Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀԿ-ների հայտարարությունը Ռուսաստանի Դաշնության թշնամական քայլերի կապակցությամբ

October 3, 2023

Գործունեություն | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Նորություններ

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից մինչ օրս բազմաթիվ դեպքերում ինչպես Արցախում գտնվող, այսպես կոչված, խաղաղապահ ուժերը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդհանուր առմամբ, ապացուցել են, որ չեն իրականացնում իրենց ստանձնած պայմանագրային և ռազմաքաղաքական պարտավորությունները, ու Հայաստանի և Արցախի հաշվին հետևողականորեն սպասարկում են Ադրբեջանի շահերը:

 

2023 թ. սեպտեմբերի 19-ից լայնամասշտաբ ռազմական գործողություններով սկսված Արցախի՝ Ռուսաստանի հետ համաձայնեցված հայաթափման ծրագիրը վերահաստատեց, որ Կրեմլը սպասարկում է Ադրբեջանի շահերը:

 

2023 թ․ սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանրագույն վիճակի պատասխանատվությունը դրեց Հայաստանի իշխանությունների վրա՝  «Արևմուտքին» միջնորդական ջանքերում ներգրավելու պատճառաբանությամբ։

 

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը մինչ այդ արդեն ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և Կրեմլից ուղղակի կախվածության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու խոսույթի տրամաբանական շարունակությունը դարձավ:

 

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն չի կատարում Հայաստանի անվտանգության երաշխավորի իր դաշնակցային պարտավորությունները, չի ապահովում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իր խաղաղապահ գործառույթները, այլև փորձում է ուղղակի և հրապարակավ միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական գործընթացները ու աջակցել հակապետական և ապակայունացնող գործողությունները:

 

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս համարում ենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական շրջանակները փորձում են պետական հեղաշրջում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, որը պայմանավորված է մեր երկրի՝ իր բոլոր խնդիրներով և դժվարություններով հանդերձ ժողովրդավարական զարգացման հանձնառությամբ:

 

Պետական մակարդակով մարդու իրավունքների արժեքները համակարգված ու շարունակական կերպով խախտող Ռուսաստանի Դաշնության իշխող ռեժիմը ակնհայտորեն նպատակ է հետապնդում իր գործողություններով և Հայաստանում գտնվող իր համակիրների և այլ միջոցների օգնությամբ նվազեցնել ՀՀ ինքնիշխանության աստիճանը և անկախության մակարդակը, հնարավորության դեպքում դարձնել իր նման բռնապետական երկիր՝ մեծացնելով իրենից Հայաստանի կախվածությունը:

 

Մենք հաստատակամորեն պնդում ենք, որ Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ազատ, թափանցիկ ու արդար ընտրություններով:

 

Կտրականապես մերժում ենք որևէ այլ, առավել ևս, օտարերկրյա կամ բռնի միջամտությամբ իշխանությունների ձևավորումն ու պետության հերթական զավթումը և դատապարտում ենք նման փորձերը Ռուսաստանի Դաշնության, հեղաշրջման կոչեր անող հայաստանյան գործակալների կամ բռնապետության այլ սիրահարների կողմից:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անթաքույց թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդավարության նկատմամբ՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք.

 

  1. Իրենց լիազորությունների շրջանակում վճռականորեն խափանել ներքաղաքական գործընթացներում օտարերկրյա միջամտության բոլոր փորձերը,
  2. Դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների վերահեռարձակումը ապահովող հայ-ռուսական պայմանագրերի գործողությունը, իսկ կաբելային հեռարձակում իրականացնող օպերատորներին պարտադրել՝ իրենց ցանցերից անջատել ռուսաստանյան բոլոր այն հեռուստաալիքները, որոնք հակահայաստանյան, հակահայկական բացահայտ կամ քողարկված պրոպագանդա են սփռում, հաղորդում են ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը վարկաբեկող, նվաստացնող արտադրանք,
  3. Սկսել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցման պաշտոնական գործընթաց, դրանով  իսկ վերացնել Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացման այս լրջագույն խոչընդոտը,
  4. «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես նաև հայ-իրանական ու հայ-թուրքական սահմաններին բոլոր սահմանապահ գործառույթները փոխանցել ՀՀ սահմանապահ զորքերին, ինչպես նախատեսված է 1992 թվականի հայ-ռուսական համապատասխան պայմանագրով:
  5. Սկսել Հայաստանում ռուսաստանյան (102-րդ) ռազմակայանի գտնվելու հետ կապված բոլոր պայմանագրերի գործունեության դադարեցման և մեր երկրից ՌԴ զինված ուժերի ամբողջական դուրսբերման պաշտոնական գործընթացը:

 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Ազատ քաղաքացի» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

«Ռեստարտ Գյումրի երիտասարդական քաղաքացիական կետնրոն» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն» ՀԿ

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ

«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

Դիտումներ՝ 86

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????