Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձագանքում է Վահե Էնֆիաջյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու մասին ՀՀ ոստիկանության պարզաբանմանը

January 15, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Նորություններ

ՀՀ ոստիկանությունը 2018թ. հունվարի 14-ին արձագանքել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի այն հայտարարությանը, որ Վահե Էնֆիաջյանի և նրա համակիրների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, քանի որ նրանցից բացատրություն վերցնել հնարավոր չի եղել:

 

Հիշեցնենք՝ 2018թ. սեպտեմբերի 22-ին Մեդիա կենտրոնում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանն ու Վիկտորյա Անդրեասյանը խոսում էին քվերակության օրը Դաշինքի կողմից իրականացվելիք դիտորդական առաքելության մասին և ներկայացնում իրականացված մեդիամոնիտորինգի արդյունքները, երբ դահլիճ ներխուժեցին ԲՀԿ ներկայացուցիչները Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ և սկսեցին գոռգոռալ ու մեղադրել ասուլիսի մասնակիցներին իրենց մասին ապատեղեկատվություն տարածելու և հակաքարոզչություն անելու մեջ: Վահե Էնֆիաջյանն իրեն ուղեկցող անձանց հետ միասին իրականացրած գործողություններով ոչ միայն ընդհատել են մամուլի ասուլիսը, այլև  խոչընդոտել են Մեդիա կենտրոնի որպես լրատվական միջոցի գործունեություն: 

 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց:

 

2018թ. հոկտեմբերի 16-ին Ա. Սաքունցն ստացել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա. Ոսկանյանի՝ հոկտեմբերի 2-ի որոշումը, որում վերջինս տեղեկացնում է, որ քրեական գործ չի հարուցվել հանցակազմի բացակայության հիմքով:  Միաժամանակ տեղեկացնում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել բացատրություններ ստանալ ԱԺ պատգամավոր Վ. Էնֆիաջյանից ու նրա գլխավորությամբ Մեդիա կենտրոնի սրահ ներխուժած անձանցից: որոնց ինքնությունը, ըստ ոստիկանության հետաքննիչի, չի պարզվել: Եվ սա այն դեպքում, երբ ոստիկանությանը տրամադրված տեսանյութերում հստակ երևում են բոլորի դեմքերը և նրանց գործողությունները: Ոստիկանության հետաքննիչը պատշաճ ջանքեր չի գործադրել պարզելու անգամ այն հանգամանքը, թե արդյոք Վահե Էնֆիաջյանի կամ այլ անձի կողմից չի կազմակերպված եղել ակնհայտ ապօրինի գործողությունները, և արդյոք կազմակերպված բնույթ չի կրել մամուլի ասուլը խոչընդոտելու նրանց գործողությունները: Բնականաբար, նման գնահատական հնարավոր կլիներ տալ Վահե Էնֆիաջյանի ու նրան ուղեկցած անձանց, ինչպես նաև հաղորդում տված անձանց բացատրությունների համակցության հիման վրա:

 

Եվ նման պարագայում ոստիկանության հետաքննիչը եզրակացրել է, թե նրանց գործողություններում դիտավորություն չի եղել: Որոշումն ստանալու օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքէջում այդ մասին հրապարակում ենք արել:

 

Police.am կայքէջում տեղադրված պարզաբանմամբ Ոստիկանությունը հիշատակում է այդ մասին Ա. Սաքունցի հայտարարությունները և տեղեկացնում, որ Ա. Սաքունցի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, այն է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

 

Եվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքէջում այդ մասին արված հրապարակման մեջ, և Ա. Սաքունցի՝ այդ մասին արված հայտարարություններում չի հերքվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Բայց փաստ է, որ հետաքննիչը եզրակացություններ է արել՝ առանց բացատրություններ վերցնելու, ավելին՝ հայտարարել է, թե հնարավոր չի եղել բացատրութուններ վերցնել Վահե Էնֆիաջյանից ու նրան ուղեկցող անձանցից, որոնց ինքնությունն անգամ պարզելու ուղղությամբ որևէ գործողության մասին տվյալներ չեն ներկայացված: Անհասկանալի է, թե ինչ խոչընդոտներ են եղել ԱԺ պատգամավորին գտնելու և նրանից բացատրություն վերցնելու. պատճառների մասին հետաքննիչը չի հայտնել, որն ինքնին առնվազն լուրջ վերաբերմունք չենք կարող համարել հաղորդմամբ ներկայացված տվյալների ուղղությամբ հետաքննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու պարտավորությունների նկատմամբ:



ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարզաբանում է, որ 2018թ. սեպտեմբերի 22-ի ասուլիսը խոչընդոտած Վահե Էնֆիաջյանից ու նրան ուղեկցած անձանցից բացատրություն չվերցնելու մասին տեղեկատվությունը բացառապես վերցված է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա. Ոսկանյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2018թ. հոկտեմբերի 2-ի որոշումից և մեր հրապարակումներում ու հայտարարություններում մենք անդրադարձել ենք դրան: Այո, որոշման մեջ նշված է, որ քրեական գործ չի հարուցվել հանցակազմի բացակայության հիմքով, բայց և նշված է, որ հնարավոր չի եղել բացատրություններ վերցնել Վահե Էնֆիաջյանից ու նրան ուղեկցողներից:

 

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ ԱՅՍՏԵՂ

 

Անհասկանալի է ՀՀ Ոստիկանության՝ այդ երկու հանգամանքներն իրար հակադրելու փորձը:

 

Հավելենք, որ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը բողոքարկվել է նախ ՀՀ գլխավոր դատախազին, ապա մերժում ստանալուց հետո՝ նաև դատարան:

 

Դիտումներ՝ 1174

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????