Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Խոշտանգման արգելքի համաթիվ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2020 թ. Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խումբը մշակել է համաթիվ և իրականացրել է ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկրների առաջին պիլոտային չափումը: Համաթիվը հաշվել են յուրաքանչյուր երկրի համար՝ հիմնվելով մի շարք չափումների վրա, որոնք գնահատում են պետության գործունեությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խոշտանգման արձագանքման մեխանիզմները, դատական վերահսկողությունը, խոշտանգման դեմ ներպետական օրենսդրության դրույթները, խոշտանգման կիրառումը կանխարգելող ընթացակարգային երաշխիքները, երկրում առկա՝ խոշտանգման կանխարգելման մեխանիզմները և մեթոդները, և պետության կողմից խոշտանգման արգելքի միջազգային չափանիշների պահպանումը:
Պիլոտային չափումներից հետո Աշխատանքային խումբը մի շարք խորհրդակցություններ անցկացրեց՝ հստակեցնելու համաթվի չափանիշները՝ յուրաքանչյուր երկրում իրավիճակի գնահատման ավելի համապարփակ մոտեցում որդեգրելու նպատակով: Արդյունքում մեթոդաբանությունը ենթարկվեց մի շարք փոփոխությունների, օրինակ՝ ավելացան կամ հստակեցվեցին որոշ ցուցիչներ, և բալանսավորվեցին չափորոշիչները՝ արտացոլելու թե կարգավորիչ շրջանակը, թե իրավապահ պրակտիկան: Բացի դրանից՝ ավելացվեց նոր բաժին, որում խոշտանգման քննության արդյունավետությունը գնահատվում է համապատասխան փորձագետների (ինչպիսիք են իրավաբանները, դատախազները, դատավորները, քննիչներն ու իրավապաշտպանները) հարցումների հիման վրա:
Ստորև ներկայացնում ենք ԵԱՀԿ տարածաշրջանի ութ երկրների 2020 թ. համաթվերի չափման արդյունքները. Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Լեհաստան, Ռուսաստան և Ուկրաինա:
2020 | 2019 | |
Բելառուս | -70.1 |
-94.2 |
Ռուսաստան | -27.97 | 0.81 |
Ղրղզստան | 23.08 |
9.45 |
Ղազախստան | 27.25 | -3.04 |
Լեհաստան | 82.67 | - |
Հայաստան | 104 | 93.77 |
Մոլդովա | 122.21 | 121.26 |
Ուկրաինա | 161.1 | 107.83 |
Հատկանշական է որոշ երկրներում համաթվի զգալի աճը: Առաջին ու ամենաակնհայտ պատճառը համաթվի վերանայումն ու վերամշակումն է, որը ներառում է որոշ չափանիշների վերաձևակերպում և նոր չափանիշների ներդրում: Մասնավորապես՝ ըստ բելառուս փորձագետների, թարմացված սահմանումները որոշ ցուցիչներ ավելի ճկուն են դարձնում և թույլ են տալիս հետազոտողներին անդրադառնալ համապատասխան օրենքների և իրավապահ պրակտիկայի թե դրական, թե բացասական կողմերին՝ այսպիսով մատնանշելով օգտակար իրավական դրույթները ճիշտ այնպես, ինչպես բացթողումները: Մասնավորապես՝ փորձագետները երկրի համաթվի աճը կապում են քննություն իրականացնող մարմնի, ինչպես նաև Բելառուսի օրենսդրությամբ խոշտանգումը քրեականացնելու վերաբերյալ բաժիններում ցուցիչներ վերաձևակերպելու և ավելացնելու հետ. թեև Քրեական օրենսգրքում չկա խոշտանգման արգելք, Սահմանադրությունը սահմանում և արգելում է խոշտանգումը, ինչը համապատասխանում է միջազգային չափանիշներին, այնուամենայնիվ, չկա խոշտանգման համար պատիժ: Ղազախստանի համաթվի զգալի աճը գլխավորապես պայմանավորված է նրանով, որ խոշտանգման վերաբերյալ բողոքների տվյալների հասանելիությունը մեծացել է: 2019 թ.-ի համաթվի մասով փորձագետները նշել են այդպիսի տվյալների բացակայությունը, մինչդեռ սույն համաթվի դեպքում նրանց ընդգծել են, որ պետական մարմիններին հարցում ուղարկելու արդյունքում այդ տվյալները տրամադրվում են:
Ավելին, որոշ երկրներում խոշտանգման արգելքի մասով էական փոփոխություններ են եղել: Օրինակ, ըստ ուկրաինացի փորձագետների, վերջերս երկրի իրավապահ մարմինները ավելի պատշաճ են տեսանկարահանում և ապա օգտագործում, պահում և հասանելիություն ապահովում այդ տեսանյութերին, ինչպես նաև ձերբակալման ժամանակ ավելի շատ են ապահովում ձերբակալվածների ընթացակարգային երաշխիքները (օրինակ՝ թույլ են տալիս զանգահարել հարազատներին, տեղեկացնել համապատասխան կենտրոններին՝ անվճար իրավական օգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև ժամանակավոր ձերբակալման վայր տեղափոխելու դեպքում հարցնում են՝ արդյոք անձն առողջական վիճակի վերաբերյալ բողոքներ ունի, և դրանց առկայության դեպքում կանչում են շտապ բժշկական օգնություն՝ ոոշելու համար՝ արդյոք հնարավոր է ձերբակալել անձին, թե անհրաժեշտ է հոսպիտալացնել): Սրան է նպաստել Կանխարգելման ազգային մեխանիզմի, ինչպես նաև Գլխավոր դատախազության նոր՝ խոշտանգման դեմ պայքարի հատուկ վարչության գործունեությունը: Վերջինս վերջին տարվա ընթացքում աշխատել է խնդրի ուղղությամբ և ուժեղացրել է խոշտանգում կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները:
Ռուսաստանը միակ երկիրն է, որի համաթիվը գրեթե 30 միավորով նվազել է անցած տարվա համեմատ: Փոփոխության պատճառը Դատական վերահսկողություն և Ազգային կարգավորումներ/քրեականացում բաժիններում չափանիշների հստակեցումն է: Թեև 2019 թ.-ին մարդու իրավունքների պաշտպաններին հարցում ուղարկելու միջոցով հնարավոր էր ստանալ որոշակի վիճակագրություն դատապարտումների վերաբերյալ, այժմ իշխանությունները մերժում են տրամադրել այդ վիճակագրությունը կամ տալիս են անբովանդակ կամ ձևական պատասխաններ: Այսպիսով՝ խոշտանգման զոհերի արդյունավետ պաշտպանության և անվտանգության չափման լրացուցիչ ցուցիչների ներդրման արդյունքում Ռուսաստանի ընդհանուր քրեականացման ցուցիչն էապես նվազեց: Սա նշանակում է, որ թեև Ռուսաստանի օրենսդրությունը խոշտանգման համար սահմանում է որոշ քրեական պատիժներ, խոշտանգման զոհերը վատ են պաշտպանված ճնշումներից, նվաստացումներից, նրանց դեմ հետապնդումներ են սկսում սուտ մատնության համար, իսկ ներպետական դատարանները պատշաճ ձևով չեն զբաղվում այս իրավիճակներով:
Համաթվի միավորների ընդհանուր բաշխումը երկրներում նույնն է, ինչ անցած տարիներին: Մոլդովան այլևս Համաթվի առաջատար չէ: Մի շարք փոփոխված ցուցիչների, մասնավորապես՝ ընթացակարգային երաշխիքների տրամադրման մասով այս երկրի ցուցիչներն աճել են, սակայն տեսանյութերի տրամադրման և տեսահսկման վերաբերյալ հանրայնորեն հասանելի տեղեկատվության առկայության մասով Մոլդովան երկրորդ տեղն իջավ, քանի որ երկիրը չունի հանրայնորեն հասանելի տեղեկություն՝ տեսահսկման օգտագործման կարգավորման վերաբերյալ:
Ինչպես նախկինում, Համաթվերը հաշվելու ընթացքում իրավապաշտպանների հիմնական մարտահրավերը հանրային տիրույթում այդ հարցերի վերաբերյալ համապարփակ, պարզ և պարբերաբար թարմացվող տեղեկատվության բացակայությունն է, այն դեպքում, որ համապատասխան մարմիններ հարցում ուղարկելը հիմնականում անարդյունք են մի շարք երկրներում: Օրինակ՝ Ռուսաստանում նման հարցումներին ի պատասխան պաշտոնապես չի տրամադրվել վիճակագրություն, իսկ Ղազախստանում տարբեր վարչություններից ստացված պատասխանները տարբեր տվյալներ էին պարունակում միևնույն ցուցիչի վերաբերյալ:
Հետևաբար` Համաթվի որոշ չափանիշներ չեն ընդգրկվել ընդհանուր համաթվի մեջ: Մասնավորապես՝
Չկա պարզ և հստակ վիճակագրություն խոշտանգման հաղորդումների, հարուցված քրեական գործերի և Բելառուսում, Ղազախստանում, Լեհաստանում ու Ռուսաստանում դատարան ուղարկված խոշտանգման գործերի քանակի վերաբերյալ;
Քննիչների գործի ծավալը հնարավոր չէ որոշակի հստակությամբ գնահատել Համաթվի մեջ ներառված գրեթե ոչ մի երկրում, գլխավորապես՝ խոշտանգման գործերով աշխատող քննիչների թվի վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով: Բացառություն են Հայաստանը (յուրաքանչյուր քննիչ վարում է 8-9) և Ուկրաինան (յուրաքանչյուր քննիչ վարում է 34 գործ);
Հանրային տիրույթում կամ հարցումներին ի պատասխան չկա պարզ և հստակ տեղեկատվություն խոշտանգման հաղորդումների, հարուցված քրեական գործերի, քննված քրեական գործերի և դատարան ուղարկված գործերի վերաբերյալ Բելառուսում, Ղազախստանում, Լեհաստանում և Ռուսաստանում: Այս տեղեկատվության բացակայության արդյունքում հնարավոր չէ գնահատել՝ խոշտանգման դեպքով քանի քննություն է ավարտին հասցվել և արդյոք քննությունն իրականացնող մարմինը կարող է շարունակել քննությունը, երբ զոհը խոշտանգման հաղորդում չի ներկայացնում կամ հետ է վերցնում հաղորդումը:
Ստորև ներկայացված ութ երկրների Աշխատանքային խմբի անդամները մասնակցել են Համաթվի ստացման աշխատանքներում.
«Պրոմո-Լեքս» ասոցիացիա, Մոլդովա
Իրավապահ մարմիններում մարդու իրավունքների դիտարկման ուկրաինական մշտադիտարկողների ասոցիացիա, Ուկրաինա
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Հայաստան
Ազատության ձայն, Ղրղզստան
Խոշտանգումների դեմ կոմիտե, Ռուսաստան
Բիր Դույնո իրավապաշտպան շարժում, Ղրղզստան
«Վեսնա» իրավապաշտպան կենտրոն, Բելառուս
Կադիր Կասիյետ, Ղազախստան
«Օբշեստվեննի վերդիկտ» հիմնադրամ, Ռուսաստան
Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամ, Լեհաստան
Leave a Reply