Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դեռևս հաղթահարված չեն զորակոչիկների առողջական վիճակի պատշաճ զննության ժամանակ շարունակաբար դիտարկվող խնդիրները

July 22, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Չնայած նրան, որ երկու անգամ նույն առողջական խնդրով զորակոչիկը տարկետում էր ստացել, հաջորդ զորակոչին, առանց առողջական վիճակի որևէ փոփոխության, ճանաչվել էր սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը․ միայն ՀՔԱՎ-ի իրավական աջակցությամբ հնարավոր եղավ կանխել զորակոչիկի իրավունքի խախտումը և նրան ճանաչեցին ոչ պիտանի պարտադիր ժամկետային զինծառայության համար։

 

2018 թվականի հուլիսի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ, զորակոչիկ Վ․Հ․-ի մայրը՝ իր որդու իրավունքների պաշտպանության հարցով։

 

Դեռևս վաղ հասակից Վ․Հ․-ի մոտ առկա է եղել ծնկի ոսկրի գերաճ, որի պատճառով նրա ծունկը չի ծալվում։  2016 թ.-ին  առողջական վիճակի հետազոտություն անցնելով «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում` նրա մոտ ախտորոշվել է «Աջ ազդոսկրի ս/3-ի միջային մակերեսին ոսկրաաճառային էկզոստոզ, խորհուրդ է տրվում վիրահատական բուժում», որի հիման վրա  Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից տրվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչից բուժման նպատակով տարկետում` 1 տարի ժամկետով: 2017թ.-ին նույն ախտորոշումը ստանալուց հետո ևս 1 տարի ժամկետով տարկետման իրավունք է ստացել։

 

2018 թվականի մայիսին՝ հերթական զորակոչի ժամանակ, Վ. Հ․-ն առողջական վիճակի հետազոտություն է անցել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում․ ստանալով նույն ախտորոշումը՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովն ուղեգրել է լրացուցիչ և ստուգիչ հետազոտության՝ պատճառաբանելով, որ առողջական վիճակի հետազոտման ակտում ֆունկցիայի խանգարման աստիճանը նշված չէ․ արդյունքում տրվել է հետևյալ ախտորոշումը՝ «Աջ ազդոսկրի ս/3-ի միջային մակերեսին ոսկրաաճառային էկզոստոզ, ֆունկցիայի ժամանակավոր խանգարումով, խորհուրդ է տրվում վիրահատական բուժում»: Սակայն ԿԲՀ-ն իր եզրակացության մեջ նշել է, որ զորակոչիկն ունի ֆունկցիայի աննշան խանգարում, ինչի հիման վրա էլ, համաձայն ՀՀ Կառավարության թիվ 404-Ն որոշման  47-րդ հոդվածի Գ կետի, ճանաչվել է սահմանափակումով պիտանի՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2018 թ.-ի ամառային զորակոչի համար, սակայն հրաժարվել է մեկնել զինվորական ծառայության, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ։

 

2020 թ.-ի սեպտեմբերին հետազոտություն անցնելով «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ տրվել է  «Աջ ազդոսկրի ս/3-ի միջային մակերեսին ոսկրաաճառային էկզոստոզ ֆունկցիայի ժամանակավոր խանգարումով: Խորհուրդ է տրվում վիրահատական բուժում» ախտորոշումը, ըստ որի՝ 2021 թվականի փետրվարին Վ. Հ․-ին  տրվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչից բուժման նպատակով տարկետում 5 ամիս ժամկետով։

 

Այսպես՝ 2021 թվականի մարտի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան և Վ․Հ․-ի իրավապաշտպան Հայկ Հակոբյանը դիմել է ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին` Վ.Հ.-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելու համար` այլևս իրավաբանական ուժ չունեցող Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 12.07.2018 թ. եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով․ ԿԲՀ-ն պարտավոր էր միատեսակ փաստական հանգամանքերի նկատմամբ ցուցաբերել միևնույն մոտեցումը, այն է՝ Վ.Հ․-ին պետք է տրամադրեր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչից բուժման նպատակով տարկետում, ինչպես նախորդ 2016 և 2017 թթ.-ի զորակոչերի ժամանակ՝ հաշվի առնելով առողջական վիճակի հետազոտության արդյունքները: 

 

Բացի դրանից՝ 2016 և 2017 թթ․-ի զորակոչերի ժամանակ առողջական վիճակի հետազոտությունների եզրակացություններում Վ. Հ․-ի հիվանդության ֆունկցիայի խանգարման աստիճանը նշված չի եղել, սակայն նրան տրվել է տարկետում,  մինչդեռ ԿԲՀ-ն միայն 2018 թ.-ի ամառային զորակոչին է որոշել ֆունկցիայի խանգարման աստիճանը ճշտելու նպատակով Վ. Հ․-ին ուղեգրել լրացուցիչ և ստուգիչ հետազոտությունների։ Հարկ է նշել նաև, որ  ՎՕԳԿ-ում ֆունկցայի խագարման աստիճանը նշվել է ժամանակավոր, իսկ ԿԲՀ-ն 2018 թ․-ի իր որոշման մեջ նշել է ֆուկցիայի աննշան խանգարում այն դեպքում, երբ ԿԲՀ-ն իր եզրակացութունը կայացրել է ՎՕԳԿ-ում կատարված լրացուցիչ և ստուգիչ հետազոտությունների հիման վրա։ 

 

Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար Վ․Հ․-ին սահմանափակումով պիտանի ճանաչելու բավարար  հիմքեր չի ունեցել։

 

Ավելին՝ 2018 թ.-ի ամառային զորակոչի ընթացքում Վ․Հ․-ն առողջական վիճակի ամբողջական հետազոտություն չի անցել, որովհետև ըստ ՀՀ Կառավարության թիվ 404-Ն որոշման՝ 47-րդ հոդվածով զորակոչիկներին փորձաքննելու դեպքում էական  նշանակություն ունի էկզոստոզի բարձրությունը որոշելը, որն անհրաժեշտ պայման է զինվորական ծառայության համար զորակոչիկի պիտանիությունը ճանաչելու հարցում, ինչը փաստացի չի իրականացվել։ 

 

Հարկ է նշել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից երեք անգամ տարկետում տրամադրելուց հետո պետք է ճանաչել պիտանի, սահմանափակումով պիտանի կամ ոչ պիտանի զինվորական ծառայության համար․ Վ․Հ․-ն տարկետում ստացել է 2016 և 2017 թթ․-ին, իսկ 2018 թ.-ի ամառային զորակոչին ԿԲՀ եզրակացությամբ տրամադրվել է տարկետում բուժման նպատակով, հետևաբար 2020 թ.-ի ձմեռային զորակոչին առողջական վիճակի հետազոտության արդյունքներով Վ. Հ․-ն, ունենալով լուրջ առողջական խնդիրներ, պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայության համար։

 

2021 թ․-ի ամառային զորակոչի ժամանակ Վ․Հ․-ն կրկին ներկայացվել է ԿԲՀ նիստին, և ըստ առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների` ԿԲՀ եզրակացությամբ ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար` համաձայն ՀՀ կառավարության թիվ 104 որոշման 38-րդ հոդվածի Դ կետի։

 

Վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ Վ.Հ.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը` կարճվել` հանցակազմի բացակայության հիմքով։

 

Այսպես՝ կարող ենք արձանագրել, որ հաճախ զորակոչի ընթացքում ոչ պատշաճ բժշկական հետազոտություն իրականացնելու հետևանքով զորակոչիկը ճանաչվում է պիտանի կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը, այն պարագայում, երբ նրա առողջական վիճակի հիման վրա պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայությանը։ Այսինքն՝ հերթական անգամ գործ ունենք առողջական հիմքով զորակոչիկի իրավունքի հնարավոր խախտման փաստի հետ, որը հնարավոր եղավ կանխել իրավական աջակցության տրամադրման միջոցով։

 

Կարևորում ենք, որ նաև ԿԲՀ-ն ի վերջո ընդունեց հիմնավոր վերջնական եզրակացություն, որով կանխվեց զորակոչիկի իրավունքի խախտումը, և կանխվեց նաև զինվորական պարտականությունների ոչ պատշաճ կատարման ու դրա հետևանքով հնարավոր խնդիրների առաջացումը զինվորական ծառայության ընթացքում, որոնք կարող են ավարտվել ընդհուպ մահվան ելքով։

Դիտումներ՝ 605

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????