0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Ապօրինի քրեական հետապնդումը պետությանն արժեցավ 500.000 դրամ

March 12, 2020

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ | Ռազմավարական գործեր

Բարոյական վնասի հատուցման պահանջով ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանի հայցը մասնակի բավարարվել է 

 

Արմավիրի մարզի բնակիչ Տիգրան Բալայանի իրավունքները ոտնահարվել էին 2018 թ.-ի իշխանափոխությանը նախորդող ժամանակաշրջանում՝ զանգվածային միջոցառումների ժամանակ: 

 

Քաղաքացու իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել էր 2018 թվականից:  

 

ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2019թ. հունվարի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան  հայց էր ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության: Ա.    Զալյանը պահանջում էր ճանաչել Տիգրան Բալայանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը և փոխհատուցել նրան ապօրինի քրեական հետապնդման արդյունքում պատճառված բարոյական վնասը:

 

Հիշեցնենք՝ Տիգրան Բալայանը  2018 թ. ապրիլի 22-ին բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին՝ 2018 թ. ապրիլի 16-ին Երևանի Բաղրամյան պողոտայում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով և նույն օրն էլ  քրեական գործի շրջանակներում ձերբակալվել՝ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով ( Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը): 

 

2018 թ. ապրիլի 23-ին Տիգրան Բալայանն ազատվել էր ձերբակալումից՝ արգելանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայության հիմքով: 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ 2018 թ. ապրիլի 30-ի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը, որը դատարանում ներկայացնում էր Տ. Բալայանի շահերը, պնդում է, որ փաստացի Տիգրան Բալայանը 1 օր գտնվել է անազատության մեջ, իսկ 2018 թ. ապրիլի 22-30-ը՝ 8 օր, նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում: Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներն  ու միջազգային օրենսդրությունը՝ նման իրավիճակներում փոխհատուցում տրամադրելու մասին, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, որով երաշխավորվում է յուրաքանչյուրի անձնական ազատության իրավունքը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանն իր հայցում ՀՀ ֆինանսների նախարարությունից պահանջել էր փոխհատուցում՝ 1, 653, 450 ՀՀ դրամի չափով՝ որպես բարոյական վնաս, որը քաղաքացին կրել է ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու հետևանքով: Փոխհատուցման վերոնշյալ չափի պահանջը Ա. Զալյանը հիմնավորել է  Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով:


Դատարանն ընդունել է, որ գործով առկա է ոչ նյութական վնասի հատուցման հիմքը` ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման արդյունքում կրած հոգեկան տառապանքը` հիմք ընդունելով այն, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է քաղաքացու՝ 1 օր անազատության մեջ գտնվելը: Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ դատավարության ընթացքում ներկայացված ապացույցները բավարար են` հաստատված համարելու ոչ նյութական վնասի հատուցման հիմքի առկայությունը, հետևաբար նաև՝ Տիգրան Բալայանի՝ 1 օր անազատության մեջ գտնվելու և մինչ նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու պահը պատճառված բարոյական վնասների հատուցումը:

Իսկ ահա բարոյական վնասի փոխհատուցման չափի՝ 1.653.450 ՀՀ դրամի հետ կապված, դատարանը որոշ վերապահումներ է ունեցել՝ գտնելով, որ պահանջը ենթակա է մասնակի բավարման:


Իր դիրքորոշումը դատարանը հիմնավորել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ  մասերով՝ մասնավորապես առանձնացնելով 5-րդ հոդվածը՝ դատարանը որոշում է ոչ նյութական վնասի հատուցման չափ՝ հաշվի առնելով ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքները: 

 

Նկատի առնելով, որ Տիգրան Բալայանն անազատության մեջ գտնվել է 1 օր, ղեկավարվելով ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքներով, հաշվի առնելով նրա հոգեկան տառապանքի բնույթն ու տևողությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նիստը նախագահող դատավոր Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ, 2020 թ. փետրվարի 4-ին կայացրել է վճիռ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի հայցը բավարարել մասնակի՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման չափ սահմանելով 500.000  դրամը:

 

Դիտումներ՝ 552

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը