Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան
2018 թ. դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դաժան ծեծի էր ենթարկել ՀՀ քաղաքացի, Գյումրի քաղաքի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանին՝ դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցնելով վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին, այնուհետև դիմել փախուստի: Ստացած վնասվածքներից նույն օրը Ջ. Ղուկասյանը Գյումրու բժշկական կենտրոնում մահացել էր:
Նշված արարքը կատարելու համար Ա. Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի մասին որոշումն ընդունելու պահից նա կրում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը, վերջինիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ, մերժվել էր վարույթն իրականացնող մարմնի, հսկողություն իրականացնող դատախազի կողմից։ Որոշումն անփոփոխ էր թողնվել նաև դրա դատական կարգով վիճարկելու արդյունքում, որից հետո գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ա. Ռագիլդեևի՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կալանքը կրելու հանգամանքով էլ պայմանավորված` գործն ըստ էության քննելու համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվելու օրվանից՝ 2019 թ. օգոստոսի 16-ից մինչ օրս, դատական նիստերը չեն կայանում, քանի որ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարը տարբեր, ակնհայտ ոչ իրավաչափ պատճառաբանություններով հրաժարվում է դատարան ներկայացնել Ա. Ռազգիլդեևին:
Ստեղծված իրավիճակի ողջ պատկերը ներկայացնում ենք սույն հրապարակմամբ: Նախ, հարկ ենք համարում անդրադառնալ Ա. Ռազգիլդեևի՝ կալանքը ռուսական 102-րդ ռազմաբազայում կրելու փաստին և նման պայմաններում պատժի կրման (կալանավորման) իրավական հիմնավորվածությանը: Հանգամանք, որը որոշիչ նշանակություն ունի առ այն, որ մինչ օրս դատարանը չի կարողանում սկսել գործի ըստ էության քննությունը:
Այսպես` թե նախաքննության մարմինը, և թե քրեական գործի հսկողություն իրականացնող դատախազը, մերժելով Ա. Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը, հիշատակում էին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 29.08.1997 թ․-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 8-րդ հոդվածը և պատճառաբանում. «Ձերբակալումից հետո անձին անազատության մեջ պահելու համար Անդրեյ Անդրեևիչ Ռազգելդիևը չէր կարող ռուսական ռազմական բազայի տարածքից տեղափոխվել ազատությունից զրկվածների պահման ՀՀ համապատասխան հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը»։
Սակայն, ինչպես բազմիցս փաստել ենք, սույն քրեական գործի շրջանակներում պետք է կիրառվեր ՀՀ քրեական դատավորության օրենսգիրքը և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, քանի որ Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն. «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»: ՀՀ իրավասու մարմինները, փոխանակ միջոցներ ձեռնարկելու ՀՀ օրենսդրության պահանջները պահպանելու և ՀՀ քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն թույլ տված անձին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ, առանց որևէ իրավական հիմնավորման, պնդում են, թե նման գործողությունը կհակասի ՌԴ օրենսդրությանը` առանց նշելու, թե կոնկրետ որ իրավանորմին է հակասում Ա. Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը: Ինչ վերաբերում է Ա. Ռազգիլդեևի պատժի կրման իրական լինելու հանգամանքին, ապա այս մասով անհրաժեշտ ենք համարում հերթական անգամ փաստել, որ կալանավորման օրվանից առ այսօր տուժողի իրավահաջորդը և վերջինիս ներկայացուցիչները որևէ տեղեկության չեն տիրապետում, թե ինչ պայմաններում է իր կալանքը կրում Ա. Ռազգիլդեևը, արդյոք ենթարկվում է ճնշումների ռազմաբազայի ղեկավարության կամ այլ անձանց կողմից, թե` ոչ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մեր կողմից բարձրացված մտահոգությունների արդյունքում և դիմումի հիման վրա թեև այցելեց Ա. Ռազգիլդեևին, սակայն հայտնեց, որ այցը նպատակ չի ունեցել վերջինիս պահման կամ այլ պայմաններն ուսումնասիրելու և որևէ էական տեղեկություն չհայտնեց: Այսինքն` Ա. Ռազգիլդեևն անհասանելի էր անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար:
Ինչպես արդեն նշեցինք, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործը ստացվելու օրվանից մինչ օրս դատական նիստերը չեն կայանում: Մասնավորապես` դատական նիստերը հետաձգվել են.
