Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերաբերմունքը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նորընտիր Խորհրդարանի առաջիկա անելիքների վերաբերյալ

December 25, 2018

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հայտարարություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ ընտրությունները մենք գնահատում ենք որպես ազատ ու արդար, որտեղ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտում:

 

Շուրջ 23 տարիների ընթացքում տեղի ունեցած առաջին ազատ, արդար և մրցակցային ընտրությունները պատմական շրջադարձային նշանակություն և մեծ արժեք են ներկայացնում բազմաթիվ առումներով: Ազատ ու արդար ընտրությունները ժողովրդավարական գործընթացների նշանակալի ձեռքբերում են և հասարակության քաղաքական հասունության ու ընտրելու արժեքը գիտակցելու ապացույց:

 

Այս ընտրություններում վերականգնվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնավստահությունը՝ որպես արժանապատիվ քաղաքացիների, որոնց ձայնն ու կարծիքն ունեն նշանակություն և արժեք: Իր ընտրությամբ հասարակությունը մերժեց բռնապետական ու փչացած համակարգը՝ քվեարկելով հանուն նոր ու ժողովրդավար երկրի: Ազատ ու արդար ընտրությունների կայացման փաստը վերջ դրեց կոռումպացված համակարգին, որի միջոցով հազարավոր մարդիկ մասնակցում էին իշխող համակարգի վերարտադրությանը, անպատժելի և անօրինական գործողություններին: Ընտրությունները և դրանց արդյունքները բարձրացրեցին ակնկալիքների շեմը ամբողջ հասարակության համար:


Մենք՝ հանրության ներկայացուցիչներս, որ տարիներ շարունակ պաշտպանել ենք ժողովրդավարության, արդարադատության և մարդու իրավունքների հիմնարար արժեքները, ակնկալում ենք համակարգային ու խորքային բարեփոխումներ, որոնք թույլ կտան օրենսդրորեն և գործնականում ամրագրել ու անդառնալի իրողություն դարձնել լավ կառավարման, արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներն ու մեխանիզմները:

 

Նոր իրավիճակում, առավել քան պետք է փոխվի նաև նորընտիր Ազգային ժողովի դերը, նշանակությունը և գործելաոճը: Կարևոր է, որ նորընտիր Ազգային ժողովը դառնա ամենատարբեր հարցերի և խնդիրների շուրջ հանրային լայն քննարկումների հարթակ:

 

Մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է

 

  • տալ քաղաքական գնահատական նախորդ ավտորիտար կառավարման ժամանակաշրջանին և ռեժիմին, որը կառավարվում էր համակարգային կոռուպցիայի մեխանիզմներով և շարունակաբար ու անպատիժ խախտում էր մարդու հիմնարար իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը: Նման քաղաքական գնահատականով պետք է սկզբնավորվեն այնպիսի մեխանիզմների զարգացումն ու գործադրումը, որոնք այլևս անհնարին կդարձնեն Հայաստանի Հանրապետությունում պետության բռնազավթումը որևէ խմբի կողմից:

 

  • ստեղծել հնարավորություններ՝ ժողովրդավարական սկզբունքներով և հանրային լայն մասնակցությամբ նոր սահմանադրության մշակման համար, և այդ նոր Սահմանադրությամբ երաշխավորել բռնատիրական կառավարման հիմնական գործիքների՝ ոստիկանության, ազգային անվտանգության, քրեակատարողական համակարգի և քննչական մարմինների նկատմամբ խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն:

 

  • ընդունել նոր ընտրական օրենսգիրք՝ ապահովելով բացառապես համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելը, ինչպես նաև կուսակցությունների մասին օրենք, որը կստեղծի հավասար հնարավորություններ բոլոր կուսակցությունների զարգացման համար:

 

  • մշակել անցումային արդարադատության ռազմավարություն և ապահովել դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը:

 

  • իրականացնել անհապաղ, լայնամասշտաբ, իրական և տեսանելի արդյունքներին ուղղված բարեփոխումներ քրեական արդարադատության և իրավապահ համակարգերում:

 

  • ապահովել խտրականության բոլոր դրսևորումների վերացումը՝ ընդունելով իրավակիրառ արդյունավետ գործիքակազմով օրենսդրություն:

 

  • երաշխավորել սոցիալական արդարության հաստատմանն ուղղված ռազմավարություններ՝ ապահովելով բոլոր խավերի ներառականությունը:

 

  • նախաձեռնել միջոցառումներ, որոնք ի լրումն հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների ձևավորման, կստեղծեն հիմքեր բոլոր հաստատությունների մակարդակով կոռուպցիայի դեմ համակարգային և համընդհանուր պայքար ծավալելու համար:

 

  • ընդունել հրատապ կարգով անհրաժեշտ օրենքների փաթեթ, որով սկիզբ կդրվի մենաշնորհների վերացմանն ու իրական շուկայական տնտեսության զարգացմանը, միաժամանակ, հստակ սահմանելով պետության միջամտության սահմանները:

 

  • ամրագրել Հայաստանի համար տարածքային համաչափ զարգացումը և տեղական ինքնակառավարման հզորացումը որպես առաջնային խնդիր և մշակել դրանց իրականացումն ապահովող օրենսդություն:

 

  • բարեփոխել կրթության համակարգը՝ օրենսդրորեն ստեղծելով արմատական բարեփոխումներ իրականացնելու հնարավորություններ, որն ուղղված կլինի թոթափելու քաղաքական բռնազավթումը:

 

Մենք, ներքոստորագրյալներս, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ներդնել մեր ներուժը վերոհիշյալ մարտահրավերները հաղթահարելու և աշխատանքներն իրականացնելու համար։

 

Հայտարարությունը բաց է միանալու համար:

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

«Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Գորիսի մամուլի ակումբ ՀԿ

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ 

«Անգել» սոցիալական կրթամշակութային ՀԿ

«Սոցիալ Աջակցության ծրագրեր» ՀԿ

«Հայտուր» սոցիալ-կրթամշակութային ՀԿ
«Շիրակի ուսուցիչներ միություն» գիտակրթական կենտրոն ՀԿ

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

Սոցիոսկոպ ՀԿ

«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

«Սևազգեստ կանայք» Հայաստան խաղաղաշինական նախաձեռնություն

«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ

«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ

«Սյունիքի քաղաքացիական կրթության կենտրոն» ՀԿ

Կարեն Թումանյան, փաստաբան

Դիտումներ՝ 1805

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????