0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Ա․ Ռազգիլդեևի ձերբակալման վայրը ՀՀ ք․ Գյումրին է նշված, բայց վարույթն իրականացնող մարմինը նրան ՀՀ քրեակատարողական հիմնարկ չի տեղափոխում

August 1, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը հերթական անգամ մերժել է ռուս զինծառայող Ա․ Ռազգիլդեևի ծեծից հետո անցած տարվա դեկտեմբերին Գյումրիում մահացած Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը։

 

Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցը, փաստաբաններ Ա․ Զալյանն ու Հ․ Հակոբյանը միջնորդել էին քննչական ու դատավարական գործողություններ կատարել գործում տեղ գտած որոշ հանգամանքների շուրջ, այդ թվում՝ կրկին ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ Ա․ Ռազգիլդեևի ձերբակալման մասին արձանագրության մեջ որպես ձերբակալման վայր նշված է «ք․ Գյումրի», սակայն հստակեցված չէ կոնկրետ վայրը։ Այնուամենայնիվ քննիչը որոշել է Ա․ Ռազգիլդեևին հանձնել ռուսական ռազմաբազային։

 

Նրանք նշել են, որ քրեական գործի նյութերում ապացույց չկա այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի և ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները համատեղ են հայտնաբերել և ձերբակալել Ա․ Ռազգիլդեևին։ Ավելին՝ մեղադրյալին ռուսական ռազմաբազա ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչը։ Քանի որ որևէ հիմք չկա պնդելու, որ ռազմաբազա չտեղափոխելը կարող էր հակասել ՌԴ օրենսդրությանը, ինչպես նախկինում նշել էր վարույթն իրականացնող մարմինը, կրկին միջնորդել էին միջոցներ ձեռնարկել Ա․ Ռազգիլդեևին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար։

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդել էին նաև պարզել, թե արդյոք Ջ․ Ղուկասյանին պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվել, և ինչ ընթացակարգով է Ա․ Ռազգիլդեևը ծառայության անցել Գյումրիի ռուսական ռազմաբազայում, արդյոք պահպանվել են ընթացակարգերն ու չափորոշիչները։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահն ու փաստաբանները միջնորդությամբ անհասկանալի էին համարել, թե ինչու Ա․ Ռազգիլդեևին մեղադրանք չի առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով (սպանությունը), և նշել էին, որ հանցագործության շարժառիթը բացահայտված չէ։

 

Նշենք, որ Ա․ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ)։

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Վ․ Սամվելյանը 2019թ․ հուլիսի 8-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է միջնորդությունը՝ որոշ գործողություններ համարելով անհիմն, որոշներն էլ՝ արդեն կատարվող կամ նախատեսված։

 

Մասնավորապես՝ ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասով քննիչը անհրաժեշտ չի համարել ձերբակալման արձանագրության մեջ կոնկրետ վայրը նշելը և հավելել․ «նույն տրամաբանությամբ որպես վայր պետք է հասկացվի շինությունը, դրա տեսակը, սենյակը, գրասեղանը և այլն»։

 

Ա․ Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցին անդրադառնալն էլ քննիչը համարել է հիմնազուրկ և նշել, որ այդ հարցը քննարկվել է տարբեր ատյաններում, տրվել են սպառիչ պարզաբանումներ։

 

Ա․ Ռազգիլդեևին առաջադրված մեղադրանքի մասով քննիչ Վ․ Սամվելյանը պնդել է, որ ձեռք բերված ապացույցները վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մասին և քանի դեռ շարժառիթը բացահայտված չէ, «խուլիգանական կամ այլ դրդումների մասին խոսք լինել չի կարող»։

 

Նշենք, որ Ա․ Սաքունցն ու Ա․ Զալյանը 2019թ․ հուլիսի 19-ին Ա․ Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը մերժելու Շիրակի մարզի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները բողոքարկել է Վճռաբեկ դատարան։

 

Դիտումներ՝ 656

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը