Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանում խոշտանգման արգելքի իրավիճակի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

March 19, 2021

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

  1. Կարգավորումներ

 

ՀՀ ներպետական օրենսդրությունը արգելում է խոշտանգումների կիրառումը:  ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, մարմնական պատիժներն արգելվում են, և ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում խոշտանգման համար.

 

խոշտանգում  է  հանդիսանում պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի  դիտավորությամբ  ֆիզիկական  ուժեղ  ցավ  կամ  հոգեկան  ուժեղ  տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ  երրորդ  անձին  վախեցնելու  կամ  որևէ  արարք  կատարելուն  կամ  կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով:

 

ՀՀ  քրեական  օրենսգրքի  341-րդ  հոդվածի  1-ին  մասը  պատասխանատվություն  է սահմանում  դատավորի,  դատախազի,  քննիչի  կամ  հետաքննության  մարմնի  կողմից ցուցմունք  կամ  բացատրություն  կամ  կեղծ  եզրակացություն  տալուն  կամ  սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը որպես հանցակազմ  է  սահմանում  նույն  արարքի  կատարումը,  որը  զուգորդվել  է խոշտանգմամբ:  Միևնույն  ժամանակ  ՀՀ  քրեական  օրենսգրքի  309-րդ  հոդվածում  (պաշտոնեական  լիազորություններն  անցնելը)  որպես  ծանրացնող  հանգամանք  է նախատեսված բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ կիրառելը:

 

ՀՀ քրեական օրենսգրքում 309.1-րդ հոդվածը ներառված է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գլխում, որտեղ հանցագործությունների մեծ մասին բնորոշ է հատուկ սուբյեկտը՝ պաշտոնատար անձը: Օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասը տալիս է պաշտոնատար անձի սահմանումը: Խնդիրը կայանում է նրանում, որ անձը կարող է ենթարկվել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումների նաև ներպետական օրենսդրության իմաստով  պաշտոնատար  անձ  չհանդիսացող  անձի  կողմից,  ինչը  միջազգային չափանիշների  տեսանկյունից  նույնպես  հանդիսանում  է  խոշտանգում  կամ  վատ վերաբերմունք: Օրինակ՝ հոգեբուժական հաստատությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը կարող է ենթարկվել վատ վերաբերմունքի սանիտարի կամ  բժշկական  անձնակազմի  կողմից,  որը  չի  իրականացնում  ո՛չ  իշխանության ներկայացուցչի  գործառույթներ,  ո՛չ  կազմակերպական-տնօրինչական  կամ վարչատնտեսական գործառույթներ, և այդ պատճառով ներպետական օրենսդրությամբ չի կարող հանդիսանալ խոշտանգման հանցակազմի սուբյեկտ: Նման դեպքերում արարքը խոշտանգման փոխարեն որպես կանոն որակվում է որպես մարդու կյանքի կամ առողջության դեմ ուղղված  հանցագործություն,  ինչը,  սակայն,  չի  բխում  խոշտանգման  բացարձակ արգելքից:

 

Սա նաև հիմնական պատճառներից է, որ հնարավոր չէ ստանալ երկրում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորումների բոլոր դեպքերի հստակ վիճակագրական պատկերը: 

 

Խոշտանգման բացարձակ արգելքի տեսանկյունից անթույլատրելի է խոշտանգում կատարած  անձանց  քրեական  պատասխանատվությունից  ազատելը  վաղեմության ժամկետն անցնելու, համաներման կամ ներման հետևանքով: 2019 թվականին ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ ԱԺ է ներկայացվել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որով  առաջարկվում  է  սահմանել  խոշտանգման  համար  վաղեմության  ժամկետներ  և համաներում  կիրառելու  արգելք:  Այնուամենայնիվ,  նշված  փոփոխությունը  դեռևս  չի ընդունվել, և բարձրացված խնդիրը շարունակում է արդիական մնալ:

 

  1. Վիճակագրություն

 

Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ:

 

Խոշտանգման քրեականացման պահից՝ 2015 թվականի հունիսի 9-ից մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի հատկանիշներով քննել են 154 գործ, որից մեղադրական եզրակացությամբ 5 քրեական գործ 10 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 113  (73.3%) քրեական գործով վարույթը կարճվել է, 2 քրեական գործ ուղարկվել է այլ  մարմին, 2 քրեական գործի հարուցման որոշում վերացվել է, իսկ նախաքննությունը շարունակվել է միայն 7 քրեական գործով:[1]

 

Թեև 309.1 հոդվածը իր բովանդակությամբ համապատասխանում է Կոնվենցիայի նյութական իրավունքի պահանջներին. հստակորեն սահմանված են արարքի դիտավորության, դաժանության ու տառապանքի հատկանիշերը, և արարքի սուբյեկտը՝ պաշտոնատար անձը, այնուամենայնիվ, մինչ այժմ դեռ չի ձևավորվել նշված հոդվածի կիրառության դատական պրակտիկա՝ դատարանները Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի հիմքով դատավճիռ դեռ չեն կայացրել։

 

2019 թվականի ընթացքում Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է խոշտանգումների վերաբերյալ 130 քրեական գործ, որոնցից 99-ը հարուցվել են 2019 թվականի ընթացքում, իսկ 31-ը՝ նախորդ տարիներին: 2019 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ընդամենը 5 քրեական գործ, վարույթը կարճվել է 76 քրեական գործով, վարույթը կասեցվել է 16 քրեական գործով:

 

2019 թվականի ընթացքում Պաշտոնեական լիազորություններն անցնելու   հատկանիշներով  քննվել է 73 գործ, Խոշտանգում հատկանիշներով քննվել է 55 գործ, Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելու հատկանիշներով քննվել է 2 գործ:

 

2019 թ. -ին ՀՀ քրեական օրենսգրքի 309 (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 309.1 (Խոշտանգում) հոդվածներով նախատեսված արարք կատարելու համար դատարանի կողմից կայացվել է երեք մեղադրական և մեկը արդարացման դատավճիռ: Պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմքով կայացված մեղադրական դատավճիռներից երկուսի դեպքում անձինք համաներումով ազատվել են, մեկ դեպքում անձը ազատ է արձակվել վաղեմության ժամկետը անցնելու հիմքով: Խոշտանգում հոդվածով մեկ արդարացնող դատավճիռ է կայացվել, որը բեկանվել է վերադաս դատարանի կողմից և ուղարկվել է նոր քննության:

 

Խոշտանգման քրեականացման պահից ի վեր, այսինքն՝ 2015 թ. հունիսի 9-ից մինչ օրս, 309.1 (Խոշտանգում) հոդվածի հատկանիշներով մեղադրական դատավճիռ չի կայացվել: Մեղադրական դատավճիռները կայացվում են նախորդ՝պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 309):

 

  1. 2019-2020 թվականներին փաստաթղթավորված խոշտանգման նոր գործեր

 

ՀՀ-ում խոշտանգումների կանխարգելման և խոշտանգման դեպքերի արդյունավետ քննության համար մարտահրավեր են թե օրենսդրական բացերը, թե օրենքի կիրարկումը։

 

Շարունակվում են չբացահայտված մնալ խոշտանգումների դեպքերը, խոշտանգումների դեպքերով հաղորդումները, որպես կանոն, չեն հանգեցնում քրեական գործերի հարուցմանը, իսկ քրեական գործ հարուցվելու դեպքերում չի ապահովվում գործերի արդյունավետ քննությունը: Խոշտանգման դեպքերում հարուցված գործերը կարճվում են հիմնականում խոշտանգման փաստը չհիմնավորվելու հիմքով, իսկ կասեցվում են՝ քրեական հետապնդման ենթակա անձի բացակայության   հիմքով:

 

Արթուր Հակոբյանի գործը.

 

Հակոբյանը 2015 թ․-ին պարտադիր զինվորական ծառայության ժամանակ հրամանատարի կողմից ենթարկվել է անմարդկային դաժան վերաբերմունքի, որի անդյունքում  ձեռք է բերել  hոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Դեպքի առիթով 13.11.2016 թ․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշերով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, 2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը) հարուցվել է քրեական գործ, և Ա. Հակոբյանը ճանաչվել է տուժող[2]:

 

Սակայն քրեական գործի վարույթը 3 անգամ կարճվել է,  և փաստաբանի բողոքարկումների արդյունքում 5 տարվա դատական քաշքշուկներից հետո գործը վերաբացվել է:

 

Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ խախտվել է Հակոբյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, և արձանագրել, որ նույնիսկ հոգեկան առողջության խնդիր ունեցող տուժողը պետք է լսված լինելու իրավունք ունենա, և վարութը իրականացնող մարմինը պետք է արդյունավետ քննություն իրականացնի։

 

Գործը  վերաբացվել է Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, սակայն 3 ամիս անց կրկին քրեական գործը կարճելու որոշում է կայացվել: Որոշումը կրկին բողոքարկվել է, և դատարանը մեկ անգամ ևս բողոքաբերի իրավուքների և ազատություննրի խախտման փաստ է արձանագրել։

 

Երբ խոշտանգման հատկանիշով քրեական գործ է հարուցվում, նախաքննությունը հազվադեպ է համապատասխանում արդյունավետության չափանիշներին, քանի որ չի ապահովվում գործի քննության արագությունը, անկողմնակալությունը և մանրակրկիտությունը, չեն ձեռնարկվում բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքին առնչվող ապացույցները պատշաճ արձանագրելու և փաստաթղթավորելու ուղղությամբ

 

Նույնիսկ, երբ փաստաբաններին հաջողվում է հասնել նրան, որ վերադաս դատարանի (հիմնականում՝ վճռաբեկ դատարանի) կողմից արձանագրվում է խոշտանգմուներից զերծ մնալու իրավունքի և նախաքննության մարմնի կողմից արդյունավետ քննության խախտում, և գործն ուղարկվում է հետ նախաքննության,  նախաքննության մարմնի կողմից չեն ձեռնարկվում համապատասխան միջոցներ՝ վերացնելու իրավունքի խախտումը, և գործը կրկին կարճվում կամ կասեցվում է: Որպես կանոն գործի վերաբացումը տևում է տարիներ:    Այն քիչ դեպքերում, երբ գործը հասնում է դատարան, դատարանի կողմից քրեական հետապնդումը դադարեցվում է, օրինակ՝ խոշտանգումը ամբաստանյալի արարքում բացակայելու պատճառաբանությամբ:

 

Խոշտանգման գործերով հաճախ արձանագրվում են դեպքեր, երբ դատարանը, համադրելով բռնության մասին հաղորդում տված անձանց և նրանց վկաների ցուցմունքները ոստիկանների ցուցմունքների հետ, անվերապահորեն գերապատվություն տալիս է  ոստիկանների ցուցմունքներին։ 

 

Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործը.

