Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հայտարարություններ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2020 թ․-ի օգոստոսի 27-ին ՀՀ Կառավարության նիստի օրակարգում ներառվել և ընդունվել են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերը[1]։
Նախագծերը հանրային քննարկման էին դրվել 2020 թ․ օգոստոսի 27-ին՝ ՀՀ Կառավարության նիստի անցկացման օրը, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղարկվել էին քննարկումից 1 (մեկ) օր առաջ[2]։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, գնահատելով Կառավարության նման վարքագիծը, գտնում է, որ այն ամբողջությամբ հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին, այն է՝ որոշումների կայացմանը հանրային պատշաճ մասնակցության ապահովումը։
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նման ոչ ժողովրդավար գործելակերպ արձանագրվել է 2020 թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին շրջանառված մի շարք օրենսդրական ակտերի նախագծերի դեպքերում, երբ խախտվել է օրենսդրական նախագծերի հանրային քննարկումների անցկացման կարգը։
Մասնավորապես՝
1.1. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը[3],
1.2. «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը[4],
1.3. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերը[1]։
2. e-dtaft կայքում հանրային քննարկման չեն դրվել հետևյալ նախագծերը՝
2.1«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը,
2.2 «ՀՀ աշխատանքային օրենսգրքում օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը,
2.3«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը,
2.4«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը,
2.5 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրական ակտերի նախագծերը (սահմանադրություն, սահմանադրական օրենք և օրենք) ենթակա են հանրային քննարկման, իսկ այլ նորմատիվ իրավական ակտերը կարող են հանրային քննարկման դրվել մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ։ Սակայն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված է, որ հանրային քննարկման ենթակա, սակայն հանրային քննարկում չանցած և կառավարություն ներկայացրած նախագծերը Կառավարությունը կարող է վերադարձնել ներկայացնող մարմին։ Այսինքն` մի դեպքում գործում է իմպերատիվ նորմը, որը սահմանում է պարտադիր պայման՝ անցկացնել հանրային քննարկում, մեկ այլ դեպքում գործում է հայեցողական նորմը, որը կառավարությունը, առանց որևէ հիմնավորման, իր սուբյեկտիվ մոտեցմամբ հնարավորություն է տալիս հավանության տալու նախագծին կամ վերադարձնել այն։
Հարկ ենք համարում նշել, որ Եվրոպայի խորհրդի կողմից սահմանած «Արդյունավետ կառավարման» 12 սկզբունքների թվում են թափանցիկությունը և հաշվետվողականությունը, որոնք սահմանում են պետության պարտականությունը` գործելու թափանցիկ, տրամադրել տեղեկատվություն հասարակությանը և մշտապես հասարակությանը ներգրավել պետական կառավարմանը։ Ավելին` Ժողովրդավարության և կառավարման հարցերով Եվրոպական կոմիտեն իր «քաղաքացիական մասնակցությունը քաղաքական որոշումներ ընդունելու ընթացքում» ուղեցույցում (այսուհետ՝ ուղեցույց) անդրադարձել է հասարակության լայն շրջանակների մասնակցության անհրաժեշտությանը, արդյունավետությանը, կարգին և պայմաններին։ Մասնավորապես` ուղեցույցում սահմանվում է, որ քաղաքացիական վերահսկողությունը, նկատառումները և կարծիքները կարևորագույն դեր են խաղում իրավական պետության զարգացման մեջ (watchdog):
Ամփոփելով վերոնշյալ հանգամանքները` պետք է նշել, որ օրենսդրական նախագծերի հանրային արդյունավետ քննարկման մեխանիզմը հիմնաքարային նշանակություն ունի,՝ որով երաշխավորում է հանրությանը ներկայացնել մտահոգություններ, կարծիքներ, բողոքներ և առաջարկություններ, ինչպես նաև միաժամանակ պարտավորեցնել լիազոր մարմիններին դիտարկել, լրամշակել և տալ պարզաբանումներ ներկայացված հարցերի վերաբերյալ։
Այսպիսով՝ արձանագրելով Կառավարության կողմից որոշումների կայացմանը հանրության մասնակցության ապահովման պարտավորություններից շեղման փաստերը՝ պահանջում և կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը․
1.ապահովել օրենսդրական ակտերի նախագծերի հրապարակայնությունը, հասանելիությունը և ժամկետների պահպանումը
2.սահմանել Կառավարության պարտավորությունը՝ բացառելու առանց հանրային պատշաճ, բովանդակային քննարկման ապահովման և իրականացման, օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ Կառավարության կողմից որոշումների ընդունումը։
18 սեպտեմբերի, 2020 թ․
[1] Տե՛ս https://www.e-draft.am/projects/2704
[1] Տե՛ս ՀՀ կառավարության 1438-Ա որոշում
[2] Տե՛ս www.a1plus.am/hy/article/377413
Leave a Reply