Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀԿ-ների գործունեության սահմանափակումների մասին ԵԽԽՎ բանաձևը և իրավիճակը Հայաստանում

March 3, 2021

Հրապարակումներ | Նորություններ

ԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում ՀԿ-ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ ընդունել է բանաձև և դրա հիման վրա առաջարկներ ներկայացրել ԵԽ անդամ պետություններին։ Մենք ներկայացնում ենք Վեհաժողովի առաջարկություններն ու դրանց հետ կապված իրավիճակը Հայաստանում։

 

Վեհաժողովը հիշեցնում է, որ հասարակական կազմակերպությունները բաց և ժողովրդավարական քաղհասարակության գլխավոր ինստիտուտներից  են և կարևոր նեդրում ունեն ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների զարգացման և իրագործման հարցում: Սակայն քաղհասարակության գործունեության տարածքը շարունակում է փոքրանալ Եվրոպայի խորհրդի մի շարք երկրներում, մասնավորապես՝ մարդու իրավունքների ոլորտում աշխատող ՀԿ-ների դեպքում, ինչը Վեհաժողովը մտահոգիչ է համարում։ Որոշ ՀԿ-ների շուրջ ծավալվում են զրպարտող արշավներ, և նրանց ակտիվիստները սպառնալիքներ են ստանում և հաշվեհարդարների ենթարկվում:

 

Նշենք, որ թիրախավորվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքները խթանող ՀԿ-երը։ Այսօր մենք տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո որոշ հասարակական խմբեր հանդես են գալիս մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների դեմ, թիրախավորում են այդ արժեքների հիման վրա տարիներ շարունակ գործող ՀԿ-երին, սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին, իսկ ներկայիս իշխանությունները պատշաճ չեն դիմագրավում և կանխում նման հարձակումները։

 

Որոշ խմբավորումներ հանդես են գալիս որպես ՀԿ-ներ, որոնց գործունեության հիմքում ատելության խոսքն ու խտրականությունն է, նրանք պայքարում են մարդու իրավունքների և ժողովրդավար արժեքներով առաջնորդվող ՀԿ-ների դեմ։

 

Նման հարձակումների մենք վերջին երեք տարիների ընթացքում ականատես եղանք Հայաստանում։ Դրանք արտահայտվում են սոցիալական ցանցերում ուղղորդված ապատեղեկատվություն տարածելու և գրասենյակների վրա հարձակումների միջոցով։ Մասնավորապես՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի գիշերը հանձակում տեղի ունեցավ ԲՀՀ-Հաաստանի գրասենյակի վրա, ինչը մինչ օրս չի արժանացել իշխանությունների գնահատականին։ 

 

Զրպարտող արշավի վառ օրինակ է 2021 թվականի հունվարի 22-ին ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության համար հրավիրված ԱԺ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթը։ Վերջինիս կարծիքով՝ թեկնածուներից մեկը, լինելով ԲՀՀ-Հայաստանի աշխատակից, գործել է ընդդեմ Հայաստանի, և այդ փաստը, համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձանագրության, վատ է ազդում թեկնածուի վարկանիշի վրա։

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իհարկե արձագանքեց և հայտնեց, որ Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը ներկայացված չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունում։

 

ՀՔԱՎ-ը նամակով դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և նրա ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անտեսելով պատգամավորի դերն ու առաքելությունը ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքների ամրապնդման գործում, իր հայտարարությամբ արժեզրկում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքները։

 

ՀՔԱՎ-ը հորդորել է ԱԺ նախագահին պատգամավոր Թագուհի Թովմասյանի վարքագծի վերաբերյալ դիմել պատգամավորական էթիկայի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով և դրա միջոցով տալ համարժեք  գնահատական՝ պատգամավորների կողմից նմանատիպ հակասահմանադրական, հակաժողովրդավարական և մարդու իրավունքներն արժեզրկող  վարքագծին։

 

ԵԽԽՎ 2021 թվականի ձմեռային նստաշրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նարիա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, անդրադառնալով ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու անօրինական կալանավորման հարցին, հայտնել էին, թե իբր  Հայաստանում «սորոսականները» կործանարար դեր են խաղում։

 

Մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանը, Ա․ Նավալնուն որակելով  «սորոսական»,   զուգահեռներ անցկացրեց ՀՀ-ի հետ՝ նշելով, որ «սորոսի» մետաստազները քանդում են երկրների արժեքային համակարգը, ինչպես դա արել են Հայաստանում։

 

Նույն միտքը արտահայտեց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ «սորոսականները», աջակցելով հեղափոխությանը և օգտագործելով արդարության դեֆիցիտը, իրագործեցին ապազգային քաղաքականություն և հանգեցրին  պարտության։

 

Նշված օրինակներով Ազգային Ժողովի պատգամավորները նպատակաուղղված արշավ են իրականացնում, որի թիրախում Հայաստանի ՀԿ-ներն են։

 

Արշավի համար օգտագործվում է մինչև անգամ ԵԽԽՎ-ի նման միջազգային կառույցի հարթակը,  որը հռչակում և պահպանում է հասարակական կազմակերպությունների գործունեության համար անհրաժեշտ սկզբունքները։

 

Վեհաժողովն արձանագրում է նաև, որ արտերկրից ֆինանսավորում ստացող ՀԿ-ների համար որոշ երկրներում մեծանում են հաշվետվություններ ներկայացնելու և տեղեկատվությունը հանրայնացնելու պարտավորությունները։ Օրենսդրական փոփոխությունների հիմքում են դրվում ահաբեկչության, փողերի լվացման կամ օտարերկրյա քաղաքական ազդեցության դեմ պայքարը։ Վեհաժողովը շեշտում է, որ պետությունները պետք է հստակ տարանջատեն «հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունները» և «տեղեկատվությունը հանրայնացնելու պարտավորությունները»։

 

Հայաստանի դեպքում գործածության մեջ դրվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծի հիմքում ՖԱԹՖ 8‑րդ հանձնարարականի պահանջներն են, համաձայն որոնց՝ երկրները պետք է ուսումնասիրեն ահաբեկչության ֆինանսավորման նպատակով ռիսկերը։

 

ՀՔԱՎ-ը այս նախագիծը որակել էր որպես հրապարակայնության քողի տակ պետության անհարկի միջամտության միջոց, որը կարող է գնահատվել որպես ՀԿ-ների գործունեության խոչընդոտում:

 

Վեհաժողովն ուրախություն էր հայտնել, որ  որոշ անդամ պետություններ փոխել են ՀԿ-ներին առնչվող իրենց օրենսդրությունը և ստեղծել քաղհասարակության գործունեության համար նպաստավոր միջավայր։

 

Լիահույս ենք, որ մոտ ապագայում Հայաստանը ևս հաշվի կառնի Վեհաժողովի առաջարկությունները, կստանձնի իր պարտավորությունները և կաջակցի քաղհասարակության՝ ժողովրդավար ու բաց պետության ձևավորման ուղղությամբ գործունեությանը։

 

Հասարակական կազմակերպությունների գործունեության համար պետության կողմից անհրաժեշտ պայմանների ապահովումը ենթադրում է ոչ միայն օրենսդրական երաշխիքների ձևավորում, այլ նաև հասարակական կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների դեմ ատելության խոսքի, սպառնալիքների դեպքերի կանխարգելում, ինչպես նաև նման դեպքերի վերաբերյալ հստակ դիրքորոշումների ներկայացում, արդյունավետ քննության իրականացում։ 

Դիտումներ՝ 208

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????