 

Հակոբջանյանին և Կարապետյանին 2016 թ.-ին ոստիկանության բաժանմունքում խոշտանգելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է 2017 թ.-ին,  քրեական հետապնդումը դադարեցվել է հետևյալ պատճառաբանությամբ. «…նախաքննության ընթացքում տարվել են բոլոր հնարավոր քննչական ու դատավարական գործողությունները, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, և համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի՝ նման պայմաններում, երբ կա չփարատված կասկած, անմեղության կանխավարկածի սկզբունքի ուժով ենթակա է մեկնաբանման՝ հօգուտ ոստիկանության պաշտոնյաների»:

 

Գործի վարույթը կարճելու որոշումը բողոքարկվել է վերադասության կարգով և մերժվել է ՀՀ գլխավոր դատախազության, Երևանի ընդհանուր իրավասության և Վերաքննիչ քրեական դատարանների կողմից: 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բավարարել է բողոքը՝ խոշտանգման գործով տարված քննությունը ճանաչելով անարդյունավետ։ 

 

Վճռաբեկ դատարանը գտել է, որ որոշում կայացնելիս ստորադաս դատարանները խախտել են Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ (Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և անձնական ազատությունը)  և 17-րդ հոդվածները (Գործի արդարացի քննությունը), որոնք էականորեն կարող էին ազդել գործի ելքի վրա: Առաջնորդվելով արդյունավետ քննության իրավունքի դրույթներով՝ դատարանը նկատել է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերում գործի արդյունավետ քննության իրականացումը պետության պոզիտիվ պարտավորությունն է: Նման բողոքները պետք է քննվեն ամենայն մանրամասնությամբ, իրավասու ատյաններն էլ՝ ձեռնարկեն բոլոր միջոցները՝ միջադեպին առնչվող ապացույցներ հավաքելու ուղղությամբ, ինչը տվյալ դեպքում չի արվել:

 

Պետության պոզիտիվ պարտավորության համատեքստում Վճռաբեկ դատարանը առանձակի շեշտել է, որ քննությունը պետք է տարվի արագ և մանրակրկիտ: Այսինքն՝ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով իրավասու մարմինները պետք է լրջագույն ջանքեր կիրառեն քննությունն ավարտելուց հետո կամ պատճառաբանելիս էլ՝ չհիմնվեն շտապողական կամ թույլ եզրահանգումների վրա, այլ ձեռնարկեն իրենց հասու բոլոր ողջամիտ քայլերը՝ դեպքին առնչվող ապացույցները, այդ թվում` ականատեսների ցուցմունքները ու բժշկական ապացույցներն ապահովելու ուղղությամբ: Իրականացված քննության ցանկացած թերացում, որ հարցականի տակ է առնում վնասվածքների պատճառները կամ պատասխանատուներին պարզելու կարողությունը, վտանգում է քննության արդյունավետությունը:

 

Վճռաբեկ դատարանը հիշատակել է այն չափանիշները, որոնց առկայության դեպքում միայն կարելի է խոսել արդյունավետ քննության մասին: Մասնավորապես` քննություն իրականացնող մարմինը, բացի պատշաճ և արագ գործելուց, պետք է լինի նաև անկախ ու անաչառ, օժտված՝ առկա փաստերը հաստատելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու լիարժեք իրավասությամբ, անհրաժեշտ է իրականացնել մանրամասն քննություն՝ գործով ապացույցներ ձեռք բերելու նպատակով:

 

Վճռաբեկ դատարանը գտել է, որ Ա. Հակոբջանյանի և Գ. Կարապետյանի նկատմամբ ենթադրյալ բռնության գործադրման առիթով նախաքննություն իրականացնող մարմինը, ունենալով միջադեպի ականատես տաքսու վարորդի բոլոր տվյալները, ընդհուպ՝ գտնվելու վայրը, բավարար ջանքեր չի գործադրել, այդ թվում և` միջազգային իրավական օգնության շրջանակում, նրան գտնելու և հարցաքննելու ուղղությամբ: Մինչդեռ վարորդի հայտնած տեղեկությունները կարող էին առանցքային ու վճռորոշ լինել այս գործի իրական մեղավորներին, ինչպես նաև Գ. Կարապետյանի ու Ա. Հակոբջանյանի և ոստիկանների ցուցմունքներում առկա հակասությունները բացահայտելու հարցում: 

 

Վճռաբեկ դատարանը արձանագրել է մի շարք այլ խնդիրներ ևս, գնահատելով դրանք պետության կողմից իր վրա դրված պարտավորությունների խախտում և չիրականացում[3]։ Թեև Վճռաբեկ դատարանի որոշումից հետո գործը ուղարկվել է նոր քննության, պետք է արձանագրենք, որ գործի վարույթը կրկին կարճվել է:

 

Բացի սրանից՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրականության շրջանակներում կարևորել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի բացարձակ բնույթը, հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել՝ «խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվել» ու «վստահելի հայտարարության» կամ «վիճելի բողոքի» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների առկայության դեպքերում տարվող քննության արդյունավետության չափանիշի մասին:

 

Մտահոգության առարկա են դատարանների կողմից սահմանված պատիժների համաչափությունը և համարժեքությունը։

 

Տարածված խնդիր է նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից խոշտանգման դեպքի ոչ պատշաճ փաստաթղթավորումը, որի հիման վրա խոշտանգում արարքը որակվում է որպես պաշտոնեական լիազորություններն անցնել, արդյունքում չի ճանաչվում խոշտանգման, կամ վատ վերաբերմունքի փաստը: Ստացվում է, որ խոշտանգում կատարած անձը կրում է ավելի մեղմ պատիժ, քան սահմանված է խոշտանգում արարքի համար:

 

Դատարանները կարող են վերաորակավորել գործը՝ դատավարության ընթացքում և փաստացի ստեղծել խոշտանգման համար պատշաճ պատասխանատվությունից խուսափելու պայմաններ:


Արմեն Աղաջանյանի գործը.

 

Արմեն Աղաջանյանը Նուբարաշեն ՔԿՀ է տեղափոխվել 2018 թ. մարտի 16-ին՝ ժամը 00:35-ին: Անհասցե հայհոյանքներ հնչեցնելու պատճառով նույն հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հովհաննիսյանը այլ ծառայողների հետ միասին ծեծի է ենթարկել և թքել Աղաջանյանի վրա, այն դեպքում, երբ Աղաջանյանը քրեակատարողական հիմանարկ է ընդունվել ակնհայտ առողջական խնդիրներով (հաստ աղիքը եղել է պարկի մեջ, մարմնից դուրս): 

 

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, քննելով նշված գործը, վճռել է Ա. Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել  Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ քր․օրի 309-րդ հոդվածի 2-րդ մաս), և համաներմամբ ազատ արձակել, իսկ խոշտանգման մեղադրանքում  նրան արդարացնել այն դեպքում, երբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել, և գործը դատարան է ներկայացվել խոշտանգման մեղադրանքով (ՀՀ քր․օրի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

 

Դատարանը նշել է, որ Արմեն Հովհաննիսյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին (Պաշտոնեական կեղծիքը), իսկ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ և ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Դատարանը նշել է, որ նախաքննության ժամանակ չի նշանակվել դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու՝ տուժողը ենթարկվել է հոգեբանական տառապանքի, թե՝ ոչ։ Այդ իսկ պատճառով, քանի որ չկա հոգեբանական տառապանքի վերաբերյալ ապացույց, դատարանը գտել է, որ  խոշտանգումը ամբաստանյալի արարքում բացակայել է։ 

 

Դատարանը գտել է, որ «Ա. Հովհաննիսյանի արարքը որպես խոշտանգում որակելու համար բավարար չէ միայն այն հանգամանքը, որ ամբաստանյալը հանդիսանում է քրեակատարողական հիմնարկի աշխատակից պաշտոնատար անձ և որ նա բռնություն է գործադրել ՔԿՀ-ում գտնվող անձի նկատմամբ, քանի որ անհրաժեշտ է նաև, որ առկա լինի այլ պայման, մասնավորապես՝ անհրաժեշտ է, որ Արմեն Հովհաննիսյանն այդ բռնությունը գործադրի այնպիսի արարքի համար Ա. Աղաջանյանին պատժելու նպատակով, որը վերջինս կատարել է, և այդպիսի արարք կատարելու հանգամանքը կամ փաստը պետք է հաստատված լինի համապատասխան ընթացակարգերով, այլ ոչ թե արարք կատարած լինելու հանգամանքը կազմի Ա. Հովհաննիսյանի սուբյեկտիվ ընկալման արդյունքը»:

 

Մեղադրող կողմը դատավճռի դեմ բերել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ մեղադրանքի կողմի փաստարկները՝ Արմեն Հովհաննիսյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի «Խոշտանգում» հոդվածով հանցակազմի առկայության մասին, բավարար չափով փաստարկված չեն, դրանք սուբյեկտիվ դատողության արդյունք են, չեն բխում գործի նյութերից:


Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ընդունելի չէ Դատարանի այն պնդումը, թե տեղի ունեցած բռնությունը խոշտանգում որակելու համար անհրաժեշտ պայման է, որ դեպքին նախորդած լինի տուժողի կողմից այնպիսի հակաօրինական արարքի կատարում, որը հաստատված է համապատասխան ընթացակարգով: Ներկայումս գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում:

 

Փաստացի դատարանը, վերաորակելով արարքը, ամբաստանյալին ազատել է կատարած հանցագործության համար ազատազրկման ձևով պատիժ կրելուց։

 

Շարունակվում է ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի և խոտանգումների միջոցով հանցագործության վերաբերյալ խոստովանական ցուցմունք կորզելու կամ այլ անձանց կողմից հանցագործությունը կատարելու վերաբերյալ ցուցմունքներ կորզելու պրակտիկան:

 

Էդգար Ծատինյանի գործը.

 

07.04.2019 թ.-ին  ոստիկանության աշխատակիցները է. Ծատինյանին  բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, որտեղ  նրան ծեծի են ենթարկել, նսեմացրել՝ հարկադրելով խոստովանել նրա կողմից չկատարված սպանությունը և ցուցմունք տալ սպանությունը երկու այլ անձանց կողմից կատարելու վերաբերյալ: Է․ Ծատինյանը հրաժարվել է կեղծ ցուցմունք տալուց, որից հետո ոստիկանության աշխատակիցները սպառնացել են նրան պատասխանատվության ենթարկել թմրամիջոց կրելու համար և նրա գրպանն են գցել  3 գրամ քաշով «Կիստալ» տեսակի թմրամիջոց: Է․ Ծատինյանը, վախենալով քրեական պատասխանատվության ենթարկվելուց, կուլ է տվել թմրամիջոցը, նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատաճառով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Ծատինյանը պատմել է, ոստիկանության բաժանմունքում իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ, ինչը ձայնագրվել է հարազատների կողմից: Ժամեր անց Ծատինյանը մահացել է հիվանդանոցում: Դատաբժշկական փորձաքննությունը արձանագրել է, որ Ծատինյանը հիվանդանոց է տեղափոխվել մարմնական վնասվածքներով:

 

Խոշտանգման դեպքի առիթով 2019 թ. ապրիլի 15-ին ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, իսկ մեկ ամիս անց Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ոչ պատշաճ բժշկական օգնության տրամադրման հիմքով: Հարուցված երկու գործերն էլ կարճվել են. 2020 թ. հունիսին հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է խոշտանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, իսկ 2021 թ.-ի հունվարին հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է ոչ պատշաճ բժշկական օգնության տրամադրման հիմքով հարուցված քրեական գործը: 

 

Քրեական գործը կարճելու որոշումը Ծատինյանի իրավահաջորդի և իրավահաջորդի ներկայացուցչի կողմից բողոքարկվել է դատական կարգով՝ գործը կարճելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը որակելով փաստական և իրավական հիմնավորվածությունից զուրկ` նախաքննությունը չի համապատասխանել վատ վերաբերմունքի քննության միջազգային և ազգային օրենսդրության չափորոշիչներին, վարույթ իրականացնող մարմինը չի դրսևորել անաչառություն և չի իրականացրել գործի որակյալ քննություն, որի արդյունքում ոստիկանության աշխատակիցները նախապես համաձայնեցրել են իրենց ցուցմունքները իրար հետ:

 

Հայաստանում մինչ օրս գործում է խոշտանգման հանցագործությունների մասով վաղեմության ժամկետի կիրառումը թույլ տվող նորմը: Նույնիսկ գործերի վերաբացման դեպքում խոշտանգման մեղավորները խուսափում են պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով:

 

Գրիշա Վիրաբյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թ. հոկտեմբերին կայացրած վճռով ճանաչել է Գ. Վիրաբյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտման փաստը: Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազության կողմից 2016 թ. մայիսին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գ. Վիրաբյանի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Եվ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ 2018 թ. փետրվարին քրեական գործն ուղարկվել էր Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

 

Դատաքննության արդյունքում 2019 թ. փետրվարի 22-ի դատավճռով նշված երկու անձինք մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքների կատարման մեջ, սակայն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատվել են քրեական պատասխանատվությունից (հանցագործության դեպքը կատարվել է 2004 թ.):

 

Հետագայում ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի այդ որոշման դեմ ՀՀ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները, այն թողել էր օրինական ուժի մեջ՝ ամբողջությամբ համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հիմքերի հետ:

 

Երկու  դատական ատայանների  իրավական դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ում գործող օրենսդրության իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս խոշտանգմանը վերաբերող գործերով անմիջականորեն առաջնորդվելու՝ ՄԻԵԴ մի քանի գործերով արտահայտած՝ խոշտանգման գործերով վաղեմության ժամկետ չկիրառելու իրավական դիրքորոշմամբ: Ըստ դատարանների, քանի որ ՀՀ ներպետական օրենսդրությունը ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածը՝ խոշտանգումը, չի ներառում ՀՀ քրեական օրենսգրքով սպառիչ թվարկվող այն հանցատեսակների շարքում, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի չեն կամ կիրառելի են սահմանափակումներով, ապա վաղեմության ժամկետների չկիրառումը կհանգեցնի ամբաստանյալների իրավունքների և օրինական շահերի խախտման, կարող է առաջացնել իրավական անորոշություն և որակվել կամայականություն:

 

ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը վիճարկել է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ ներկայացնելով համապատասխան բողոք՝ այն հիմնավորմամբ, որ ստորադաս դատարանները, իրենց որոշումներով խախտել են Միջազգային քրեական դատարանի, ՄԻԵԴ-ի կողմից կայացված մի շարք որոշումներով արտահայտված մոտեցումը, որ պետության ներկայացուցիչների կողմից վատ վերաբերմունքի կամ խոշտանգման գործերով քրեական վարույթը չպետք է դադարեցվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ինչպես նաև՝ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված նորմերը խոշտանգման դեպքում վաղեմության ժամկետների կիրառման անթույլատրելիության վերաբերյալ:

 

Օրենսդիրն ամրագրել է, որ վաղեմության ժամեկտներ չեն կիրառվում ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետի կիրառման արգելք է սահմանված:

 

ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դատախազության բողոքը, սակայն 2020 թ. դեկտեմբերի 27-ին որոշում է կայացրել նշված գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ՝ այն հարցադրմամբ, թե խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառումն արդյոք համահունչ կլինի Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին, եթե ներպետական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման պահանջ նախատեսված չէ:

 

Մինչդեռ պետք է նշել, որ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969 թ. կոնվենցիայի համաձայն՝ «Մասնակից պետությունը որպես պայմանագիրը չկատարելու արդարացման պատճառաբանություն չի կարող վկայակոչել իր ներքին իրավունքի դրույթները»։ Վաղեմության ժամկետների կիրառման արգելքը հստակ արձանագրվել է ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի դիրքորոշումներով։

 

Թեև խոշտանգումը քրեականացվել է 2015 թ.-ին, եթե խոշտանգումը կատարվել է այս նորմի՝ ուժի մեջ մտնելուց առաջ, ապա նախկինում տեղի ունեցած գործերի քննությունն իրականացվում է «Պաշտոնեական լիազորությունների չարաշահման» հոդվածով, որը գործել է դեպքի կատարման պահին: Սույն հոդվածով վաղեմության ժամկետը սահմանափակված է, և առավելագույն պատիժը «Խոշտանգում» հոդվածով սահմանված պատժից պակաս: Այնուամենայնիվ հարկ է նշել, որ իրավասու պետական մարմինները չեն անտեսում իրենց հայտնի դարձած՝ նախկինում տեղի ունեցած խոշտանգման փաստերը, և հարուցում են քրեական գործեր:

 

Արմեն Մարտիրոսյանի գործը.

 

2019 թ. համացանցում տարածվել էր «Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութ, որտեղ մի քանի անձ հակագազ են հագցնում մեկ այլ անձի և բռնություն գործադրում վերջինիս նկատմամբ։ Հիշյալ հրապարակման վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Նշված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ն. Ս.-ին  և Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վ. Ն.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով)։ Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Ն.-ը 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո Վ. Ն.-ը և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին հագցրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։  Գործը գտնվում է դատաքննության փուլում:

 

  1. Խոշտանգման զոհերի պաշտպանությունն ու անվտանգությունը. վերականգնում

 

Խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցումը իրականացվում է հատուկ կարգով և ներառում է այդ անձանց կրած նյութական, ոչ նյութական վնասների հատուցումը (compensation) և ռեաբիլիտացիայի իրավունքը: Ռեաբիլիտացիայի իրավունքը ներառում է բժշկական օգնության և սպասարկման դիմաց հատուցում ստանալու, ինչպես նաև անվճար հոգեբանական և անվճար իրավաբանական ծառայություններից օգտվելու իրավունքը, որը բացակայում է այլ հիմնարար իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասի հատուցման դեպքում։[4]

 

Փոխհատուցում [5]

 

Վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար մեկ տարի վաղեմության ժամկետի ոչ իրավաչափ լինելը

