Այլ | Գործունեություն | Համատեղ | Հայտարարություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Բնապահպանության, աշխատանքային իրավունքների և սոցիալական արդարության ոլորտում խախտումների քարտեզագրման և տարբեր շահակիցներին առաջարկությունների ներկայացման համար 2019թ. ապրիլի 23-ին Երևանում հրավիրվել է «Կորպորատիվ հաշվետվողականություն անցումային արդարադատությունում ու դրանից անդին եւ իրավապաշտպանների դերը» կլոր սեղան Բիզնեսի և մարդու իրավունքների ռեսուրսային կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից։ Կլոր սեղանին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ գործադիր, դատական և օրենսդիր մարմիններից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվամիջոցներից և գործարար ոլորտից։ Քննարկման արդյունքում վեր են հանվել որոշ խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիներ, որոնք պետություն - մասնավոր հատված - քաղաքացիական հասարակություն համագործակցության շնորհիվ հիմք կծառայեն նշված ոլորտներում անցումային արդարադատության իրականացման և խախտումների հետագա կանխարգելման համար:
Ավանդաբար անցումային արդարադատությունը վերաբերում է վնասների վերականգման, մարդու իրավունքների խախտման համար քրեական պատասխանատվության կիրառման, բարեփոխումների իրականացման և հաշտեցման նպատակով պետության կողմից իրականացվող գործողություններին։ Սակայն արդարության ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ է դիտարկել նաև ոչ պետական գործիչների և հատկապես մասնավոր հատվածի դերը և բացահայտել մասնավոր ընկերությունների կողմից վնասների վերականգնման հնարավորությունները, քանի որ ավտորիտար ռեժիմները հաճախ օգտագործում են օլիգարխներին որպես մարդու իրավունքների խախտման գործիք և հիմնական դերակատար՝ փոխարենն առաջարկելով բիզնեսի արտոնություններ, անվտանգություն և շարունակականություն: Անցումային արդարադատության օրակարգով առաջ շարժվելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք և ինչպես է մասնավոր հատվածը ներգրավված եղել Հայաստանում մարդու իրավունքների համակարգային խախտումներում մինչ «Թավշյա» հեղափոխությունը և թե արդյոք/ինչպես այն պետք է ենթարկվի պատասխանատվության կամ այլ կերպ ներառվի վնասների վերականգման գործընթացում:
2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հնարավորություն են տալիս ավելի ինտենսիվ ձևով անդրադառնալ մարդու իրավունքների և շրջակա միջավայրի ոլորտներում մտահոգություններին քան երբևէ: Ավելի ժողովրդավարական միջավայրը թույլ է տալիս խիզախորեն բարձրաձայնել խնդիրները և լուծումներ փնտրել քաղաքացիական հասարակությունում, ինչպես նաև պետական հատվածի հետ համագործակցության մեջ: Փոփոխությունները նաև տարածք են ստեղծում հրավիրելու մասնավոր հատվածին մասնակցելու գործընթացներում, որոնք նպատակ ունեն իրենց գործունեության ազդեցությունը կրող շահառուների հետ ավելի առողջ հարաբերություններ կառուցել: Սա հարգանքի, վստահության և թափանցիկության մթնոլորտի ստեղծման փոխշահավետ ուղի է:
Տնտեսական հեղափոխությունը, որը շրջանառության մեջ է դրվել վարչապետի կողմից՝ որպես քաղաքական հեղափոխության շարունակություն, ի սկզբանե դիտարկվում էր որպես շուկայի ազատականացում, կոռուպցիայի կամ մենաշնորհի տեսքով խոչընդոտների վերացում և տեղի ու արտասահմանյան ներդրողներին գրավող պետական քաղաքականություն: Սակայն, հաշվի առնելով մասնավոր հատվածի ներդրումների աճը այնպիսի գործողություններում, որոնք անդրադառնում են հասարակության մեծ մասի վրա, թե աշխատաշուկայի սուբյեկտի իր ավանդական դերում, թե որպես ավելի նոր՝ հանրային ծառայություններ մատուցող, առավել կարևոր է դառնում մարդու իրավունքների պաշտպանության և հարգանքի պահանջի ներկայացումը թե՛ պետական, և թե՛ մասնավոր հատվածի նկատմամբ: Տեղական և արտասահմանյան ներդրողներին գրավելուն միտված կառավարության քաղաքականության և այս փոփոխությունը որպես տնտեսական հեղափոխություն բնութագրելու լույսի ներքո ճիշտ ժամանակն է ընդգծել, որ բիզնես գործողություններում իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության ներառումը տնտեսական հեղափոխության նույնքան կարևոր տարր է, որքան բիզնեսների և ներդրողների գործունեության այլ խթանների զարգացումը: Հետևաբար, այս անցումային շրջանում կարևոր է բարձրացնել պատասխանատու ներդրումների և կորպորատիվ հաշվետվողականության խնդիրները, որոնք բխում են ՄԱԿ-ի՝ բիզնեսի և մարդու իրավունքների վերաբերյալ ուղենիշային սկզբունքներից: Այս սկզբունքները հենված են երեք հիմնասյուների վրա և հիշեցնում են պետություններին մարդու իրավունքները (այդ թվում նաև երրորդ կողմի խախտումներից) պաշտպանելու պարտավորությունը, մասնավոր դերակատարներին՝ մարդու իրավունքները հարգելու պարտավորությունը, ինչպես նաև վնասների վերականգման մեխանիզմների առկայությունը:
Ըստ առանձին ոլորտների առաջարկություններով փաստաթուղթն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Leave a Reply