Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ադրբեջանում կամայական կալանքի տակ են պահվում երեք տասնյակից ավելի հայեր․ հայտարարություն

October 11, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի տասնամսյա շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին։ Այս ագրեսիան ակնհայտորեն միտված էր էթնիկ հայերի վերջնական տեղահանմանը։ Հետևաբար, օրերի ընթացքում ավելի քան 100 600 անձ ստիպված եղավ լքել իր տունը և ապաստան փնտրել Հայաստանում, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց վերջնական էթնիկ զտման։

 

Ադրբեջանի վայրագություններին հաջորդեց Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա դե ֆակտո պետական ​​և զինվորական պաշտոնյաների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի (ԼՂ նախկին պետնախարար), Դավիթ Բաբայանի (Արցախի  Արտաքին գործերի նախկին նախարար), Բակո Սահակյանի (Արցախի Հանրապետության նախկին նախագահ), Արկադի Ղուկասյան (Արցախի Հանրապետության նախկին նախագահ), Արայիկ Հարությունյանի (Արցախի Հանրապետության նախկին նախագահ), Դավիթ Իշխանյանի (Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ), Դավիթ Մանուկյանի (Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ), Լևոն Մնացականյանի (Պաշտպանության բանակի նախկին հրամանատար)՝ շինծու, հիմնականում ահաբեկչությանն առնչնվող մեղադրանքներով կամայական ձերբակալությունների ու կալանավորումների նոր շրջափուլը։ Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված նկարներն ու  տեսանյութերը ցույց են տալիս նրանցից ոմանց կալանավորումների արժանապատվությունը նվաստացնող տեսարաններ։ 

 

Մինչ օրս Ադրբեջանում կամայական կալանքի տակ են պահվում երեք տասնյակից ավելի հայեր: Այս խմբի մեջ են 2020 թվականի պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետում և Հայաստանի դեմ ռազմական հարձակումների արդյունքում ձերբակալված անձինք: Ակնհայտ է, որ Ալիևի վարչակազմն օգտագործում է գերիներին որպես սակարկման առարկա՝ նրանց պատանդ պահելու միջոցով Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Կարևոր է նշել, որ բոլոր գերիները Ադրբեջանում դատապարտվել կամ մեղադրվել են անհիմն մեղադրանքներով։

 

Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր էթնիկ հայերի կյանքը՝ ապօրինի կալանավորված, թե բանտարկված, լուրջ վտանգի տակ է, և կա նրանց խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ենթարկվելու զգալի ռիսկ: Այդ անձանց համար արդար դատավարության երաշխիքներ ապահովելու հավանականության քննարկումն ապարդյուն է:

 

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2022 թվականի զեկույցում ԱՄՆ Պետդեպարտամենտը  ընդգծել է դատական ​​համակարգի անկախությանն առնչվող համատարած խնդիրները՝ նշելով, որ դատական ​​համակարգն ընդհանուր առմամբ չի ապահովում արդար և հրապարակային դատաքննության իրավունքը շատ դեպքերում, որոնք մեծամասամբ համարվում էին քաղաքական դրդապատճառների վրա հիմնված՝ հղում անելով նաև արժանահավատ հաղորդումների, որոնք վկայում են, որ նման դեպքերում դատավորներն ու դատախազները ենթարկվել են Նախագահի վարչակազմի և Արդարադատության նախարարության հրահանգներին։ Զեկույցը նաև հատուկ անդրադառնում է  ինչպես 2020 թվականի աշնան ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայ քաղաքացիական անձանց և զինծառայողների հետապնդումներին՝ պնդելով, որ   Կառավարությունը շարունակել է հետապնդել ձերբակալված հայ քաղաքացիական անձանց և զինծառայողներին հանրային դատավարություններով, որոնցում չէին պահպանվում պատշաճ ընթացակարգի դրույթները, ինչպիսին է՝ սեփական փաստաբանի ընտրության իրավունքը։ 

 

Ադրբեջանում անկախ դատական համակարգի իսպառ բացակայությունը փաստաթղթավորվել է նաև Freedom House-ի 2022թ․-ի զեկույցում, որում նշվում է, որ դատական համակարգը կոռումպացված է և ենթարկվում է գործադիրին։ Human Right Watch-ը իր զեկույցներում պարբերաբար փաստաթղթավորել է, ի թիվս այլնի, ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների խոշտանգումները, դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ֆիզիկական բռնության և նվաստացումների դեպքերը։ HRW-ն ընդգծել է գերեվարված մարտիկներին ռազմագերու կարգավիճակ տալու և ռազմական գործողությունների ավարտին նրանց վերադարձը ապահովելու անհրաժեշտությունը, իսկ հայ ռազմագերիների հետապնդումը որակվել է որպես  Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում։ 

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) իր 2391 (2021) բանաձևում մտահոգություն է հայտնել եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված և դեռևս գերության մեջ գտնվող հայերի պահման պայմանների վերաբերյալ, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագ քրեական դատավարությունների, որոնք կարող են  խնդիրներ բարձրացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով՝ արդար դատավարության համատեքստում։ Վեհաժողովը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և անհապաղ վերադարձնել նրանց Հայաստան։

 

Թեև Ադրբեջանը կամայական ազատազրկումն արգելող բազմաթիվ պայմանագրերի, այդ թվում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ է, այն շարունակում բացահայտ անտեսել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր հրահանգները, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների բանաձևերը և առաջարկությունները։ 

 

Այժմ մենք ականատես ենք Ադրբեջանի կողմից երկարամյա հանցավոր վարքագծի և մարդու իրավունքների խախտումների շարունակությանը, որը սնվուցվում է անպատժելիությամբ։ Մասնագիտացված մանդատ ունեցող մարմինները, միջազգային հանրությունը, ինչպես նաև տեղական և միջազգային իրավապաշտպանները չպետք է թողնեն այդ անձանց Ադրբեջանի դատական համակարգի ողորմությանը։

 

Ներքոստորագրյալ քաղհասարակության կազմակերպությունները

 

  • խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա դե ֆակտո պետական և ռազմական պաշտոնյաների կամայական կալանավորումներն ու ձերբակալությունները;

  • պահանջում են 2023թ․ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումներից առաջ և հետո կալանավորված էթնիկ հայերի անհապաղ և անպայմանական ազատումը և հայրենադարձությունը;

  • հորդորում են ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին օգտագործել իր մանդատը և ճնշում գործադրել Ադրբեջանի Կառավարության վրա՝ անմիջապես ազատելու բոլոր հայ ձերբակալվածներին և վերացնելու նրանց դեմ ներկայացված շինծու մեղադրանքները; 

  • կոչ են անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ուշադիր մշտադիտարկել և պարբերաբար հրապարակել Ադրբեջանում ապօրինի  ձերբակալված հայերի իրավիճակի մասին զեկույցներ և ակտիվորեն ջատագովել բոլոր հայ ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակումը;

  • կոչ են անում ժողովրդավարության կողմնակից և մարդու իրավունքներին աջակցող երկրներին գործի դնել առկա բոլոր  դիվանագիտական ​​միջոցները Ադրբեջանի Կառավարության հետ՝ ապահովելու բոլոր հայ ձերբակալվածների անհապաղ ազատ արձակումն ու հայրենադարձությունը:




Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն 

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Դիտումներ՝ 111

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????