Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Մայր Հայաստան» և «Մեր քաղաք» կուսակցությունների դաշինքների գրասենյակներում խուզարկությունների ու «ՔՊ» կուսակցության մամլո ասուլիսի մասին հայտարարություն․ Անկախ դիտորդ

March 27, 2025

Համատեղ | Հայտարարություններ

2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Գյումրու և Փարաքարի ընտրությունների նախաշեմին «Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության և իրավական գործընթացների թափանցիկության պակասի կապակցությամբ:
 
 
Վերջին օրերին արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր, որոնք ներառում են ընտրություններին մասնակցող ուժերի նկատմամբ իրավապահ մարմինների կոշտ գործողությունները, խուզարկություններ և կուսակցական գործիչների ազատությունից զրկումը:
 
 
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ մարտի 27-ին «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ պատգամավորներին և փաստաբաններին թույլ չի տրվել ներս մտնել, խոչընդոտելով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը:
 
 
Համացանցում հայտարարույթուններ են տարածվել այն մասին, որ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում գործողություններ են իրականացվել իրավապահ մարմինների կողմից: Տեղեկություն է տարածվել նաև նրա բնակարանը խուզարկելու և ընտանիքի անդամներին ձերբակալելու վերաբերյալ։
 
 
Նույն օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է մամուլի ասուլիս՝ հայտարարելով, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի դեպքեր և խոչընդոտվել է քաղաքացիների ազատ կամարտահայտումը: Այս ասուլիսը հրավիրվել է նկարագրված դեպքերից անմիջապես հետո, երբ իրավապահ մարմինները դեռևս չեն հրապարակել որևէ տեղեկություն իրականացված գործողությունների և ենթադրյալ հանցագործությունների փաստերի վերաբերյալ։ Այս պայմաններում իշխող կուսակցության կողմից նշված դեպքերի վերաբերյալ հայտարարություններ անելը անթույլատրելի է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես իրավապահների ուղղորդում և միջամտություն։
 
 
«Անկախ դիտորդ» դաշինքը, ունենալով բազմամյա դիտորդական փորձ, խստորեն դատապարտում է ընտրակաշառքների կիրառման ցանկացած փորձ ընտրությանը մասնակցող որևէ քաղաքական ուժի կողմից, ավելին՝ գտնում ենք, որ հենց քաղաքական ուժերը պետք է դրսևորեն անհանդուժողություն ընտրական իրավունքների խախտման ցանկացած փորձի հանդեպ։
 
 
Միաժամանակ, «Անկախ դիտորդ» դաշինքը հիշեցնում է, որ ընտրակաշառքների և այլ ընտրական հնարավոր հանցագործությունների հիմքով իրավական ընթացքի ապահովման առումով իրավապահ մարմինները պարտավոր են գործել օպերատիվ և արդյունավետ, սակայն միաժամանակ ապահովել այդ գործընթացի հաշվետվողականությունը և թափանցիկությունը՝ հանրությանը իրազեկելու նպատակով:
 
 
Հաշվի առնելով, որ ընտրական գործընթացները բարձր քաղաքական զգայունություն ունեն, ցանկացած իրավական գործողություն պետք է իրականացվի հանրային վստահության ապահովման սկզբունքով: Քաղաքացիների վստահությունը չխաթարելու և տեղեկատվական մանիպուլյացիաները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել հաշվետվողական և թափանցիկ այնպիսի իրավական գործընթաց, որը չի թողնի քաղաքական հետապնդման կամ ընտրություններում միջամտության տպավորություն:
 
 
«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը, արձանագրել և արձագանքել ընտրական հնարավոր խախտումներին՝ նպատակ ունենալով պաշտպանել ազատ և արդար ընտրական գործընթացները և նպաստել ընտրությունների ինստիտուտի հանդեպ հանրային վստահությանը։
 
 
 
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության և Միացյալ նահանգների գերմանական Մարշալ հիմնադրամի (GMF) ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության համար բացառապես պատասխանատվություն է կրում «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ արտացոլի GMF-ի տեսակետները:
Դիտումներ՝ 47

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????