Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Ի՞նչ տպավորություն ստացաք 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստից։ Համացանցում քննադատության պակաս չկա, դուք ինչպես եք գնահատում։
Առաջին նիստից տպավորություն ստացա, որ գործ ունենք երկու հստակ քաղաքական բովանդակություն ունեցող խմբակցությունների հետ։ Զգացվում է, որ քաղաքական բովանդակություն ունի երկու խմբակցություն՝ «Իմ քայլը» դաշինքն ու «Լուսավոր Հայաստանը»։ ԲՀԿ-ում ես որևէ քաղաքական բովանդակություն չեմ տեսել թե ելույթներում, թե մոտեցումներում, թե դիրքորոշումներում։ Երկրորդ` թեև «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում քվեարկելու են ԲՀԿ-ի թեկնածուի օգտին, սակայն ելույթները, որ ունեցան առանձին պատգամավորներ այդ դաշինքից, հստակ նշում էին, որ իրենք անձնական գերապատվությունը տալիս են Մանե Թանդիլյանի թեկնածությանը` որպես ավելի հարմար թեկնածու, որն ունի քաղաքական բովանդակություն։ Միաժամանակ, հայտնում էին, որ կա որպես միասնական քաղաքական թիմ հանդես գալու հրամայականը։
Ես անձամբ որպես քաղաքական թիմ հանդես գալու սկզբունքին որևէ հակափաստարկ չունեմ, որովհետև իսկապես թիմը պետք է միասնական հանդես գա։ Ինձ ավելի շատ մտահոգում է, որ թիմը միասնական կարող է լինել նաև ոչ ճիշտ դիրքորոշումներ ունենալու դեպքում։ Այսինքն` քաղաքական դիրքորոշման հիմքում պետք է քաղաքական սկզբունքներ լինեն, ոչ թե միայն զուտ միասնական թիմ հանդես գալու սկզբունքը, այլ նաև որևէ հարցի շուրջ քվեարկության հիմքում պետք է ընկած լինեն սկզբունքներ։ Միայն որպես միասնական թիմ հանդես գալու սկզբունքը խիստ մտահոգիչ է, որովհետև կարող են լինել նաև բովանդակային տեսակետից ոչ հիմնավոր դիրքորոշումներ, բայց էլի հանդես գան որպես միասնական թիմ։ Այդ դեպքում կուսակցական կարգապահությունը դառնում է ինքնանպատակ։
Նախկինում էլ քաղաքական մեծամասնությունը շատ հաճախ այդպես էր գործում։
Ես չէի համեմատի նախկինի հետ, որովհետև նախկինում որևէ պատգամավոր չէր էլ համարձակվի հրապարակավ իր կարծիքը ազատ արտահայտել որը կարող էր իր բովանդակությամբ հակադրվել միասնական քվեարկության որոշմանը։ Ըստ էության, նրանք ազատ հայտարարում էին, որ այնուամենայնիվ իրենց համակրանքը Մանե Թանդիլյանի թեկնածության կողմն է։ Միաժամանակ հասկանալի է դառնում, որ իրենք որոշել են թիմի միասնականությունը չխաթարել։ Իսկ հետո ինչ հարցեր կլինեն, ինչ բնույթի քվեարկություններ կլինեն, դա ինձ համար մտահոգիչ է։ Արդյոք բացարձակ մեծամասնություն ունեցող խմբակցության պատգամավորները ինչ-որ հարցերի ժամանակ կհակառակվեն թիմի որոշմանը, թե ոչ։ Երկրորդ, արդյոք հակառակվելը կամ ընդհանուր որոշումը չընդունելը ինչ-որ հետևանքներ կունենա այդ պատգամավորների համար։
Նշվեց, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության քվեարկությունն իրենց առաջին քննությունն է լինելու։
Ես բոլոր դեպքերում ամբողջովին հավանություն չեմ տալիս որպես երկրորդ քաղաքական ուժ սկզբունքի հիման վրա քվեարկությանը, որ եթե երկրորդ ուժը ԲՀԿ-ն է, ուրեմն նրա թեկնածուի օգտին պետք է քվեարկել։ Դա բացարձակապես որևէ քաղաքական բովանդակություն չունեցող մոտեցում է։ Եթե ես լինեի, չէի քվեարկի այդպես։
Պարոն Սաքունց, խորհրդարանում էլի օլիգարխ կա, որ նշում է, որ ինքը սեփականատեր է։ Խնդիրների մի ամբողջ համակարգ, այնուամենայնիվ, մնացե՞լ է։
Մենք ունենք մի վիճակ, երբ նախկին համակարգի միակ ներկայացուցիչը ԲՀԿ-ն է, որը ինչպես չի ունեցել քաղաքական բովանդակություն, այնպես էլ չունի հիմա։
Այդ դեպքում իշխանության ինչի՞ն է պետք քվեարկել նման ուժի թեկնածուի օգտին։
Ես չգիտեմ, դա պետք է իշխանությանը հարցնել։ Այն հիմնավորումը, որ ներկայացվել է, որ ԲՀԿ-ն թվով երկրորդն է, հետևաբար, իրենց թեկնածուին ենք քվեարկելու, դա որևէ քաղաքական բովանդակություն չունեցող դիրքորոշում է։
Տարբեր կարծիքներ են հնչում, որ այս ամիսներին ՀՀ իշխանությունը արտաքին քաղաքականությունը տապալել է։ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը այս տարի իրատեսական չէ։ Ձեր կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում կա՞ ձախողում։