 

Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, լինելով բացարձակ իրավունք, չպետք է ունենա ժամկետային որևէ սահմանափակում, այդ թվում՝ նաև փոխհատուցում ստանալու իրավունքի տեսանկյունից:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածը սահմանում է ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը, որը ներառում է խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

 

Խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կարգը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (հոդված 1087.3)։

 

Հիշյալ հոդվածով սահմանվում է, որ խոշտանգումից տուժած անձը, իսկ նրա մահվան, անչափահաս լինելու կամ անգործունակության դեպքում նրա ծնողը, որդեգրողը, զավակը, որդեգրվածը, ամուսինը, խնամակալը, հոգաբարձուն դատական կարգով իրավունք ունեն պահանջելու և ստանալու փոխհատուցում՝ հիշյալ օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով: Խոշտանգումից տուժած անձի փոխհատուցման պահանջը նշված անձինք դատարան կարող են ներկայացնել տուժած անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ դատարանի մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:

 

Միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած դատական ակտով խոշտանգման փաստը հաստատվելու դեպքում այդ ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Փոխհատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան՝ ներառելով նյութական և ոչ նյութական վնասը, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման համար փաստացի կրած ողջամիտ և անհրաժեշտ ծախսերը:

 

Երբ անձի հիմնարար իրավունքի խախտումը պայմանավորված է պահման պայմանների անմարդկային լինելու հանգամանքի հետ, ակնհայտ է դառնում, որ իրավունքի խախտումը  պայմանավորված է ոչ թե կոնկրետ պահով, այլ տևական ժամանակով և իրավական անորոշության պայմաններում ուղղակիորեն անհնար է դառնում որոշել ժամկետները, ինչով և պայմանավորված իրավունքը խախտված անձը զրկվում է իր խախտված իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունից։

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածը կարգավորում է միայն խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կարգը, իսկ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքի խախտումը դուրս է մնացել հիշյալ հոդվածից, ինչը ենթադրում է, որ հատուցումը կատարվելու է ընդհանուր կարգով՝ այլ իրավունքների փոխհատուցման եղանակով։

 

Որպեսզի անձը խոշտանգման ենթարկվելու համար ստանա փոխհատուցում, ըստ 1087.3 հոդվածի, անհրաժեշտ է, որ լինի դատարանի վերջնական որոշում, սակայն բաց է մնում այն հարցը, որ օրինակ՝ քրեական գործի շրջանակում հաստատվում է, որ անձը ենթարկվել է խաշտանգման, սակայն գործի վարույթը կասեցվում է՝ հանցագործություն կատարած անձը հայտնի չլինելու պատճառով, որ բացահայտումը կարող է տևել տարիներ, կամ ընդհանրապես այդ անձը այդպես էլ չբացահայտվի։ Ստացվում է, որ խոշտանգման ենթարկված անձը կարող է այդպես էլ չստանա փոխհատուցում։

 

Ռեաբիլիտացիա

 

2017 թ․ հունվարի 9-ից  ուժի մեջ է մտել  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում են  խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կարգն ու պայմանները։ Իսկ  2017 թ․ հոկտեմբերի 26-ին ՀՀ Կառավարությունը ընդունել է  «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշումը, որն ուժի մեջ է մտել  նույն տարվա նոյեմբերի 9-ին: Համաձայն ՀՀ օրենսդրության և Կառավարության որոշման՝ խոշտանգումից տուժած անձանց տրամադրվող փոխհատուցումը ներառում է այդ անձանց կրած նյութական, ոչ նյութական վնասների հատուցումը և ռեաբիլիտացիայի իրավունքը: Խոշտանգումից տուժած անձի ռեաբիլիտացիայի իրավունքը ներառում է բժշկական օգնության և սպասարկման դիմաց հատուցում ստանալու, ինչպես նաև անվճար հոգեբանական և անվճար իրավաբանական ծառայություններից օգտվելու իրավունքը:  Հոգեբանական ծառայությունները տրամադրվում են խոշտանգման մասին ենթադրյալ տուժողի կողմից հայտարարություն ներկայացվելուց հետո ողջամիտ ժամկետում՝ հաշվի առնելով տուժողի իրավաչափ շահերը: Հոգեբանական ծառայությունները մատուցվում են ավանդական և այլընտրանքային միջամտության եղանակներով՝ հաշվի առնելով տուժողի անհատական կարիքները: Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունները տրամադրվում են անվճար հիմունքներով, հոգեբանական ծառայություններ մատուցող մասնագիտական կենտրոնի կողմից, որը պետք է ունենա առնվազն 3 որակավորված հոգեբան մասնագետ և աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ, իսկ հոգեբանական ծառայությունների մատուցման նպատակով կենտրոնի հետ պայմանագիր կնքում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

 

2019 թվականի փետրվարից Երևանում սկսել է գործել «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնը», որը բացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրով: Վերականգնողական կենտրոնի նպատակն է խոշտանգում, դաժան և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք վերապրած անձանց ու նրանց ընտանիքներին ցուցաբերել համակողմանի ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական աջակցություն: Կենտրոնի աշխատակազմը կազմված է երկու հոգեբանից, սոցիալական աշխատողից, բժշկից և հոգեբույժից: Հիշյալ կենտրոնը չի ֆինանսավորվում պետության կողմից, ինչը խնդրահարույց է, քանի որ վերջինիս առկայությունը պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորմամբ: Այնինչ խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման ինստիտուտի ներդրումը ներպետական օրենսդրությունում ենթադրում է պետության միջոցների հաշվին դրա մշտական ապահովումը: Բացի դրանից՝ չկան  վերականգնողական կենտրոններ մարզերում:

 

Իրավունքի խախտման առկայության փաստի ապացուցման բեռի ոչ իրավաչափ բաշխումը

 

Ոչ նյութական վնասի հատուցման պահանջի գործերով դատարանները գործի քննության ընթացքում օրենսդրի պահանջով դատավարության կողմերի վրա դնում են իրենց կողմից վկայակոչված փաստերի ապացուցման բեռը։ Այն դեպքում, երբ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ներկայացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.2-րդ 2-րդ կետի պահանջների պահպանմամբ՝ Անձը, ... իրավունք ունի դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները։

 

Այսինքն, եթե արդեն առկա է դատարանի դատավճիռ կամ քրեական հետապնդում իրականացնող մարմնի որոշում, որով հիմնարար իրավունքի խախտման համար որևէ մեկը դատապարտվել է, ոչ նյութական վնասի հատուցում պահանջող, անձի վրա դնել լրացուցիչ պարտավորություն ապացուցելու համար իր իրավունքի խախտված լինելը, պետության՝ տվյալ խախտման համար սուբյեկտ լինելու փաստը, արդեն իսկ չափից մեծ բեռ է։ Օրինակ՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 15.02.2019 թ. թիվ ԵԿԴ/2623/02/172 քաղաքացիական գործով, ըստ հայցի Կարեն Քյուփելյանի՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, կայացրել է հայցադիմումը մերժելու մասին վճիռ։ Վճռի պատճառաբանությունը եղել է այն, որ տառապանքի առկայությունը կարող է հաստատվել ցանկացած ապացույցով, այդ թվում՝ կողմի, նրա հարազատների ցուցմունքներով: Այլ կերպ ասած` հոգեկան տառապանքի առկայությունը հիմնավորելու համար չափից ավելի ձևական պահանջները չեն բխի հոգեկան տառապանքի առանձնահատկություններից: Ուստի՝ ցանկացած ապացույց, որը կարող է վկայել հոգեկան տառապանքի առկայության մասին (օրինակ՝ ձերբակալվածին պահելու պայմանները, տևողությունը, անձի անհատական հատկանիշները՝ դյուրագրգռությունը, ներշնչվողականությունը և այլն), պետք է գնահատվի դատարանի կողմից: Նշված հիմնավորմամբ դատարանը մերժել է ներկայացված հայցադիմումը, այն դեպքում, երբ հայցվորը որպես վատ վերաբերմունքի արժանանալը հիմնավորող ապացույց ներկայացրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 17.03.2016 թ. օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որով Կ. Քյուփելյանի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարած անձը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Պետության անմիջական վերահսկողության ներքո գտնվող անձանց իրավունքների խախտման դեպքում պետության կողմից փոխհատուցում ստանալու և իրավունքի իրացման տեսանկյունից, պետք է օրենսդրությունը մատչելի լինի, դատարան ներկայացված հայցադիմումները պետք է քննվեն ապացուցման տեսանկյունից այլ ընթացակարգով, քան նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով։

 

Իրավունքի խախտման դեպքում «ծանր հետևանքներ» եզրույթի հասկացողության բացակայությունը

 

Օրենսդիրը սահմանում է, որ ոչ նյութական վնասի հատուցման չափի որոշման համար դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները։

 

Վկայակոչված նորմը սահմանում է, թե որ իրավունքի խախտման դիմաց ինչ չափի փոխհատուցում կարող է պահանջել իրավունքը խախտված անձը։

 

Նշված մոտեցումը տրամաբանական չէ այն դեպքում, երբ չկա մի այնպիսի մարմին, որը իրավասու կլինի չափելու անձի կրած տառապանքի բնույթը, տևողությունը և որ ամենակարևորն է՝ գնահատել տվյալ խախտման գումարային արժեքը։ Հոգեբանական տառապանքի բնույթն ու արտահայտման ձևերը խիստ անհատական են, ինչն էլ ենթադրում է, որ հատուցման չափն էլ պետք է անհատական լինի։

 

Մեկ այլ կետով օրենքը սահմանում է, որ բացառիկ դեպքերում պահանջվող հատուցման չափը կարող է գերազանցել սահմանված առավելագույն չափը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Այն դեպքում, երբ օրենսդիրը չի մանրամասնում, թե որն է ծանր հետևանքը և ինչպես է այն վրա հասնում, ինչ տեսակի հետևանքը կարող է համարվել ծանր։ Բացակայում է «ծանր հետևանք» եզրույթի մեկնաբանությունը, որն առաջացնում է իրավական որոշակիության հետ կապված խնդիր:

 

Այսինքն՝ «ծանր հետևանք» եզրույթի գնահատումը այս պարագայում թողնված է դատարանի հայեցողության վրա, ինչը չի կարող հանգեցնել օբյեկտիվ գնահատման, քանի որ «ծանր հետևանք» ասվածը անհատական և ներքին ընկալման խնդիր է։

 

Այսպիսով՝ արձանագրում ենք, որ թեև ՀՀ-ը ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ է նախատեսել՝ իրավական ակտերում փոփոխություններ կատարելով, սակայն այս պահին դեռևս դրանում եղած խնդիրները և հարցերը չեն հանգեցնում բուն նպատակի իրականացմանը։

 

  1. Խոշտանգման արգելքի իրականացմանը խոչընդոտող հիմնական գործոններ: Պետության՝ խոշտանգման արձագանքը բարելավելու համար անհրաժեշտ միջոցներ/առաջարկություններ

 

Թեև «խոշտանգումը» քրեականացվել է կոնվենցիաների միջազգային պահանջներին համահունչ ձևով, մինչ օրս չի հաստատվել օրենքի կիրառման կայուն պրակտիկա, ինչը դատական վիճակագրությունը համոզիչ կերպով փաստում է. մինչ օրս խոշտանգման հոդվածով ոչ մի դատավճիռ ուժի մեջ չի մտել:

 

«Պաշտոնեական լիազորությունների չարաշահման» հոդվածը խոշտանգում վերապրած անձանց՝ պետական իրավական պաշտպանության ձևավորման խոչընդոտներից մեկն է: Նախ, հանցագործությունները որակելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու խոշտանգման միջև տարբերակելու առումով չի հաստատվել հստակ իրավական մոտեցում: Այս պատճառով առկա է հին հոդվածն օգտագործելու մեծացող միտում, որը նաև արվում է մտադրված ձևով, քանի որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածը նախատեսում է ավելի մեղմ պատիժ և թույլ է տալիս պատժի կրումից ազատում՝ համաներմամբ: Ավելին՝ այս հոդվածը պատասխանատվության ենթարկելու համատեքստում սահմանափակված է վաղեմության ժամկետով և փաստացի արգելափակում է մեղավորների իրական պատիժը: Սա տեղի է ունենում քրեական գործերի՝ ոչ ճիշտ պահին հարուցման, քննությունների ձգձգման, և փաստացի պատասխանատվության ենթարկելու համար ժամկետի սպառման արդյունքում:

 

Խոշտանգման հոդվածի առկա խմբագրումը չի ներառում վատ վերաբերմունքի և արժանապատությունը նվաստացնելու դեպքերը: Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ձերբակալված կամ դատապարտված անձինք պահվում են ոչ պատշաճ պայմաններում փակ հաստատություններում: Այս հոդվածը կիրառելի չէ նման խախտումների դեպքում:

 

Խոշտանգման հաղորդումների քննությունների որակը դեռևս չի համապատասխանում արդյունավետ քննության չափանիշներին: Նման եզրահանգումն արդար է, առնվազն, քանի որ քննությունների մեծամասնությունը չեն հանգեցնում մեղավորների բացահայտմանն ու պատասխանատվությանը:

 

Խոշտանգման արգելքը գործնականում ապահովելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնացնել ջանքերը հետևյալ ուղղություններով.

 

1.սահմանել խոշտանգման հանցատեսակի համար վաղեմության ժամկետներըև համաներում կիրառելու արգելքը։

2.սահմանել քրեական պատասխանատվություն՝ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համար։  

3.խոշտանգման հանցակազմի սուբյեկտների ցանկը ընդլայնել՝ նախատեսելով հոգեբուժական հաստատություններում ի պաշտոնե գործող անձանց։

4.ապահովել խոշտանգման դեպքերի առթիվ ներկայացված հաղորդումների, դրանց հիման վրա հարուցված գործերի արդյունավետ քննություն։

5.մշակել և փակ, կիսափակ հաստատություններում կիրառել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստաթղթավորման օրինակելի նմուշի ձևաթղթեր՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին ձեռնարկի չափանիշներին համապատասխան։

6.փոփոխել ոչ նյութական վնասի հատուցման պահանջի գործերով իրավունքի խախտման առկայության փաստի ապացուցման բեռի բաշխման կարգը ի պաշտպանություն տուժողի իրավունքների։

7.վերացնել վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար մեկ տարի վաղեմության ժամկետը։

8.ներդնել խոշտանգման զոհերի հոգեբանական վերականգնման աջակցության մեխանիզմներ, անհրաժեշտության դեպքում տուժածների և վկաների, նրանց ընտանիքի անդամների համար անվտանգության արդյունավետ միջոցների ապահովման երաշխիքներ։

9.ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․3 հոդվածով նախատեսել նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից տուժած անձանց փոխհատուցման իրավունքը։

10.նախատեսել Խոշտանգումից, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից տուժած անձանց փոխհատուցան և ռեաբիլիտացիայի իրավունքի ծագումը՝ սկսված այն պահից, երբ կասեցվում է քրեական գործի վարույթը։

11.ՀՀ Կառավարության 26․10․2017 թվականի N 1367-Ն որոշմամբ նախատեսել պետության հաշվին ռեաբիլիտացիայի իրավունքը անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից տուժած անձանց, ինչպես նաև՝ այդ անձի հարազատների համար։

 

Ամփոփ տեղեկատվությունը (հեղինակ՝ Օֆելյա Զալյան) պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Հանրային դատավճիռ հիմնադրամի համակարգմամբ (համակարգող՝ Տաուբինա Նատալիա, խմբագիր՝ Նովիկովա Ասմիկ)՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խմբի շրջանակներում: Աշխատանքային խմբի գործունեությունն իրականացվում է Պլատֆորմի՝ «ԵԱՀԿ տարածաշրջանում քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդում. մարդու իրավունքների պաշտպանության խթանում՝ դրա ազդեցության, կայունության և կարողության ամրապնդում» ծրագրի շրջանակներում, որը ղեկավարվում է German-Russian Exchange (Գերմանա-ռուսական փոխանակում) հասարակական հարթակի կողմից:  

 

Հայաստանում խոշտանգման արգելքի իրավիճակի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ⬇️

Տես նաև՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խումբը մշակել է խոշտանգումների արգելման համաթվեր՝ ութ երկրների համար․ նրանց թվում է Հայաստանը

 

[1] Տե՛ս ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2019 տարեկան զեկույցը. https://www.ombuds.am/images/files/f6bccc6db65258e28be6f3e093987a15.pdf

[2] https://hcav.am/en/edgar-tsatinyan-20-05-2020/, https://hcav.am/en/e-tsatinyan-10-09-19/

[3] In regard to HCA Vanadzor advocate’s complaint, the RA Court of Cassation recorded that the investigation into the torture case was not effective, HCA Vanadzor, June 11, 2020 https://hcav.am/en/karapetyan-hakobjanyan/

[4] Տե՛ս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.3 հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ հոդվածները։

[5] A study on problems recorded within cases of compensation for non-pecuniary damage, HCA Vanadzor, November 20, 2019, https://hcav.am/en/voch-nyutakan-vnas/

Դիտումներ՝ 1031

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????