Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պարզաբանումներ ցմահ ազատազրկված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման խնդրի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կառույցների մոտեցումների մասին

January 17, 2019

Գործունեություն | Համատեղ | Հայտարարություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Վերջին օրերին հասարակական քննարկման ուշադրության կենտրոնում էին գտնվում ցմահ ազատազրկված անձանց պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հարցերը: Ամենատարբեր մոտեցումներ ներկայացրին թե փաստաբանները, թե փորձագետներն ու մասնագետները, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

 

Կարևորելով հանրային քննարկումներում մարդու իրավունքների սկզբունքների որևէ խեղաթյուրումների բացառումը,  ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող շուրջ 95 ցմահ ազատազրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումները:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում տարանջատում է պատժի վերանայման և պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակման (ցմահ ազատազրկման դեպքում) հնարավորության de jure և de facto բաղադրիչները: Թեև չափահաս կամ տարիքով մեծ անձի նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառելն ինքնին չի ենթադրում անմարդկային վերաբերմունք, սակայն Եվրոպական դատարանը գտնում է, որ անհաղթահարելի պատժի նշանակումը (պատժի փոփոխման, կասեցման, մեղմացման մեխանիզմների բացակայություն) հանգեցնում է անմարդկային վերաբերմունքի։

 

Այն դեպքում, երբ պատժի վերանայման և պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմ նախատեսված է ներպետական օրենսդրությամբ, սակայն անձը de facto չի կարողանում դրանից օգտվել, առկա է անմարդկային վերաբերմունք։

 

«Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի» գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ԵԽ նախարարների կոմիտեն դեռևս 1976թ. վերանայել է երկարատև ազատազրկման և պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ հարցերը, որի վերաբերյալ  ընդունել է բանաձև, որով մասնակից երկրներին, ի թիվս այլ հարցերի, առաջարկել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառել նույն սկզբունքները, որոնք կիրառվում են երկարատև ազատազրկման դատապարտված այլ դատապարտյալների դեպքերում։ Ինչպես նաև առաջարկել է պարբերական հաջորդականությամբ վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժաչափերը։ Իր զեկույցում ենթակոմիտեն հայտարարել է, որ անմարդկային է մարդուն բանտ նստեցնել ամբողջ կյանքի ընթացքի համար՝ առանց ազատ արձակվելու հույսի։

 

Հանցագործության կանխարգելման քաղաքականության տեսակետից ցմահ ազատազրկման շարունակական կիրառումը անձի նկատմամբ, երբ մարդն այլևս վտանգավոր չէ հասարակության համար, կլիներ անհամատեղելի թե դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքի ժամանակակից սկզբունքների հետ, թե իրավախախտների՝ հասարակությանը վերաինտեգրման մոտեցումների հետ։ Ոչ ոք չպետք է զրկված լինի ազատություն վերադառնալու հնարավորությունից։

 

«Վինտերն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ եվրոպական փորձը առաջարկում է մասնակից երկրներին հաշվի առնել, որ գոյություն ունի ազատազրկման առավելագույն սահման, այն կարող է արդարացված լինել որպես պատիժ, որը կրելուց հետո մարդասիրությունը պահանջում է, որ իրավախախտին տրվի հնարավորություն ցուցադրելու, որ ինքը արժանի է, որ իրեն թույլ տան վերադառնալ հասարակություն։

 

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն իր «Փաստացի/իրական ցմահ ազատազրկում» զեկույցում արձանագրել է, որ Կոմիտեն ունի լուրջ դիտողություններ այն հասկացության վերաբերյալ, որ ցմահ ազատազրկման դատապարտվածները մշտապես սպառնալիք են հանդիսանում հասարակության համար և զրկված են ժամկետից շուտ ազատ արձակվելու  որևէ հույսից։

 

Փաստաթղթում եզրակացություն է արվել, որ ազատազրկվածների ոչ մի կատեգորիա չպետք է «խարանվի» այնպես, որ նրանք ողջ բնական կյանքը պարտադիր անցկացնեն բանտում, և նրանց ազատություն վերադառնալու ոչ մի մերժում երբեք չպետք է լինի վերջնական, նույնիսկ, եթե անձը վերադարձել է բանտ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները խախտելուց հետո։

 

Կարևոր ենք համարում նշել, որ Եվրոպական դատարանի, Եվրոպայի խորհրդի մոտեցումներում ցմահ ազատազրկվածների նկատմամբ պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրների լուծման հիմքում ընկած են բացառապես ցմահ ազատազրկվածի տվյալները, ազատազրկման ընթացքում նրա վարքագիծը, հասարակություն վերադառնելու նրա պատրաստվածությունը:

 

Պայմանական վաղաժմկետ ազատվելու իրավունքը յուրաքանչյուր դատապարտված անձի, այդ թվում՝ ցմահ ազատազրկվածի, մարդու հիմնարար իրավունքն է:

 

 

Հայաստանի Հելսինկյան Կոմիտե

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

 

17 հունվարի 2019թ.

 

Դիտումներ՝ 1103

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????