Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Լուկաշենկոյի հայտարարությունը ոտնձգություն է պետության ինքնիշխանության նկատմամբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին՝ դրանք համարելով անընդունելի և նվաստացուցիչ։

 

Ըստ Սաքունցի՝ սա այնպիսի արտահայտություն է, որն առնվազն արժանի է խիստ քննադատման և անհամատեղելի է հավասար գործընկերային հարաբերության շրջանակներում. «Սա ուղերձ է ՀՀ ներկա իշխանություններին և նաև քաղաքական ուժերին, որոնք առնվազն ներկայացված են ԱԺ-ում, թե ինչպես է ընկալում գործընկեր պետության ղեկավարը Հայաստանի իրական տեղը և դերը այդ միջպետական կառույցում, որը պարտավորություն ունի ապահովելու անվտանգություն։ Եվ սա պետք է, որ մտահոգի Հայաստանի քաղաքական վերնախավին ու պետք է անպայման բողոքի նոտա առաջ բերի՝ Լուկաշենկոյի մուտքը Հայաստան արգելելով»։

 

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարել է, թե Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը մեծ հավանականությամբ կարող է միանալ նաև Հայաստանը։ Լուկաշենկոն հավելել է, թե Հայաստանը ոչ մի տեղ չունի գնալու և ոչ մեկին պետք չէ:

 

Սաքունցը նաև հիշեցրեց, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական հանրապետության միանալու մասին առաջին անգամ չեն խոսում. «Հայաստանում երբեք չի եղել միութենական պետության կազմի մեջ մտնելու մասին որևէ հայտարարություն և դիրքորոշում որևէ իշխանության կողմից, բայց մեկ բան է հայտարարություն և դիրքորոշում ունենալ, մեկ այլ բան է գործողություններով նպաստելը»։

 

radar.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