Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության վերաբերյալ

2023թ․ սեպտեմբերի 19-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերն իրականացրեցին ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զինված ուժի սպառնալիքի ներքո ստիպված լքեց իր տները և օրերի ընթացքում բռնի տեղահանվեց Հայաստանի Հանրապետություն:

Փաստացի փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց աջակցելու նպատակով ՀՀ Կառավարությունը ձեռնարկեց լայնածավալ հումանիտար օգնության տրամադրման աշխատանքներ՝ ֆինանսական աջակցության տարբեր ծրագրերի իրականացում, կարիքի գնահատում, ստեղծեց ըստ գտնվելու վայրի գրանցման համակարգ՝ ՏԻՄ-երում և մարզպետարաններում ձևավորված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման աշխատանքային խմբերի հիման վրա: Այս աջակցման ծրագրերի ընթացքը, ինչպես և բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի հետ կապված առկա օրենսդրական բացերը բացասաբար ազդեցություն են ունենում մարդասիրական ճգնաժամի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հումանիտար աջակցության արդյունավետության վրա։ Այդ պատճառով իրավական աջակցության շրջանակներում Կազմակերպության կողմից իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվում նաև պետական մարմիններին, համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով։

2023 թվականի նոյեմբերից 2024 նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Կազմակերպությունը տրամադրել է իրավական աջակցություն ՀՀ կառավարության որոշումներով հաստատված սոցիալական աջակցություններին բռնի տեղահանված անձանց մատչելիության ապահովման, հասանելիության և իրացման նպատակով։

Իրավական աջակցությունը տրամադրվել է Երևան քաղաքում և մարզերում թվով 12 կոնտակտային անձանց (յուրաքանչյուր մարզի համար մեկ կոնտակտային անձ, Երևան քաղաքում երկու կոնտակտային անձ) և թվով 7 իրավաբանների ներգրավմամբ, ովքեր ահազանգի միջոցով կապ են հաստատել

իրենց գործունեության մարզում բնակվող բռնի տեղահանված անձանց հետ, կատարել տնայցեր, կարիքների գնահատում, անհրաժեշտության դեպքում կազմվել են իրավաբանական նշանակության փաստաթղթեր ուղղված ՀՀ համապատասխան գերատեսչություններին բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման հարցերով։

Նշված ժամանակահատվածում Կազմակերպության կոնտակտային անձինք և իրավաբանները խորհրդատվություն են տրամադրել 1967 բռնի տեղահանված անձանց։

Իրավախորհրդատվության արդյունքում, արձանագրված խնդիրների շրջանակներում Կազմակերպությունը տարբեր պետական մարմիններ է ուղարկվել 444 գրություն և 3 հայցադիմում։

Կազմակերպության պաշտոնական կայքում1 հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակի և պետական աջակցության ծրագրերին նրանց հասանելիության խնդիրների մասին» զեկույցը, որում ամփոփված են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակներում արձանագրված համակարգային խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների առաջարկությունները։

Կազմակերպությունը, հաշվի առնելով բռնի տեղահանվածների իրավունքների իրականացման հետ կապված դեռևս չլուծված խնդիրները, մշակեց գործունեության նոր ռազմավարություն՝ ընդլայնելով աջակցության շրջանակները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնի տեղահանման ընթացքում անձինք հնարավորություն չեն ունեցել իրենց հետ վերցնելու իրավական նշանակություն ունեցող կարևոր փաստաթղթեր՝ այդ թվում ծննդյան, մահվան, ամուսնության վկայականներ, աշխատանքային գրքույկներ և այլ պաշտոնական փաստաթղթեր, նրանք Հայաստանի Հանրապետությունում բախվում են մի շարք իրավական խնդիրների։ Մասնավորապես՝ այդ փաստաթղթերի բացակայությունը խոչընդոտում է ՀՀ քաղաքացիություն ստանալու, պետական կենսաթոշակներից, նպաստներից և այլ սոցիալական երաշխիքներից օգտվելու իրավունքից։ Նման պայմաններում մի շարք իրավունքների իրացումը հնարավոր է միայն դատարանի կողմից անհրաժեշտ փաստերը հաստատված ճանաչելու վերաբերյալ դատական ակտի հիման վրա։

Սույն զեկույցում ներկայացված է Կազմակերպության կողմից տրամադրված իրավական աջակցության արդյունքներն ու արձանագրված խնդիրները, իրականացված գործողությունները, պետական մարմիններին ներկայացված հարցումների արդյունքում կազմված վիճակագրությունները, ՀՀ իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացված ներկայացված առաջարկությունները և դրանց վրա արված փոփոխությունները։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