Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանում կալանավորված բելառուսցի ընդդիմադիրը քաղաքական ապաստան է հայցում

March 25, 2024

Գործունեություն | Իրավական աջակցություն | Լրատվամիջոցները մեր մասին

Փետրվարի սկզբին Հայաստանի սահմանին ձերբակալված և կալանավորված բելառուսցի 24-ամյա երիտասարդը քաղաքական ապաստան է հայցում Երևանից։ Ծրագրավորող Մաքսիմ Վաիտկիավիչուսը հետախուզվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար։

 

«Դատարանը առանց անդրադառնալու մանրամասն հիմքերին, հիմքերի գնահատմանը և այլն, կայացրել է որոշում այն հիմնավորմամբ, որ անձն այլ երկրում ունի հետախուզում ու այդ իսկ նպատակով մինչև արտահանձնման մասին միջնորդություն ստանալը պետք է անձը մնա անազատության մեջ», - ասաց փաստաբան Անի Չատինյանը:

 

Երիտասարդը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին պատմել է, որ 2020-ին հայրենիքում մասնակցել է հակակառավարական ցույցերին, աջակցել երկրի նախագահի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի վիճահարույց վերընտրությունից հետո սկսված պայքարին ու 14 օրով ձերբակալվել, բանտում խոշտանգվել։

 

Բելառուսում խոշտանգումների, անմարդկային պայմաններով բանտախցի մասին պատմել է նաև Տավուշի մարզի դատարանում։ Օրինակ, որ 10 հոգանոց խցում տեղավորել էին 100-ից ավելի մարդու, որոնք անգամ քնելու տեղ չունեին։ Բայց հայաստանյան դատարանն, ըստ փաստաբանի, անտեսել է այս ամենն ու կալանավորելու որոշում կայացրել։

 

«Եվրոպական դատարանի որոշումներով, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից հրապարակված զեկույցներով և այլն, այդ թույլատրելիի սահմանի մեջ չի, որովհետև 4 քառակուսի մետր է յուրաքանչյուր անազատության ենթարկված անձի համար նախատեսված տարածքը, դրանից անհամեմատ փոքր տարածք է եղել», - նշեց Անի Չատինյանը:

 

Սա վերջին շրջանում առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում կալանավորում են Բելառուսի հետախուզվող քաղաքացու։ Շաբաթներ առաջ քաղաքական ապաստան էր խնդրել 24-ամյա Յարոսլավ Նովիկովը, ով ևս հետապնդումների մասին էր պատմել։ Նա ևս բանտում է, սպասում է իր դիմումի պատասխանին։

 

Մինչդեռ փաստաբանները պնդում են՝ դատարանները կարող են բելառուսցի երիտասարդներին թողնել ազատության մեջ, նրանք, միևնույն է, չեն կարող լքել Հայաստանը արգելանքի պատճառով։

 

«Երկրից դուրս գալու տարբերակ չունի, թաքնվելու և այլնի հնարավորություն չկա օտար երկրում, հետևաբար, լիիրավ անձը իրականում հնարավորություն ուներ անազատության մեջ չլինելով սպասել որոշակի գործընթացների, ոչ թե սպասել որոշակի գործընթացների, այլ իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը», - ասաց Անի Չատինյանը:

 

Գլխավոր դատախազությունից միայն փոխանցում են՝ ստացել են արտահանձնման միջնորդությունը, այն կքննարկվի միջազգային պայմանագրերի և Հայաստանի օրենսդրության պահպանմամբ: Այլ մանրամասներ դատախազությունը դեռ չի հաղորդում։

 

Բելառուսից փախած Վաիտկիավիչուսը տևական ժամանակ է՝ Վրաստանում էր բնակվում, աշխատում և Երևան պարզապես համերգի էր եկել։ Իրավապաշտպանը պնդում է՝ Բելառուսի իրավապահները հարուցված քրեական գործը որպես պատրվակ են օգտագործում՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդին պատժելու համար, հետևաբար դատախազությունը չպետք է արտահանձնի նրան Բելառուս։

 

«Եթե հանկարծ Հայաստանի Հանրապետությունը որոշի արտահանձնել Վաիտկիավիչուսին կամ մյուսներին, ինքն ուղղակի մասնակիցը կդառնա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված 3-րդ հոդվածի խախտմանը, քանի որ արդեն իսկ կան առավել հստակ հիմնավորումներն ու պնդումներն այն մասին, որ անձն իրոք փախել է բռնություններինց, անձի նկատմամբ տվյալ երկրի բանտում արդեն իսկ տեղի է ունեցել այս ամեն ինչը ու սա անտեսել ու արտահանձնել ուղղակի անթույլատրելի է», - ընդգծեց փաստաբանը:

 

Իրավապաշտպան կազմակերպության փաստաբանի խոսքով՝ իրենց տվյալներով, հայաստանյան բանտերում 3 բելառուսցի կալանավոր կա։ Քրեակատարողական ծառայությունից նրանց մասին տվյալներ դեռ չեն փոխանցում։

 

Դիտումներ՝ 195

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????