Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը:
Զեկույցում ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտմանը հանգեցնող նախկինում և անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև Կազմակերպություն դիմած զորակոչիկների տվյալների հիման վրա ստացված վիճակագրական և այլ վերլուծություններ:
2018 թ. ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման էր դրվել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաեւ քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հանրային քննարկման ժամկետը սահմանված է եղել մինչեւ 2018 թվականի ապրիլի 21-ը։ Այդուհանդերձ, ՀՀ Կառավարությունը 2018թ. ապրիլի 12-ին թիվ 404-Ն որոշմամբ ընդունեց վերոնշյալ նախագիծը, որն այսպիսով ընդունվեց ավելի վաղ, քան առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետն էր և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զրկվեց դրա վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու հնարավորությունից:
Հիշյալ որոշման մեջ արձանագրել ենք մի շարք կոնկրետ եւ ընդհանուր բնույթի խնդիրներ, մասնավորապես.
Այս և այլ թերություններն ու անհստակություններն առաջացնում են անորոշություններ եւ մեծացնում են մասնագետների, բուժհաստատությունների կողմից սուբյեկտիվ մոտեցումների հնարավորությունը, որը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության վերաբերյալ ընդունվող որոշումների օբյեկտիվության վրա:
2017 թ-ի ձմեռային եւ 2018 թ-ի ամառային զորակոչերի ընթացքում Կազմակերպություն դիմած 94 զորակոչիկների գերակշիռ մասի՝ 67-ի խնդիրը վերաբերել է ոչ պատշաճ բժշկական զննության եւ առողջական վիճակի մասին բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելու հետ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության արդյունքում 94 զորակոչիկներից.
ՀՀ ՊՆ 2013 թ-ի թիվ 410 հրամանի եւ ՀՀ Կառավարության 2018 թ-ի թիվ 404 որոշման ոչ իրավաչափ կիրառման եւ/կամ ԿԲՀ սուբյեկտիվ մոտեցման հետեւանքով 13 զորակոչիկի վերաբերյալ կայացվել է չպատճառաբանված որոշում:
Երկու զորակոչերի ընթացքում Կազմակերպության կողմից կազմվել եւ ուղարկվել է ընդհանուր թվով 52 դիմում և տեղեկատվության հարցում, ևս 8 դիմում կազմվել է 7 զորակոչիկի անունից:
Զեկույցում ներկայացված են նաև գրությունների թիվն՝ ըստ հասցեատերերի, դրանց տրված պատասխանների բովանդակային և ժամկետների պահպանման վիճակագրությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ներկայումս դատական կարգով բողոքարկում է 2016 եւ 2017 թթ Կազմակերպություն դիմած զորակոչիկներից 7-ի վերաբերյալ կայացված ԿԲՀ որոշումների եւ զինծառայությանը նրանց պիտանիության օրինականության հարցը։
Դատական գործերից 4-ը գտնվում է ՀՀ վարչական դատարանում, 2-ը՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, 1-ը՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
11 զորակոչիկների վերաբերյալ կայացված ԿԲՀ որոշումները բողոքարկվել են ըստ վերադասության։
Զեկույցը ներառում է նաև 2017 թ-ի ձմեռային զորակոչի ընթացքում՝ 8 և 2018 թ-ի ամառային զորակոչի ընթացքում՝ 7 զորակոչիկների հետ անցկացրած հարցումների արդյունքները։
Ըստ այդմ՝ զինկոմիսարիատ ներկայանալու համար ոչ բոլորն են անձամբ, պատշաճ կերպով՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, ծանուցվում: Բացի դրանից՝ զորակոչիկների համար պարզ չէ, թե ով է իրավասու ծանուցել իրենց զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար:
Հարցվածների մեծ մասը բուժզննության ենթարկվելու համար սպասել է 1 ժամ և ավելի. նրանցից մեկը սպասել է առավոտից մինչև երեկոյան ժամը 18-ը:
15 զորակոչիկներից առնվազն 3-ի մոտ առկա են եղել միաժամանակ երկու եւ ավելի հիվանդություն։ Ընդ որում, ոչ բոլորն են անցնում բուժզննություն զինվորական հաշվառման ժամանակ, որն էական նշանակություն ունի զինվորական ծառայության ընթացքում նրանց առողջական վիճակի հնարավոր վատթարացման տեսակետից:
Հարցվողներից ոչ ոք չի ենթարկվել Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով ենթադրվող բոլոր բժշկական հետազոտություններին, չի պահպանվել անձի առողջական վիճակի գաղտնիությունը:
Հարցումների արդյունքների այլ մանրամասներ ևս ներկայացված են զեկույցում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսումնասիրել է նաև 1998 թ-ից մինչեւ 2018 թ. օգոստոսի 11-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման կամ ազատման մասին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումները: Ըստ ուսումնասիրության՝ նշված ժամանակահատվածում զինվորական ծառայությունից տարկետում են ստացել 1519 եւ ազատվել 205 քաղաքացի:
1519-ից կրթական հիմքով տարկետում են ստացել՝ 729 անձ, 350-ը՝ հոգևորական լինելու, 139-ը՝ որպես սպորտի բնագավառի ներկայացուցիչ: 142 անձի դեպքում հիմքը նշված չէ:
Զինծառայությունից ազատված 205 հոգուց 186-ը հոգևորականներ են:
Ներկայացված բոլոր տվյալների մանրամասն վիճակագրությունը՝ զեկույցում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսումնասիրությունների արդյունքում ստացած տեղեկատվության հիման վրա նաև առաջարկներ է ներկայացրել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Մեդիա կենտրոնում զեկույցի ներկայացման տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Leave a Reply