Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ-ն հերթական անգամ կատարում է ոչ իրավական պետության պահանջները

July 19, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ

Երեկ ուշ երեկոյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել, որ ժամը 18։55-ին Թբիլիսի Երևան ինքնաթիռով ՀՀ է ժամանել ազգությամբ ռուս Իրինա Ալեքսանդրի Բելաչեուն, ով անմիջապես ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել հատուկ տարածք։ Կազմակերպություն զանգահարած կնոջ աղջիկը հայտնել է, որ մայրը ՌԴ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ դեռևս 2020 թ․-ից ՌԴ քրեական օրենգրքի 360–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ միջազգային պաշտպանության տակ գտնվող կազմակերպությունների կամ անձանց վրա հարձակում կամ դրա իրականացման սպառնալիք, որը կատարվել է պատերազմ հրահրելու կամ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակով։

 

Ի սկզբանե արձանագրենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքում նման հանցակազմ պարունակող հոդված առկա չէ։ Բացի այդ, առկա չեն եղել նաև ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված՝ ձերբակալման հիմքերը։  Մինչդեռ, ՀՀ իրավապահ մարմինները, անտեսելով բոլոր այս կարևոր հանգամանքներն ու ուղղակիորեն ոտնահարելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և ներպետական պարտավորությունները, կայացրել են 55-ամյա կնոջ ձերբակալման որոշում, հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ նման ծանր սանկցիա պարունակող հոդվածի առաջադրման իրական պատճառն այն է, որ 2016թ․-ին  Բելաչեուն Կիև քաղաքում մասնակցել է բողոքի ակցիայի, որի ընթացքում ձվով հարվածել է Կիևում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան երկաթյա ճաղավանդակին և որի համար առ այսօր ենթարկվում է քրեական հետապնդման։ Այսինքն՝ քաղաքական հայացքների, ինչպես նաև հավաքների և միավորման ազատության իրավունքի իրացման պատճառով Իրինա Բելաչեուն ենթարկվում է քրեական հետապնդման և այս պահին ապօրինի պահվում է անազատության մեջ։

 

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ  բողոքի ակցիան տեղի է ունեցել դեռևս 2016 թվականին Կիևում և Ռուսաստանի Դաշնությունը առանց կնոջ ներկայության, նրա լսված լինելու իրավունքի ապահովման կամ ապացույցների առկայության, հարուցել է քրեական հետապնդում, ինչի արդյունքում վերջինիս  ՌԴ-ում սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում։

 

Հերթական անգամ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի ներկայացուցիչները կատարում են ոչ իրավական պետության ապօրինի պահանջները, որի արդյունքում այս անգամ, առանց իրավական հիմքերի առկայության, անձին 72 ժամով զրկեցին ազատությունից։

 

Ըստ էության արձանագրում ենք նաև, որ մարդու իրավունքերի պաշտպանության շրջանակներում ՀՀ-ն չունի համակարգային մոտեցում։ Կազմակերությունը վերջին ամիսների ընթացքում հաճախ է ահազանգեր ստանում ՌԴ քաղաքացիներից իրենց ունեցած հետապնդումների հիմքով ՀՀ իրավապահների կողմից իրականացվող ձերբակալումների մասին, որոնք գրեթե բոլորը ավարտվել են ձերբակալումից ազատելու մասին որոշում կայացնելով՝ ձերբակալումից մի քանի ժամ (հիմնականում մինչև 6 ժամ) հետո՝ անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերացած լինելու հիմքով։

 

Հատկանշական է այն հանգամանքը, որ 2023 թ․ հուլիսի 6-ին ՀՀ արդարադատության նախարարությունը կայացրեց որոշում Մարիա Ռոուզի վերաբերյալ՝ ՌԴ-ի կողմից ներկայացված հանձնելու միջնորդությունը մերժելու մասին, մինչդեռ կնոջ իրավունքների պաշտպանության շրջանակներում մեր կողմից նախաձեռնված բոլոր ջանքերը և ահազանգերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ գլխավոր դատախազություն ապարդյուն էին։

 

Ամփոփելով՝ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված և անազատության մեջ գտնվող Իրինա Ալեքսանդրի Բելաչուին։

 

Միաժամանակ՝ հայտարարում, որ ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ՀՀ են եկել՝ իրենց քաղաքացիության կամ բնակության պետությունում իրենց քաղաքական հայացքներով կամ  համոզմունքներով պայմանավորված հետապնդումների պատճառով, նրանց պետությունում կան իրենց դեմ հարուցված քրեական գործեր, միաժամանակ կա իրական վտանգ և սպառնալիք, որ իրենց պետություն հետ վերադառնալու դեպքում կենթարկվեն ֆիզիկական և հոգաբանական բռնությունների, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի, խոշտանգումների կամ մահապատժի։

 

Ուստի ՀՀ-ն՝ հանձին համապատասխան իրավասու մարմինների, 

 

պարտավո՛ր է ձեռնպահ մնալ այդ անձանց պահանջող երկրին արտահանձնելու գործընթացի կազմակերպումից։

 

Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների՝ ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը (անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է), եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միաժամանակ հայտնում է, որ բոլոր այն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր իրենց ունեցած համոզմունքների պատճառով իրենց երկրում ենթարկվել են հետապնդումների և այժմ գտնվում են ՀՀ-ի կողմից իրենց արտահանձնելու իրավական խնդրի առաջ, կարող են դիմել Կազմակերպությանը՝ համապատասխան իրավական աջակցություն ստանալու համար։ 

 

Նշված անձինք իրավական օգնություն ստանալու նպատակով կարող են զանգահարել կազմակերպության իրավաբաններին՝ ստորև նշված համարներով

  • 093-81-92-75
  • 091-20-09-71

 

Դիտումներ՝ 116

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????