Հանրային քննարկումների ժամանակ որոշ խմբեր պարբերաբար կարծիքներ են հայտնում հասարակական միավորումների օտարերկրյա ֆինանսավորման սահմանափակումներ մտցնելու մասին։ Կարևորելով հարցի շուրջ հանրության պատշաճ իրազեկված լինելու հանգամանքը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է միավորումների ֆինանսավորման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի զեկույցի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը։
Հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում հասարակական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորման չափորոշիչների ամփոփագիրը կազմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խնդրանքով։
Զեկույցում Հանձնաժողովը կարևոր է համարում տարբերակել միավորումների ֆինանսական ռեսուրսներին վերաբերող «հաշվետվության պարտավորությունները» և «հանրային բացահայտման պարտավորությունները»: «Հաշվետվության պարտավորությունը» ենթադրում է համապատասխան մարմիններին ֆինանսավորման չափի և ծագման մասին տեղեկացնելը: Դրան հակառակ՝ հանրային բացահայտման պարտավորությունը ենթադրում է ֆինանսավորման աղբյուրների (ներպետական կամ արտասահմանից) և դոնորների ինքնության հանրայնացում, օրինակ՝ միավորման կայքէջում, մամուլում կամ պաշտոնական ամսագրում: Հանրային բացահայտման պարտավորության նպատակը ոչ թե պետական մարմիններին, այլ հանրությանը տեղեկացնելն է:
Վենետիկի հանձնաժողովը դիտարկում է արել, որ օտարերկրյա ֆինանսավորման հանրային բացահայտման պարտավորությունները հաճախ օգտագործվում են, որպեսզի օտարերկրյա ֆինանսավորում ստացող միավորումներին ենթարկեն հանրային քննադատման և դժվարացնեն կազմակերպության գործողությունները:
Իր եզրակացություններում Հանձնաժողովը հատուկ ընդգծել է, որ պետությունները պետք է ստեղծեն խթանող միջավայր, որում միավորումները կարող են ծավալել արդյունավետ գործունեություն: Բացի դրանից՝ պետությունները պետք է նաև նպաստեն միավորումների ֆինանսավորման, այդ թվում՝ նաև օտարերկրյա ֆինանսավորման հասանելիությանը, որպեսզի նրանք կարողանան հասնել իրենց նպատակներին:
Հանձնաժողովը շեշտել է, որ միավորումների օտարերկրյա ֆինանսավորման սահմանափակումները կարող են բխել միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով սահմանված իրավաչափ նպատակներից։
Հանձնաժողովն անդրադառնում է պետությունների այն արդարացումներին, թե հաշվետվողականությունը կարող է կանխել հանցագործություններ, ինչպիսիք են փողերի լվացումն ու ահաբեկչական գործողությունները, և այս համատեքստում նշում, որ դա համարժեք չէ հետապնդվող նպատակին։ Իսկ հնարավոր անկարգության կանխարգելման իրավաչափ նպատակ կարող է լինել միայն միավորումների կողմից կազմակերպված ֆորմալ լոբբիստական գործողությունների և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման համատեքստում։ Այս տեսանկյունից Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում կազմակերպված լոբբինգը քաղհասարակության ջատագովության գործողություններից օրենսդրությամբ տարբերակելը։
«Հանցագործությունների դեմ պայքարում մինչ հաշվետվության նոր և ծանր պարտավորություններ կիրառելը առաջնահերթությունը պետք է տրվի արդեն իսկ գոյություն ունեցող գործիքներին, օրինակ՝ բանկային օրենքներ, հակաահաբեչական օրենսդրություն»։
Հանձնաժողովն անդրադառնում է նաև Ֆինանսավորման հանրային բացահայտման/հաշվետվության պարտավորությունների չկատարման դեպքում պատիժների սահմանմանը, խտրականության բացառմանը, միավորումների իրավական պաշտպանության մեխանիզմներին։
Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