի որ հիմնված է իրավունքի գերիշխանության վրա. վերհիշենք հայտնի ասացվածքը՝ արդարադատության անիվները շատ դանդաղ են պտտվում: Ի հակադրություն, նոր տիպի կորոնավիրուսը շատ արագ և անկանխատեսելի հետագծով է տեղաշարժվում: Ահա՜ թե ինչու է Եվրամիությանն անհրաժեշտ անժամկետ պարտատոմսեր թողարկել:

 

Ցանկանում եմ բացատրել, թե ինչու են Եվրոպային այսօր անհրաժեշտ անժամկետ պարտատոմսերը: Դրանք չի կարելի շփոթել «կորոնապարտատոմսերի» հետ, որոնք մերժվել են, ընդ որում՝ պատշաճ հիմնավորմամբ. «կորոնապարտատոմսերը» բաժանարար են՝ դրանք խորացնում են Հյուսիսի և Հարավի միջև առանց այն էլ գոյություն ունեցող ճեղքվածքը և բաժանումներ են ստեղծում նաև Արևելքի և Արևմուտքի միջև, հին անդամների և նոր անդամների միջև: Ի հակադրություն՝ անժամկետ պարտատոմսերը միավորող են: Դրանք Եվրամիությանը և վերջինիս բոլոր անդամներին կբերեն այնպիսի ծավալի ֆինանսական միջոցներ, որոնք անհամեմատ ավելի մեծ կլինեն, քան՝ Եվրոպական բյուջեի ներկայիս հնարավորությունները: Դրանք կարող են օգնել Եվրամիությանը՝ բավարարելու իր քաղաքացիների ակնկալիքները և հավակնությունները:

 

Ծախս-օգուտ վերլուծության արդյունքներն ակնհայտ են. օգուտները անհամաչափորեն ավելի մեծ են, քան ծախսերը: Ուստի, բյուջետային ռեսուրսների աննախադեպ ծավալ է հասանելի դառնում: Եթե Եվրամիությունն իր անունից պարտատոմսեր թողարկի, այն կկարողանա գումարը բաշխել ամենամեծ կարիքներն ունեցող պետություններին՝ հիմնվելով Հանձնաժողովի և կառավարությունների կողմից որոշումների վրա, և առաջնորդվելով փոխհամաձայնեցված կանոններով և բյուջետային ընթացակարգերով: Լրացուցիչ ծախսերը ֆինանսավորելու համար նոր օրենսդրության կարիք չի լինի: Անժամկետ պարտատոմսեր թողարկելու որոշումը պետք է կայացվի մինչև ամառ, քանի որ առանց դրա Իտալիան մինչև աշուն կսնանկանա: Դա ծանրագույն հարված կլինի Եվրամիության համար:

 

Գումարի ամենամեծ կարիքն ունեցողներին ֆինանսական միջոցներ տրամադրելու կարողությունը վիթխարի հնարավորություններ կբացի: Գումարի մեծ մասը կուղղվի հարավային պետություններին, քանի որ այս իրավիճակում ամենաշատը նրանք են տուժել: Բայց դրանք կարող են ուղղվել նրանց, ովքեր ամենախոցելին են: «Կարիտաս Եվրոպա» կաթոլիկ բարեգործական հիմնադրամը վերջերս շատ հետաքրքիր վերլուծություն է հրապարակել՝ անդրադառնալով չձևակերպված միգրանտ աշխատողներին, ովքեր հիմնականում աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, ապրում են սոսկալի պայմաններում, որոնք վարակի արագ տարածման օջախներ են ստեղծում: Նրանց գումարենք սիրիացի և այլ փախստականներին, ում Թուրքիայից արտամղեցին Հունաստան. ահա՜ և վարակի տարածման հիմնական աղբյուրները: Նրանք ոչ թե իրենց հետ են բերում վիրուսն, այլ՝ վարակվում են ժամանման երկրում, որտեղ ստիպված են լինում ապրել ահավոր պայմաններում: Նրանց կարգավիճակն օրինականացնելը կփրկեր ոչ միայն նրանց կյանքերը, այլ նաև՝ ընդհանուր բնակչության կյանքերը՝ վերահսկելի դարձնելով վիրուսը:

 

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում մեկ տրիլիոն եվրոն իրականում կարող էր հասնել իր առջև դրված նպատակին: Նույնը վերաբերում է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին մեկ տրիլիոն եվրո հատկացնելուն:

 

Անժամկետ պարտատոմսեր թողարկելու նպատակահարմարությունն այնքան հիմնավորված է, որ հակառակն ապացուցելու բեռը տեղափոխվում է դրան ընդդիմացող անձանց վրա: Այո, դա կառաջացնի նաև պարտքերի միավորում (մուտուալիզացիա), սակայն դա խիստ անէական հետևանք է, եթե համեմատենք սպասվող լայնամասշտաբ օգուտների հետ: Շատ քիչ ժամանակ է մնացել անժամկետ պարտատոմսերի ընձեռած հնարավորությունն հասկանալու և գնահատելու համար:

 

osf.am

Դիտումներ՝ 432

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????