Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտարարություն

March 7, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Հայտարարություններ

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոնշյալ կազմակերպություններս, պահանջում ենք միջազգային գործընկերներից խստորեն և անվերապահորեն դատապարտել 2023թ. մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայողների սպանությունը:

 

Մենք հավատում ենք, որ այս բնույթի կազմակերպված հարձակում կարող էր տեղի ունենալ միայն Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հանձնարարությամբ և հովանավորչությամբ: Դա հաստատվում է նաև նրանով, որ դեպքերի անկախ հետաքննությունն ապահովելու փոխարեն պաշտոնական Բաքուն առաջարկել է սեփական խոսույթը, որպեսզի արդարացնի սպանությունները՝ դրանք ներկայացնելով որպես արձագանք Երևանից դեպի Արցախ «ռազմական տեխնիկա, զինամթերք և անձնակազմ փոխադրելու» փորձին: Նշենք, որ Հայաստանի պաշտոնյաներն առաջարկել են մի քանի անգամ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ՝ նաև վերահսկելու ենթադրյալ սպառազինությունների մատակարարումը:

 

Նման բռնի դեպքերը կրկնվելու են, քանի դեռ չկան մշտադիտարկման և փաստահավաք առաքելությունները, որպիսիք Հայաստանի Հանրապետությունը և Արցախի իշխանությունները շարունակաբար պահանջում են: Նման ծանրհանցագործությունները կարող են կրկնվել նաև այն պատճառով, որ նախագահ Ալիևը նախընտրել է անտեսել միջազգային հանրությանը՝ բացեիբաց նշելով, որ. «Կարող են լինել կոչեր, կարող են լինել որոշ հայտարարություններ, բայց մենք կարիք չունենք ուշադրություն դարձնելու դրանց: Մենք պատասխանում ենք այս կոչերին՝ քաղաքավարությունից ելնելով, բայց սա ոչ մի կերպ չի փոխում մեր դիրքորոշումը»: Իրականում սա նշանակում է, որ միջազգային հանրության կողմից դատապարտումը բավարար չէ – Ադրբեջանի և նրա պաշտոնյաների համար պետք է լինեն միջազգային կոնկրետ հետևանքներ:

 

Հատկանշական է, որ արյունալի հարձակումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումից ավելի քան տասն օր հետո, որով Դատարանը պարտադրում է Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել իր հնարավորության սահմաններում բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձանց, մեքենաների և բեռերի անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։

 

Դատարանի՝ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ որոշումից հետո նախագահ Ալիևը ոչ միայն չի ապահովում այդ որոշման կատարումը, այլև չի վարանում արյունոտ միջոցների դիմել՝ Արցախի ժողովրդին սարսափի մեջ պահելու համար: Վերջերս ադրբեջանական զինված ուժերը կրակ են արձակել գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող քաղաքացիների ուղղությամբ: Արցախից ստացված պաշտոնական հաղորդագրություններում նաև ասվում է, որ ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել է, որ կա՛մ Արցախի ժողովուրդը «ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ խնդիրները լուծում չեն ստանա, ընդհակառակը, կլինեն ավելի կոշտ և ավելի կտրուկ քայլեր»:

 

Տարածաշրջանում կան ոչ միայն ռազմական էսկալացիայի, այլև էթնիկ զտումների լուրջ և ակնհայտ մտադրության բոլոր վաղ նշանները: Եթե ժամանակին և պատշաճ կերպով արձագանք չտրվի դրանց, ապա շուտով Արցախը կավելանա մարդկային ողբերգությունների ցանկին և կգրանցվի որպես միջազգային հանրության մեկ այլ ձախողում։ Միջազգային գործընկերները պետք է իրենց տրամադրության տակ եղած բոլոր քաղաքական և իրավական միջոցները կիրառեն Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները խստորեն դատապարտելու և Ադրբեջանից պահանջելու համար.


• ապահովել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք և Արցախ՝ գնահատելու տեղի հայ բնակչության
մարդու իրավունքներն ու անվտանգության վիճակը,
• անվերապահորեն իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ վերականգնելով Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց, փոխադրամիջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով,
• անհապաղ բացահայտել 2023 թվականի մարտի 5-ի սպանությունը կատարած անձանց և պատասխանատվության ենթարկել նրանց:

 

Եթե այդ օրինական պահանջները չեն բավարարվում, ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերներն օգտագործեն իրենց տրամադրության տակ գտնվող իրավական գործիքները՝ ստեղծելու համար արդյունավետ մեխանիզմներ արցախցիների կյանքի անօտարելի իրավունքը պաշտպանելու համար: 

 

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Հանուր հավասար իրավունքների ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Դիտումներ՝ 49

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????