Ես ոչ մի ձախողում չեմ տեսնում։ Նման գնահատականների հետ կտրուկ համաձայն չեմ։ Այն փաստարկը, որ բերվում է, որ իբր Հայաստան-ԵՄ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը այս տարի չի վավերացվելու և դա ձախողում է, նման ձևակերպումը ելնում է նրանից, որ նրանք պատշաճ իրազեկված չեն ԵՄ-ում որոշումների ընդունման ընթացակարգերին։ Դա ԵԱՏՄ-ն չէ, որտեղ կարող է մեկն առաջարկել, իսկ մնացածը գլուխները կախ քվեարկեն։ ԵՄ անդամ երկրներն իրենք են որոշում, թե երբ իրենց որոշումները կայացնեն ըստ իրենց հիմնավորումների։ Դա իրապես կարող է երկար տևել։ Բնականաբար, նոր կառավարությունը չէր կարող 7-8 ամսվա ընթացքում հասցնել իր արտաքին քաղաքական ռեսուրսները կազմակերպել։ Այժմ դեսպանների փոփոխություններ են տեղի ունենում, իսկ արտաքին քաղաքականության ինստիտուտներն առաջին հերթին դեսպաններն են։ ԱԳՆ-ում տեսանք, որ երկու փոխնախարար փոխվեց, հիմա էլ Ռուբեն Ռուբինյանը դարձավ պատգամավոր։ Այսինքն, այստեղ ձախողման մասին խոսք լինել չի կարող։
Մյուս կողմից, այն փոփոխությունները, որ Հայաստանի Հանրապետությունում ընթանում են, դրանք շատ լուրջ համակարգային փոփոխություններ են։ Այսինքն, նախկին համակարգի ապամոնտաժումը դեռեւս ավարտված չէ և նոր համակարգի ձևավորումը նոր-նոր սկսվում է։ Այդ առումով, բնականաբար, ձախողման մասին չի կարելի խոսել։ Ձախողման մասին բոլոր գնահատականները ավելի շատ փորձում են նեգատիվ, բացասական տեսքով բնութագրել հեղափոխությունը, որի արդյունքում այդ ամբողջ կոռումպացված ու անպատժելի համակարգը վերացավ։ Նման գնահատականները միայն մեկ նպատակ ունեն՝ վարկաբեկել հեղափոխությունը և փորձել դրանով ձևավորել այն պատկերացումը, թե իբր, ճիշտ է, նախորդ իշխանությունը կոռումպացված էր, անպատժելի էր, բայց ավելի լավ էր։
Հայաստանի Հանրապետությունը արտաքին քաղաքական ոլորտում ամբողջությամբ ստացել է նախորդ ռեժիմի ժառանգությունը։ Դրանք տարիների ընթացքում են ձևավորվել, այդ պարտվողական, պետական շահերի զիջման հաշվին սեփական իշխանությունը պահպանելու այդ քաղաքականությունը նա չէր կարող 7 ամսում փոխել։ Արտաքին դերակատարները նույնպես սպասողական ռեժիմի մեջ են, բնականաբար, թե ինչ ընթացք են ստանալու գործընթացները։ Նրանք ավելի շատ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և սպասելիքների առումով նոր-նոր պետք է ակնկալեն քայլեր։ Դրա համար ձախողում ասածը ես կտրականապես չեմ ընդունում։ Ընդհակառակը, պոտենցիալ հնարավորությունները բավական մեծ են։ Բայց նախորդ համակարգի այդ իներցիան կանգնեցնելու և նոր մոտեցումներ ձևավորելու, կամ ձևավորված մոտեցումների իրականացման ուղղությամբ քայլերի համար ոչ ժամանակը, ոչ ռեսուրսները բավարար չէին։
ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը շարունակելու են մնալ վարչապետի ենթակայության տակ, այսինքն՝ պահպանվում է սուպերվարչապետական մոդելը: Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումն այս հարցում։
Ես կտրականապես դեմ եմ և գտնում եմ, որ սուպերվարչապետական ինստիտուտը պետք է ապամոնտաժվի, որովհետև նախորդ անձնակենտրոն իշխանության տրամաբանությանը համապատասխան համակարգ էր։ Դա ամբողջությամբ իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի խեղաթյուրում էր։ Այստեղ իհարկե, անձերը կարող են միայն որոշ ժամանակ այդ համակարգի բուն բովանդակային արատավոր սկզբունքին դիմագրավել։ Բայց իշխանությունը շատ գայթակղիչ երևույթ է։ Չպետք է հետաձգվի սուպերվարչապետական համակարգի ապամոնտաժումը։ Դրա մասին քաղհասարակության կողմից դեռևս նախորդ տարի դեկտեմբերին ճանապարհային քարտեզ առաջարկեցինք, որտեղ նաև այդ համակարգային խնդիրներին ենք անդրադարձել՝ սահմանադրական փոփոխություններ, իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունք, անկախ դատական իշխանության ձևավորում։ Իսկ իշխանությունների տարանջատման սկզբունքի կարևոր կետերից մեկը իրավապահ մարմինների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության մեծացումն է, արդյունավետ խորհրդարանական վերահսկողության ձևավորումը։ Այդ տեսակետից, ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո։
Կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է լինի անկախ պետական մարմին, ինչպես ասենք Հանրային ծառայությունները կարգավորող մարմինն է, քաղծառայության խորհուրդն է կամ ԿԸՀ-ն։ ԱԱԾ-ի նկատմամբ պետք է սահմանվի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն։ Ոստիկանությունը պետք է լինի Ներքին գործերի նախարարության կազմում, այսինքն՝ պետք է ստեղծվի Ներքին գործերի նախարարություն։ Որոշ երկրներում ոստիկանությունը տարածքային կառավարման նախարարության կազմում է որպես հասարակական կարգի պահպանություն, իսկ քրեական մարմիններն էլ կարող են առանձին լինել։ Բոլոր դեպքերում, դրանք պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո։