Հայտարարություններ | Հրապարակումներ | Սեփական
2024թ․-ի ապրիլի 5-ին ՀՔԱՎ գրասենյակ է դիմել իրավապաշտպան Անտոն Շչերբակը։ Վերջինս երկար տարիներ Ռուսաստանում զբաղվել է մարդու իրավունքների, մասնավորապես զինվորականների և զորակոչիկների իրավունքների պաշտպանությամբ, համագործակցել «Զորակոչիկների դպրոց» կազմակերպության հետ (պաշտոնական կայքէջը՝ https://netprizyvu.ru/)։ Ա․Շչերբակը հայտնել է, որ օրերս Ռուսաստանում, ապա՝ Հայաստանում արգելափակվել է «Զորակոչիկների դպրոց»-ի կայքէջը։
Հայաստանում կայքէջի արգելափակմամբ ՀՀ-ն խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ՝ Արտահայտվելու ազատության իրավունքը, ըստ որի՝
Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ (․․․)
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջել՝ տեղեկատվություն տրամադրել կայքէջի արգելափակման պատճառների և իրավական հիմքերի վերաբերյալ։ Միաժամանակ, կազմակերպությունը պահանջել է վերացնել կայքի արգելափակումը ՀՀ-ում և ապահովել դրա անխափան գործունեությունը։
Կազմակերպությունն արձանագրում է, որ իրավաչափ չէ Ռուսաստանի Դաշնության տարածքում կայքէջի գործունեության սահմանափակման նույնական կիրառումը Հայաստանի տարածքում։
Leave a Reply