Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդի» հայտարարությունը 2022 թ․ մարտի 27-ի Վեդի համայնքի արտահերթ ընտրությունների վերաբերյալ

April 1, 2022

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2022 թ․ մարտի 27-ին Վեդի համայնքում տեղի են ունեցել համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ։ Համայնքում ձևավորվել է 28 տեղամաս։ «Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկել է բոլոր տեղամասերը 8 դիտորդների կազմով, ներգրավելով մեկ տեղեկատվության մուտքագրողի և իրավաբանի:

 

Վեդի համայնքում 2021 թ․ դեկտեմբերի 5-ին անցկացված ընտրություններին մասնակցում էին Իմ հզոր համայնքը (ԻՀՀ), Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) և Հանրապետություն կուսակցությունները։ Այս ընտրությունների արդյունքում առավելագույն քվե ստացավ ԻՀՀ կուսակցությունը, սակայն ոչ ձայների կեսից ավելին։ Քաղաքական կոալիցիա ձևավորելու շուրջ համաձայնության չգալով՝ ՔՊ և Հանրապետություն կուսակցությունների բոլոր թեկնածուները ինքնաբացարկ հայտնեցին, ինչի արդյունքում ընտրությունները ճանաչվեցին չկայացած և նոր արտահերթ ընտրություններ նշանակվեցին։

 

Մարտի 27-ին կայացած ընտրություններին մասնակցեցին ՔՊ  և ԻՀՀ կուսակցությունները։ ԻՀՀ կուսակցությունը ներկայացավ 80 թեկնածուներից կազմված ընտրական ցուցակով, որը գլխավորում էր կուսակցության հիմնադիր՝ Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։ ՔՊ կուսակցությունը ընտրություններին մասնակցեց թույլատրելի առավելագույն 81 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակով, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ և մինչև ընտրությունները Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը։

 

ԻՀՀ կուսակցության ընտրական ցուցակում ներկայացված էին Վեդի խոշորացված համայնքի 19 բնակավայրերից 18-ը, իսկ ՔՊ կուսակցության ցուցակում բոլոր 19-ը բնակավայրերը։

 

Քվեարկության մասնակիցների թիվը նախորդից 3254-ով ավել էր։ Ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ կուսակցությունը ստացավ վավեր քվեաթերթիկների 57,5%-ը, իսկ ԻՀՀ կուսակցությունը 42,5%-ը։

 

Դիտորդական առաքելության մեթոդաբանությունը, Նախընտրական քարոզչության փուլում ԶԼՄ-ներում հրապարակված հիմնական խախտումները, քվեարկության օրն արձանագրված հիմնական խախտումները և այլ մանրամասներ ներկայացված են ԱՅՍՏԵՂ

 

Եզրահանգումներ

 

  • 2021 թ․ դեկտեմբերի 5-ի և 2022 թ․ մարտի 27-ին Վեդի համայնքում տեղի ունեցած ընտրություններն ուղեկցվել են քաղաքական խիստ բևեռացվածությամբ և փոխադարձ մեղադրանքներով, որոնց արդյունքում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են ստացվել մասնակից ուժերի ներկայացուցիչների միջև վիճաբանությունների մասին։ Հատկապես անընդունելի է քվեարկության օրը Ուրցաձոր համայնքի 13/24 տեղամասի դիմաց ոստիկանության ծառայողների ներկայությամբ ընդդիմության համակրի նկատմամբ բռնության կիրառումը ՔՊ կուսակցության համակիրների կողմից։

  • Երկու ուժերի խիստ մրցակցությունը տեսանելի է եղել քարոզարշավի և առավել տեսանելի քվեարկության օրը, ինչը արտացոլվել է նաև դեկտեմբերի 5-ի համեմատ 16%-ով բարձր մասնակցությամբ։

  • Մինչդեռ ցուցակը գլխավորող թեկնածուները փաստացի ընկալվում են որպես անձ-թեկնածուներ և առաջնային գործոն են, բնակավայրերում նկատելի էր իրենց բնակավայրը «ներկայացնող» թեկնածուի վերաբերյալ սրտացավությունը և մասնակցության կարևորումը: Այս հանգամանքը թեև կարող  է լարվածության առիթ հանդիսանալ, մյուս կողմից կարող է բարձրացնել կուսակցությունների շահագրգռվածությունը ընտրական ցուցակում համայնքի բնակավայրերի առավելագույն ներկայացվածության համար։

  • Չնայած բազմաթիվ խնդիրներին, համամասնական ընտրակարգն աստիճանաբար կարող է փոխել անձնակենտրոն ընտրական մշակույթը և քաղաքականացնել գործընթացը։

  • Ընտրական օրենսգրքի մի շարք փոփոխություններ ուժի մեջ են մտել հունվարի 1-ին և փաստացի առաջին անգամ կիրառվել այս ընտրությունների ընթացքում, այդ թվում առաջին անգամ և հաջողությամբ կիրառվել է ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների հավատարմագրման առցանց համակարգը։

  • ՏԻՄ ընտրությունների այս փուլից հետո էական է Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների ամբողջական գնահատումն ու փոփոխությունների վերանայումը՝ հատկապես ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսների չարաշահման արգելքի, քարոզչության վերահսկման, քվեարկության կարգի և ընտրական վարչարարության առավել արդյունավետ իրականացմանը։

  • Կասկածելի են 13/27 և 13/28 տեղամասերում արձանագրված քվեարկության արդյունքները, որտեղ երկու կուսակցությունները ստացել են համապատասխանաբար 27/27 և 141/141 ձայն։ Ցավոք դիտորդական առաքելությունները չունեն հնարավորություն պահանջելու քվեների վերահաշվարկ, միաժամանակ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կարող էին սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ անցկացնել այս տեղամասերում՝ համոզվելու, որ այս համընկնումը պատահականություն է և ոչ արդյունքների կեղծում։

  • Չնայած երկու մասնակցող ուժերի կողմից ընտրողների մասնակցությունն ապահովելու և քվեարկությունը ուղղորդելուն ուղղված քայլերին, քվեարկության արդյունքները արտացոլում են ընտրողների կամքը և չեն վիճարկվել ուժերից ոչ մեկի կողմից:

 

«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

«Իրազեկ քաղաքացիների միավորման»

————————

Դիտորդական առաքելությունն իրականացվել է Ընտրություններ բոլորի համար 2021 - տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Դիտումներ՝ 146

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????