Գործունեություն | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն
«ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 - 2038 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի շուրջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 13 առաջարկություններից 3-ն ամբողջությամբ է ընդունվել, 8-ն ընդունվել է մասնակի, 2-ը չի ընդունվել:
Նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել 2017թ. օգոստոսի 24-ին:
2017թ. սեպտեմբերի 15-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել, հիմնականում՝ գործողությունների արդյունքների և ժամկետների հստակեցման, վերստուգիչ չափանիշերի սահմանման վերաբերյալ: Դրանք կամ ընդունվել են ամբողջությամբ, կամ՝ մասնակի:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկել է նաև մշակել ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի վերաբերյալ օրենսդրական փաթեթ և ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծել խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության և խտրականության դեմ պայքարի բաժին:
Սակայն այդ առաջարկները չեն ընդունվել: ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկների մերժումը պատճառաբանել է նրանով, որ այդ գործողություններն արդեն իսկ պլանավորված են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով և իրականացվում են:
Ներկայացված առաջարկներն ու դրանց վերաբերյալ Արդարադատության նախարարության պատասխանները՝ ԱՅՍՏԵՂ:
Նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրված նաև հիմա: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ կներկայացնի նաև այս շրջանում, մասնավորապես՝ ծրագրի իրականացման ժամկետի վերաբերյալ. սահմանված 20-ամյա ժամկետը իրատեսական չէ, ժամկետները չպետք է գերազանցեն 3 տարին:
Leave a Reply