Պետք է փաստել, որ նման հիմքերով դատական նիստեր չկայանալու հանգամանքը ՀՀ դատական պրակտիկայում տեղի ունի նաև այլ գործերով քննության ժամանակ: Սակայն այս գործով դատական նիստերի հետաձգման բոլորովին «նոր» հիմնավորումների ենք առնչվում, որոնք որևէ կերպ չեն տեղավորվում ՀՀ դատավարական որևէ օրենսդրության շրջանակներում: Այս առումով անհրաժեշտ ենք համարում մանրամասն ներկայացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության, և այնուհետև, դատարանում մեղադրանքը պաշտպանող կողմի և դատարանի գործողությունները:
Մասնավորապես` 2020 թ. փետրվարի 4-ին նշանակված դատական նիստում ռուսական 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար Ն. Մարտինյուկը միջնորդել էր դատարանին հետաձգել նիստը, քանի որ, ըստ նրա, Ա. Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի ստացել հայկական կողմից։ Նման միջնորդություն ներկայացնելուց հետո ակնհայտ էր, որ ռազմաբազայի հրամանատարության նպատակն իրականում ոչ թե անվտանգության գրավոր երաշխիքներ ստանալն էր, այլ Ա. Ռազգիլդեևին դատական նիստերին չներկայացնելուն խոչընդոտելը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ա. Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ներկայացնելու ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ն. Մարտինյուկի պահանջը զուրկ է որևէ իրավական և փաստական հիմնավորումից։ ՀՀ տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Թվարկված և ոչ մի իրավական ակտով սահմանված չէ քրեական գործով մեղադրյալի և նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ներկայացնելու պահանջ ՀՀ որևէ պետական մարմնի համար։ Այլ կերպ, Ա. Ռազգիլդեևին դատարան չներկայացնելով և վերջինիս ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ներկայացնելու պահանջով հանդես գալով, ռուսական բազան՝ հանձինս իր հրամանատարի և ՌԴ պաշտպանության նախարարության, գործում է ՀՀ-ի որպես ինքնիշխան պետության և նրա Սահմանադրության պահանջներից դուրս` միաժամանակ կոպիտ կերպով խախտելով հայ-ռուսական համաձայնագրերի նորմերի պահանջները։ Նման վարքագծով վերջինս ՀՀ տարածքում խոչընդոտում է արդարադատության իրականացմանը: Մասնավորապես` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ՇԴ/0058/01/19 քրեական գործով ամբաստանյալ Ա. Ռազգիլդեևին դատարան չներկայացնելով և նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ներկայացնելու պահանջով հանդես գալով` ռուսական բազան խոչընդոտում է դատարանի գործունեությանը և դիտավորությամբ չի կատարում դատարանի օրինական պահանջը Ա. Ռազգիլդեևին դատարան ներկայացնելու վերաբերյալ: Եվ քանի որ վերոգրյալ փաստերն իրենց համակցությամբ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության կատարման մասին և որոնք պետք է քննարկման առարկա դառնային ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգի՝ քրեական գործի շրջանակներում և ստանային իրենց քրեաիրավական գնահատականը, Կազմակերպությունը քրեական գործ հարուցելու և հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու հարցով 07.02.2020 թ. դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազին, սակայն այդպես էլ որևէ որոշում չստացավ ներկայացված հաղորդման վերաբերյալ: Արդյունքում Կազմակերպությունը 20.03.2020 թ. դիմեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ Գլխավոր դատախազին պարտավորեցնելու հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի հիմքերով որոշում կայացնելու և այն կազմակերպությանը տրամադրելու պահանջով։ Նշված դատական գործով դեռևս եզրափակիչ դատական ակտ կայացված չէ:
Հանացագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 06.03.2020 թ. դատական նիստին դատարանին միջնորդել էին, որ վերջինս միջոցներ ձեռնարկի արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու համար, մասնավորապես՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշման ընդունմամբ կամ համապատասխան միջնորդությամբ դատախազություն դիմելու միջնորդությամբ: Ներկայացված միջնորդությունն առ այսօր դատարանի կողմից չի քննարկվել, քանի որ մեղադրանքի և պաշտպանության կողմերը դատարան չեն ներկայանում՝ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
2020թ. մայիսի 13-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը դիմել էր գործը քննող դատավոր Ա. Ղուկասյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե թիվ ՇԴ/0058/01/19 քրեական գործով արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու, այն է՝ մեղադրյալ Ա. Ռազգիլդեևին դատարան ներկայացնելու ուղղությամբ դատարանի կողմից ինչ գործողություններ են ձեռնարկվել: Ի պատասխան ներկայացված հարցադրման՝ տրամադրվել են որոշ դատավարական փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունը հաստատում է մեր դիրքորոշումն առ այն, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ի սկզբանե չի ունեցել ցանկություն Ա. Ռազգիլդեևին դատարան ներկայացնելու և նպատակ է հետապնդել դատավարությունն անցկացնելու հենց ռազմաբազայի տարածքում: Մասնավորապես՝ ռուսական բազայի հրամանատար Ն. Մարտինյուկը նախքան գործով նշանակված առաջին՝ 06.09.2020 թ. դատական նիստը, 04.09.2019 թ. դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և հայտնել, որ ՌԴ օրենսդրությունը թույլ է տալիս դատավարությունն անցկացնել միայն ռազմաբազայի տարածքում: Գրությամբ մեջբերելով ՀՀ և ՌԴ միջև 16.03.1995 թ. կնքված «ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի մասին» պայմանագրի, ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 464-րդ հոդվածի 1-ին մասի և «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22 հունվարի 1993 թ. կոնվենցիայի 57-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետի իրավանորմերը, ռազմաբազայի հրամանատարը դիրքորոշում է հայտնել, որ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Ն. Մարտինյուկը մեջբերել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 41-րդ հոդվածի 3-րդ մասը, որը սահմանում է, որ գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ինչպես տեսնում ենք, ռուսական բազայի հրամանատարն Ա. Ռազգիդեևին ՀՀ դատարան ներկայացնելու գործընթացը որակում է որպես ՌԴ քաղաքացու հանձնում այլ պետությանը: Նման մեկնաբանությունն ակնհայտ անհիմն է. նախ, ռուսական բազան գտնվում է ՀՀ տարածքում՝ Գյումրի քաղաքում, ոչ թե ՌԴ տարածքում, իսկ ՌԴ քաղաքացուն հանձնելու իրավական գործընթաց հնարավոր է այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացին գտնվում է միայն ՌԴ տարածքում, բացի այդ, քննարկվող դեպքում հանցագործությունը կատարվել է ՀՀ քաղաքացու նկատմամբ ՀՀ տարածքում, ուստի զուտ իրավական տեսնակյունից հանձնման գործընթաց տեղի ունենալ չի կարող: Հատկանշանական է, որ դատարանը ևս ռազմաբազայի հրամանատարին ուղղված 07.10.2019 թ. պատասխան նամակում հայտնում է նման դիրքորոշում՝ հավելելով, որ անհնար է հանձնել անձին, ով արդեն գտնվում է հարցում կատարող պետության տարածքում, այսինքն՝ ՀՀ-ում: Միաժամանակ, դատարանն անդրադառնալով ռազմական բազայի զինծառայողի անձեռնմխելիության ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի պնդումներին, իրավացիորեն նշում է, որ ՀՀ և ՌԴ միջև 16.03.1995 թ. կնքված «ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի մասին» պայմանագրով նման կարգավորում սահմանված չէ, ուստի այս դեպքում կիրառման է ենթակա Համաձայնագրի 4-րդ հոդվածը, այն է՝ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»: Միևնույն ժամանակ, հիշատակման է արժանի այն հանգամանքը, որ դատարանն իր պատասխան նամակում ռազմաբազայի հրամանատարին հավաստիացնում է, որ Ա. Ռազգիլդեևի և վերջինիս ուղեկցող անձանց անվտանգությունը պատշաճ ձևով կապահովվի դատական նիստերի ընթացքում: Սակայն Ն. Մարտինյուկը հաջորդ գրությամբ հայտնում է, որ տեղական իշխանությունները որևէ ձևով չեն արձագանքել Գյումրու պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Լևոն Բարսեղյանի՝ ռուս զինծառայողների վերաբերյալ հայտարարությանը, որից ինքն իր համար ենթադրել է, թե հիմնավոր կասկածներ կան՝ դատարանի շենքում ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման երաշխիքների վերաբերյալ: Մինչդեռ ակնհայտ է, որ նման դիրքորոշումն ընդամենը առիթ է Ա. Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու համար, քանի որ անկախ գործի հնչեղությունից, մեղադրյալի և նրան ուղեկցող անձանց անվտանգության ապահովման տեսնակյունից որևէ վտանգ մինչ օրս չի եղել, այլ կերպ՝ գործի հնչեղությունը դեռևս մեղադրյալի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հիմք չէ, իսկ դատական նիստերի անցկացման վայրը և դատարանի ունեցած միջոցները լիարժեք բավարար են դատական նիստերը բնականոն հունով անցկացնելու համար:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 41-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ռազմաբազայի տարածքում արդարադատության արդյունավետության շահերից ելնելով արտագնա դատական նիստ անցկացնելուն, ապա նախ և առաջ հարկ է փաստել, որ այս գործով արդարադատություն դեռևս տեղի էլ չի ունեցել, ուստի՝ խոսել մի գործընթացի արդյունավետության մասին, որը դեռ չի էլ սկսվել, ակնհայտ անհիմն ու անտրամաբանական է:
Դատարանին հասցեագրված 24.04.2020 թ. գրությամբ ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարը Ա. Ռազգիլդեևին դատարան չներկայացնելը պայմանավորում է նոր հանգամանքին հղում անելով՝ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակով և առաջարկում է տեսակապի միջոցով իրականացնել դատավարությունը: Դատարանին ուղղված նույնաբովանդակ 18.06.2020 թ. գրությամբ Ն. Մարտինյուկը, ներկայացնելով ՀՀ-ում և Գյումրի քաղաքում համավարակով պայմանավորված իրավիճակը, հայտնում է, որ Ա. Ռազգիլդեևին դատարան ներկայացնելը վտանգում է վերջինիս և նրան ուղեկցող անձանց առողջությունը, միաժամանակ կրկին առաջարկելով դատավարությունն իրականացնել բազայի տարածքում՝ տեսակապի միջոցով: Ինչպես տեսնում ենք, ռազմաբազայի հրամանատարը նոր պատճառաբանություն է գտնում՝ մերժելու համար մեղադրյալին դատարան ներկայացնելը, Այսինքն՝ մինչ համավարակը՝ ռուսական բազայի հրամանատարը որպես պատրվակ օգտագործում էր Ա. Ռազգիլդեևի անվտանգության երաշխքիների բացակայությունը, իսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում այլևս այդ հանգամանքին չի հղում անում, այլ հղում է կատարում համավարակի փաստին: Իսկ տեսակապի միջոցով դատավարություն իրականացնելը հնարավոր չէ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատավարության անցկացման նման կարգ չի նախատեսում: Ինչ վերաբերում է Ա. Ռազգիլդեևի և վերջինիս ուղեկցող անձանց առողջությունը վտանգելու վերաբերյալ պնդումներին, ապա հարկ է փաստել, որ ռազմաբազայի զինծառայողներն իրենց ծառայությունն իրականացնում և բնակվում են Գյումրի քաղաքում՝ այն վայրում, որտեղ, ըստ Ն. Մարտինյուկի պնդումների, կորոնավիրուսի վարակակիրները բավական շատ են, ուստի՝ Գյումրի քաղաքում բնակչության մաս կազմող և ծառայությունից հետո Գյումրի քաղաքում իրենց առօրյա կյանքն ապրող զինծառայողների առողջության վտանգման մասին խոսք լինել չի կարող: Այսպիսով՝ ակնհայտ է, որ ռուսական բազայի հրամանատարի գործողությունները ցույց են տալիս, որ դրանք ուղղված են ամեն կերպ խոչընդոտելու մեղադրյալ Ա. Ռազգիլդեևի մասնակցությունը՝ դատական նիստերին:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի՝ վերը թվարկված գործողությունների շրջանակում հարկ է անդրադառնալ նաև սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանող կողմի՝ դատախազության վարքագծին:
Ինչպես արդեն նշվել է, Ա. Ռազգիլդեևի՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու միջնորդությունը նախաքննության մարմնի կողմից մերժվելուց հետո բողոքարկվել էր Շիրակի մարզի դատախազություն: Քննելով ներկայացված բողոքը՝ հսկողություն իրականացնող դատախազը գտել էր, որ Ա. Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը կհակասեր ՌԴ օրենսդրությանը: Ընդ որում, երբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատական կարգով վիճարկում էին որոշման օրինականությունը, դատախազը դատական նիստերի ընթացքում ևս պնդում էր, որ նման գործընթացը հակասում է ՌԴ օրենսդրությանը: Արդյունքում Ա. Ռազգիլդեևը շարունակեց կալանքը կրել ՌԴ 102-րդ ռազմաբազայում, որի հետևանքով է, որ մինչ օրս չի հաջողվում ապահովել մեղադրյալի ներկայացնելը ՀՀ դատարանին: Ավելորդ է նույնիսկ նշելը, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկում գտնվելու դեպքում վերջինիս ներկայությունը դատական նիստերին ապահովվելու էր նույն ձևով, ինչպես իրականացվում է այլ դատական գործերով կալանքը կրող անձանց դեպքում և նման պայմաններում արդարադատության իրականացման խոչընդոտներ չէին հարուցվի, իսկ դատարանը կկարողանար սկսել գործի՝ ըստ էության քննությունը:
Շարունակելով խոսել դատախազության վարքագծի մասին՝ պետք է շեշտել, որ վերջինս Ա. Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու պարագայում իր իրավասության սահմաններում անհրաժեշտ գործողություններ չի ձեռնարկել նման խոչընդոտները վերացնելու համար: Դեռ ավելին՝ դատախազությունը փաստացի անգործություն դրսևորեց կազմակերպության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ՝ որևէ պատասխան չտրամադրելով կազմակերպությանը:
Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, դատարանի օրինական պահանջը չկատարելու հիմքով քրեական գործ հարուցելու, նշված հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու փոխարեն դատախազությունը նախընըտրեց որևէ գործողություն չձեռնարկել ՀՀ քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն կատարած անձին դատարան չներկայացնող ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ: Հարկ է փաստել, որ ի թիվս այլ իրավիճակների, հենց նման իրավիճակներում է կարևոր դատախազի՝ որպես դատարանում մեղադրանքը պաշտպանող կողմի ակտիվ գործողությունների անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ դատախազությունն իր կարգավիճակից ելնելով պարտավոր է ակտիվ գործողություններ կատարել դատարանում գործի ըստ էության քննությունը սկսելու և հանցագործություն կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այդ ակտիվ գործողությունները առաջին հերթին պետք է դրսևորվեն դատարանի օրինական պահանջը չկատարող անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու միջոցով, ինչը, սակայն, առ այսօր չի իրականացվում:
Անդրադառնալով արդեն գործը քննող դատարանի գործողություններին՝ արձանագրում ենք հետևյալը:
Ինչպես արդեն նշեցինք, թիվ ՇԴ/0058/01/19 քրեական գործով արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու, այն է՝ մեղադրյալ Ա. Ռազգիլդեևին դատարան ներկայացնելու ուղղությամբ դատարանի կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով 2020 թ. մարտի 13-ին դիմել էինք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ղուկասյանին: Վերջինիս աշխատակազմից տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին էին տրամադրվել դատավարական որոշ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունից պարզում ենք, որ դատարանը, որպես արդարադատություն իրականացնող միակ իրավասու սուբյեկտ, բավարար ջանքեր չի գործադրել և չի գործադրում արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու և գործի ըստ էության քննությունը սկսելու համար: Մասնավորապես՝ ստացված դատավարական փաստաթղթերում առկա է միայն դատարանի գործողությունների վերաբերյալ երկու փաստաթուղթ՝ դատարանին ուղղված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի 04.09.2019 թ. գրության պատասխան գրությունը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյանին ուղղված 23.03.2020 թ. գրությունը:
1-ին փաստաթուղթը, որի մասին արդեն խոսվել է, իր մեջ տեղեկություններ է պարունակում ամբաստանյալ Ա. Ռազգիլդեևին դատարան ներկայացնելու իրավական հիմնավորումների և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավարության անվտանգ անցկացման երաշխիքներին: Միաժամանակ, հատկանշական է, որ դատավոր Ա. Ղուկասյանը, ներկայացնելով իրավական դիրքորոշում՝ ամբաստանյալին դատարան բերելու և անվտանգ դատավարություն անցկացնելու հնարավորության մասին, գրության վերջում ռազմաբազայի հրամանատարից «խնդրում է» միջոցներ ձեռնարկել մեղադրյալի ներկայությունը դատարանում ապահովելու համար: Հարկ է նշել, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, իսկ դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, նման խոչընդոտները վերացնելու կամ բացառելու ուղղությամբ պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, քանի որ արդարադատություն իրականացնելուց հրաժարվելը կամ նույնն է արդարադատություն չիրականացնելն անթույլատրելի է. նման իրողությունն իր ամրագրումն ունի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Դատարանի լիազորությունները վերտառությամբ» 41-րդ հոդվածի 1-ին մասում: Ուստի՝ այս համատեքստում դատարանը, ռազմաբազայի հրամանատարից մեղադրյալի ներկայությունը դատարանում ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ «խնդրանքի» փոխարեն, քրեական գործ հարուցելու միջնորդությամբ պետք է դիմեր դատախազին, որը կդիտվեր և կգնահատվեր որպես համապատասխան միջոցի ձեռնարկում՝ արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու համար: Սակայն փաստում ենք, որ դատարանը գործի քննության ամբողջ ընթացքում նման միջնորդությամբ դատախազին չի դիմել:
Ինչ վերաբերում է դատարանի գործողություններն արտացոլող մյուս՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված գրությանը, ապա դրա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատավոր Ա. Ղուկասյանը ԲԴԽ նախագահ Ռ. Վարդազարյանին է ներկայացնում քրեական գործով դատական նիստերի վերաբերյալ տեղեկություններ և դրանց հետաձգման պատճառները: Սակայն Դատարանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված գրության մեջ չենք տեսնում հայտարարություն՝ արդարադատություն իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտության վերաբերյալ, որի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն իրավասու է մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմելու իրավասու մարմին: Մինչդեռ, մեր դիտարկմամբ, քննարկվող դեպքում վերոգրյալ փաստերն իրենց համակցությամբ ոչ միայն իրավունք են տալիս, այլ նաև պարտավորեցնում են դատարանին նման հայտարարությամբ հանդես գալու համար:
Հետևաբար՝ արձանագրում ենք, որ դատարանն իր գործունեությունը չի կազմակերպում այնպես, որ ապահովվի տուժողի իրավաջորդի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը: Ավելին՝ որևէ դատավարական նորմով նախատեսված չէ ՀՀ դատավորի կողմից դատավարության իրականացման որևէ հարցով ռուսական բազայի հրամանատարին դիմելու ընթացակարգ:
Ամփոփելով սույն քրեական գործի նախաքննության՝ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները՝ արձանագրում ենք.
Նշված բոլոր խնդիրների համար անմիջական պատասխանատվություն են կրում ոչ միայն ՌԴ իշխանությունները հանձինս ՌԴ պաշտպանության նախարարության, այլ ՀՀ Սահմանադրության երաշխավորները՝ հանձինս ՀՀ իշխանությունների:
Ելնելով ներկայացված վերլուծությունից՝ ՀՀ Կառավարությունից, ՀՀ Ազգային ժողովից և նրա բոլոր խմբակցություններից, ՀՀ նախագահից պահանջում ենք գործադրել ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրենց պարտավորությունները և լիազորությունները՝ վերացնելու համար ՀՀ-ում արդարադատության իրականացմանը խոչընդոտող գործոնները, և ապահովել արդարադատության իրականացումը և ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը՝ ռուսական բազայի հրամանատարի ոտնձգություններից: