Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Քաղհասարակությանը թիրախավորելով՝ Կրեմլն ուղղակի փորձում է տորպեդահարել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները»․ Արթուր Սաքունց

February 20, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

- Պարո՛ն Սաքունց, վերջին շրջանում դրամաշնորհներ ստացող կազմակերպությունների դեմ կարծես արշավ է սկսվել: Ինչո՞վ եք բացատրում սա:

 

- Ժամանակ առ ժամանակ այդ մասին առանձին հիշատակումներ եղել են, դա այլ թեմա է, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում շատ ուժեղ թիրախավորվեցին հասարակական կազմակերպությունները, և հատկապես Սորոսի հիմնադրամի ֆինանսավորման խնդիրը շեշտվեց:

 

Նման հրապարակումներ միշտ եղել են, բայց մի բան է, երբ այդ հրապարակումները լինում էին նախկին իշխանության օրոք, մի բան է, որ հիմա են լինում: Դա մի քիչ տարօրինակ է այն պատճառով, որ նոր իշխանության պարագայում պարզ է, որ իշխանության համար դա պետք է խնդիր չլինի: 

 

Ինչո՞ւ, որովհետև ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական համակարգի բարեփոխումներ, հակակոռուպցիոն ռազմավարություն՝ սրանք այն հարցերն են, որոնցով տարիներ շարունակ զբաղվել են հենց քաղաքացիական հասարակության այն ինստիտուտները, որոնց թիրախավորում են:

 

Եվ սա պետք է որ որևէ կերպ տեղի չունենար: Այս թիրախավորումը շատ հետաքրքիր է այն իմաստով, որ հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում: Հասկանալի է արդեն, որ այս թիրախավորումն ունի աշխարհաքաղաքական ինչ-որ նպատակ: Եվ հասկանալի է, որ աղբյուրը հանդիսանում են ռուսական շրջանակները՝ Կրեմլի շրջանակները:

 

- Ինչո՞ւ հիմա:

 

- Որովհետև թվում է, թե մենք խոսում ենք քաղաքացիական հասարակության մասին կամ Սորոսի հիմնադրամի մասին, բայց իրապես սա քաղաքական նպատակ ունի: Եվ այն փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունենում, արդեն այլևս անշրջելի են: Սա արձանագրենք: Անշրջելի են զուտ այն իմաստով, որ ընտրությունների արդյունքում ամրագրվեց՝ այն ուժը, որը թավշյա հեղափոխության քաղաքական կրողը դարձավ, արդեն մեծամասնություն է, կառավարություն ձևավորեց: Եվ մենք տեսնում ենք, որ թիրախավորման այս ուժգնացումը հետագա բարեփոխումներին միտված քայլերին զուգահեռ ուժեղանում է:

 

Զարմանալին այն է, որ ըստ էության մենք նաև քննադատում ենք կառավարությանը, մենք ԵՄ-ի հետ ընդլայնված համագործակցության ճանապարհային քարտեզ ենք առաջարկում կառավարությանը: Բայց այն պատկերացումները և մոտեցումները, որ տարիներ շարունակ մեր կողմից արձանագրված, փաստագրված, հիմնավորված համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ են, մեր այդ առաջարկությունները լիարժեք չեն արտացոլվում Կառավարության ծրագրում, ինչպես մենք ակնկալում ենք, չնայած կա աշխույժ երկխոսություն:

 

Եվ այս անշրջելիությունն այլևս իր բոլոր թերություններով հանդերձ կարծես թե մտահոգություն է առաջացնում Կրեմլում: Մտահոգություն այն իմաստով, որ բովանդակային առումով Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ անդամ երկրների վիճակից:

 

Այսինքն՝ ոչ թե մեխանիկորեն ենք հեռանում ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից, այլ բովանդակային առումով ենք հեռանում: Եվ այս բովանդակային հեռացումը շատ ավելի վտանգավոր է: Եվ նրանք չեն կարող, առիթ էլ չունեն կոպիտ միջամտելու: Հիմա փորձում են թիրախավորել այն կազմակերպություններին, որոնք ըստ էության հանդիսանում են այդ բարեփոխումների և՛ շահառուն, և՛ ուղղակի աջակիցը: Հաշվի առնելով այն, որ իրապես նոր իշխանությունը բավական քիչ կադրային ռեսուրսներ ու կարողություններ ունի, որպես այդպիսի ռեսուրս հանդիսանում է քաղաքացիական հասարակությունը:

 

Եվ հիմա այս թիրախավորումը նպատակ է հետապնդում տորպեդահարելու ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում: Այսինքն՝ դանդաղեցնելու, խոչընդոտելու այդ այլևս անշրջելի գործընթացը:

 

Կա նաև մեկ հարց, որ մեր ֆինանսավորման աղբյուրները չեն գտնվել նախկին ավտորիտար իշխանության հսկողության ներքո և չէին կարող գտնվել, և ոչ էլ հիմա Կրեմլը կարող է հսկողություն սահմանել: Սա պետք է հասկանալ և պետք է շատ պարզ գիտակցել, որ քաղաքացիական հասարակությանը թիրախավորելով՝ Կրեմլը ուղղակի փորձում է տորպեդահարել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները:

 

Եվ այս պարագայում ամենևին զարմանալի չէ որոշ լրատվական միջոցների վարքը՝ «Իրավունք», «Գոլոս Արմենիի», Lurer.com, «Sputnik Արմենիա», որոնք ժամանակ առ ժամանակ ՀԿ-ներին թիրախավորում են: Իհարկե, որոշ լրատվամիջոցներ էլ այս ընթացքում վերափոխվեցին, տրանսֆորմացվեցին, և ակնառու երևում է նրանց մոտեցման ու բովանդակության փոփոխությունը: Ես դա ուղղակի կապում եմ Ռոբերտ Քոչարյանի և նախկին ավտորիտար իշխանության դեմ քրեական գործերի հարուցմամբ: Անհանգստացնող գործոն է Կրեմլի համար նաև այն, որ մենք տարիներ շարունակ պահանջել ենք «Մարտի մեկի» այդ պետական ահաբեկչության բացահայտում:

 

Ինչո՞ւ է անհանգստացնում, որովհետև հետխորհրդային տարածքում, բացառությամբ մերձբալթյան երկրների, որևէ նման նախադեպ չի եղել, որ պետության նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում լինի: Եթե նայենք քաղաքական դաշտի առումով, ապա առավել քան անկախ ու հետևողական արդարադատության իրականացման պահանջով ու որպես դրան աջակից, հանդես է գալիս հենց քաղաքացիական հասարակությունը:

 

Սա էլ մյուս գործոնը: Եվ դրանով պայմանավորված՝ տեղական որոշ լրատվամիջոցների կերպարանափոխումը և մոտեցման փոփոխությունն ակնառու են, դա զարմանալի չէ: Բայց երբ այս ամենին միանում է «Հայկական ժամանակը», դա իմ նշած տրամաբանության մեջ ամենևին չի տեղավորվում:

 

- Ըստ ձեզ՝ Հայաստանի իշխանության դիրքորորոշումն ինչպիսի՞ն է այս հարցում:

 

- Սա լավ հարց է: Մենք գործ ունենք հետևյալ կարևոր հանգամանքի հետ, որ իշխանությունը հրապարակավ ներկայացնի իր վերաբերմունքն ու դիրքորոշումը: Մի կողմից, իհարկե, դա ցանկալի է, որ բացի գործողություններից, նաև հրապարակային խոսքում դա նշվի, մյուս կողմից՝ մենք լավ ենք գիտակցում, որ իշխանությունը դեռ չունի այն աշխարհաքաղաքական ռեսուրսը՝ անկախ և ինքնուրույն գործելու: Մենք ունենք մտահոգություն այն առումով, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրով Կառավարության ծրագրի հետ կապված չտեսանք այն, ինչ մենք ակնկալում էինք:

 

Եվ այս անհստակությունը, երբ զուգահեռվում է նման խոսքի բացակայությամբ, արդեն խոսքի բացակայությունը բոլորովին այլ բովանդակություն է ստանում: Խոսքը չկա, նաև անհստակությունն է առկա, դա արդեն այլ բովանդակություն է ստանում: Եվ այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք իշխանությունը տուրք է տվել այդ արտաքին աշխարհաքաղաքական հնարավոր ճնշումներին և որոշակի զիջում է իր դիրքերը: Սա հռետորական հարց է, պնդում չէ:

 

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մեզ թիրախավորում են, մենք դրան ուշադրություն չենք դարձնում, այդ տեղեկություններն ակնհայտ սուտ են: Նախ՝ ֆինանսավորումը ստանում են կազմակերպությունները, ոչ թե անհատները: Երկրորդ՝ շատ տարօրինակ կլիներ, եթե մենք աջակցություն ստանայինք քրեաօլիգարխիկ շրջանակներից, որոնց հարստությունը բովանդակությամբ ու ծագումով կրիմինալ է: Ոչ ոք մեզ չի թելադրում, թե ինչպես պետք է աշխատենք, մենք աջակցությունը ստանում ենք խնդիրների լուծման համար: Տարիներ շարունակ այդպես է եղել, և դա է եղել երաշխիքը, որ տարիներ շարունակ անկախ դիտարկումների արդյունքում կարողացել ենք ստանալ փաստեր, վերլուծություններ, նաև առաջարություններ, որոնք այսօր պիտանի են դառնում:

 

medialab.am

Դիտումներ՝ 744

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????