Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Սասուն Միքայելյանը պետք է անձամբ հայտարարի նման գործողությունները դատապարտելու, ընտրություններն ազատ անցկացնելու մասին». իրավապաշտպան

October 20, 2018

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի քարոզարշավի շրջականերում հրապարակված փաստերից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է պաշտոնապես հայտարարի, որ ընտրություններում վարչական ռեսուրսների օգտագործումն արգելվում է:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է արձանագրենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի պաշտպանում Սևակ Միքայելյանի թեկնածությունը: Սա կարևոր դիտարկում է, որից ելնելով պետք է տալ այս միջադեպի գնահատականը:

«Մյուս կողմից՝ օրենքի առաջ բոլորի հավասարության ու պատասխանատվության սկզբունքը ենթադրում է, որ պետք է իրապես, ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, նաև մյուս համայնքներում ապահովել ազատ ու արդար ընտրություններ: Եվ անկախ այն բանից, թե թեկնածուն որ կուսակցության ներկայացուցիչ է կամ որ կուսակցության հետ փոխկապակցված անձի հետ է կապվում նրա անունը, եթե օրենքի խախտում թույլ է տալիս, ապա պետք է անպայման պատասխանատվության ենթարկվի»,- «Մեդիալաբի» ասում է Արթուր Սաքունցը:

Նշեք, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է: Թեև կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, թե չի սատարում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը, սակայն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ Սևակ Միքայելյանի օգտին վարչական ռեսուրս է գործի դրվել:

Ըստ այդ փաստերի՝ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքների՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին: Այս ամենը փաստող ձայնագրություն կա, թե ինչպես է Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանը խոստանում 100 մարդ բերել Սևակ Միքայելյանի նախընտրական հանրահավաքին:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի համաձայն, նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ նախևառաջ Սասուն Միքայելյանը պետք է քաղաքական պատասխանատվություն կրեր և ապահովեր, որ նման դեպքեր չլինեն:

«Սրանով արդեն ինքն իրեն դուրս է դնում այն տրամաբանության շրջանակներից, որը բազմիցս սահմանվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից: Այնպես որ, պետք է անհապաղ հայտարարություն տարածվի, որ արգելվում է վարչական ռեսուրսի օգտագործումը, նաև միջոցներ պետք է ձեռնարկվեն այդ վարչական ռեսուրսների չարաշահման դեպքերը կանխելու, ավելին, նաև դրանց տուրք տվողներին, նկատի ունեմ՝ դպրոցների տնօրեններին և այլոց, պետք է հստակ հասկացնել, որ իրենք պետք է նման առաջարկները մերժեն»,- ասում է Սաքունցը:

Նրա խոսքով՝ եթե ՀՀԿ իշխանության տարիներին դպրոցների տնօրենները ձայների հավաքագրմամբ էին զբաղվում, ապա այսօր այդ նույն տնօրենները պետք է հասկանան, որ նոր իրողություն է երկրում, և քաղաքական իշխանությունն իրենց առաջ նման պահանջ չի դրել: Եթե նման գործելաոճը ոմանց կողմից շարունակվում է, իրավապաշտպանի խոսքով, ուրեմն եզրակացություններ չեն արվել: «Արձանագրենք, որ սա եզակի դեպք է, որովհետև Երևանի ավագանու ամբողջ ընտրարշավի ընթացքում մենք նման ահազանգեր չենք ստացել»,- նշեց նա:

Հարցին, թե արդյոք այս պայմաններում Սևակ Միքայելյանը պե՞տք է շարունակի քարոզարշավը, Արթուր Սաքունցը պատասխանեց, որ այդ հարցը պետք է առնվազն քննվի տարածքային ընտրական հանձնաժողովում:

«Այստեղ կա քաղաքական պատասխանատվության հարց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է Սասուն Միքայելյանը և ԱԺ խմբակցության անդամը: Նա պետք է անձամբ հայտարարի նման գործողությունները դատապարտելու, ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու քաղաքական կամքի ու վարքագծի մասին»,- ասաց նա:

Նշեք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ իր ղեկավարած կուսակցությունը չի սատարում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը, ասել էր. «Ընտանեկան ավանդույթները չպետք է լինեն քաղաքական կյանքում»:

Հարցին, թե չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, արդյոք այսօր նկատելի՞ է ծանոթ-բարեկամների՝ պաշտոնների նշանակելու միտում, Արթուր Սաքունցը պատասխանեց.

«Ես չէի ուզենա նույնականացնել, բայց պետք է մարդ զերծ մնար նույնականացվելու այդ միտումներից: Քաղաքական պատասխանատու գործիչը, երբ մասնակցում է մի պրոցեսի, որի նպատակը հենց նախորդ կանոնների մերժումն է, պետք է թույլ չտա հին կանոնների կիրառումը և հրաժարվի դրանցից»:

medialab.am

Դիտումներ՝ 265

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????