Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոգեկան առողջությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերլուծություն իրականացնելու ծառայություն մատուցելու վերաբերյալ

March 4, 2024

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Հրապարակումներ

Հելսիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու գնային առաջարկ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի վերլուծության իրականացման համար։  

 

Վերլուծությունն իրականացվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա (2024-2026 թթ․) ծրագրի շրջանակներում։ 

 

Ծրագրի մասին

 

Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։ 

 

Ծրագրի  նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ներդրմանը, որը կօգնի մշակել մատչելի և ներառական հոգեկան առողջության ծառայությունների մեխանիզմներ և քաղաքականություն, ինչպես նաև խթանել հասարակության դրական վերաբերմունքը Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ:

 

Ծրագրի խնդիրներն են՝

  • մշակել հոգեկան առողջության ոլորտի համար իրավունքահեն քաղաքականություն՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան,
  • իրականացնել ջատագովություն իրավունքահեն քաղաքականությունների ներդրման և լավարկման ուղղությամբ,
  • իրականացնել ջատագովություն գործող հոգեսոցիալական ծառայությունների լավարկման ուղղությամբ,
  • մշակել և փորձարկել ՀՀ-ում հոգեկան առողջության համայնքային նոր ծառայությունների մոդելներ և վաղ հայտնաբերման մեխանիզմներ,
  • բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա:

 

Ընդհանուր տեղեկություններ թեմայի վերաբերյալ

 

Հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ամրագրված են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի 2006 թ. կոնվենցիայում, որը Հայաստանը վավերացրել է 2010 թ.։ Հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ կարևոր դրույթներ են ներառում նաև Հայաստանի կողմից վավերացված այլ կոնվենցիաներ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր և այլն։

 

ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է բոլորի, այդ թվում՝ հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց սահմանադրական իրավունքները։ Միևնույն ժամանակ այն նախատեսում է սահմանափակող դրույթներ հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ։ Ինչպես օրինակ՝ Սահմանադրությամբ սահմանափակվում է անգործունակ ճանաչված հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու և ընտրվելու իրավունքը։

 

Հոգեկան առողջության ոլորտը կանոնակարգող հիմնական ներպետական իրավական ակտը «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքն է։ Օրենքի հիման վրա հաստատվել են հոգեկան առողջության ոլորտը կանոնակարգող մի շարք ենթաօրենսդրական ակտեր։ Այս ոլորտի կարգավորման գործում առանցքային դեր ունի նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը։

 

Ոլորտը կանոնակարգվում է նաև ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով, «Ոստիկանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Լիցենզավորման մասին», «Փաստաբանության մասին» օրենքներով, «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման մասին» կառավարության որոշմամբ և այլ հարակից իրավական ակտերով։

 

Թեև վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտը կարգավորող օրենսդրությունը ենթարկվել է էական փոփոխությունների, այնուհանդերձ hոգեկան առողջության պաշտպանության և խթանման վերաբերյալ գործող օրենսդրական դաշտում դեռևս բացակայում է իրավունքահեն մոտեցումը և այն վերանայման ու բարեփոխման կարիք ունի։ Հոգեկան առողջության ոլորտի վերաբերյալ ռազմավարական փաստաթղթերը (ընդունված 2013 թ․, 2014 թ․) ներառել են օրենսդրության վերլուծության վերաբերյալ գործողություններ, սակայն համապարփակ օրենսդրական վերլուծություն այդպես էլ չի իրականացվել, օրենսդրական առաջարկություններ չեն ներկայացվել։ 

 

Սույն ծրագիրը կաջակցի Հայաստանում հոգեկան առողջության ոլորտին առնչվող օրենսդրության վերանայմանը` համապատասխանեցնելու այն մարդու իրավունքների սկզբունքներին և արժանապատվության նկատմամբ հարգանքին, վերացնելու հոգեկան առողջության հիմքով առկա խտրական սահմանափակումները։

 

Ծառայության նպատակ ու արդյունքներ

 

Վերլուծության նպատակն է ուսումնասիրել հոգեկան առողջության ոլորտին վերաբերող օրենսդրությունը, գնահատել դրա համապատասխանությունը հոգեկան առողջության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և  չափանիշներին, բացահայտել խնդիրները և մշակել առաջարկությունների փաթեթ։ 

 

Ծառայություն մատուցողի պարտականություններ

 

Ծառայություն մատուցողը պետք է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին տրամադրի հոգեկան առողջության ոլորտին վերաբերող ՀՀ օրենսդրության վերլուծության վերաբերյալ հայերեն զեկույց և զեկույցի համառոտագիր։ Զեկույցի կազմման համար անհրաժեշտ է՝

 

  • ուսումնասիրել հոգեկան առողջության ոլորտին առնչվող ՀՀ իրավական ակտերը,
  • բացահայտել և նույնականացնել օրենսդրական բացերը, հոգեկան առողջության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունններին և չափանիշներին հակասող իրավակարգավորումները,
  • ներկայացնել այդ դրույթների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման առաջարկությունների փաթեթ,
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած հանդիպումների և քննարկումների ընթացքում համապատասխան շահագրգիռ կողմերին ներկայացնել վերլուծության արդյունքները և առաջարկությունների փաթեթը,
  • վերջնականացնել վերլուծությունը՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերից ստացված դիտարկումները։ 

 

Պահանջվող որակավորում և փորձ

 

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Հետազոտությունների իրականացման, օրենսդրական վերլուծությունների,  քաղաքականությունների մշակման կամ հարակից այլ ոլորտներում համապատասխան փորձ
  • Հոգեկան առողջության և մարդու իրավունքների մասին հիմնական գիտելիքներ և արժևորում
  • Գիտելիքներ հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնախնդիրների, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերաբերյալ 
  • Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ
  • Գրական հայերենի և անգլերենի գերազանց իմացություն

 

Ծառայությունների մատուցման և վճարման ժամանակացույց

 

 

Ծառայության մատուցման ժամկետը 6 ամիս է։

Ծառայության մատուցման մանրամասն ժամանակացույցը կորոշվի գործողության իրականացման սկզբում:

Մատուցվող ծառայության դիմաց վճարումները կկատարվեն երեք մասով՝ հետևյալ պլանի համաձայն.

  • ծառայության մատուցման վճարի 20%-ը` հոգեկան առողջության ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության բացերի և դրանք բարեփոխելու վերաբերյալ առաջարկությունների վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը ներկայացնելուց հետո,
  • ծառայության մատուցման վճարի 30%-ը՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներ իրականացնելուց և համապատասխան դիտարկումները հավաքագրելուց հետո,
  • ծառայության մատուցման վճարի 50%-ը՝ հոգեկան առողջության ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության բացերի և դրանք բարեփոխելու վերաբերյալ առաջարկությունների վերաբերյալ զեկույցի վերջնական տարբերակի ներկայացումից հետո։

 

Դիմելու ընթացակարգ

 

 

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝ 

  • ինքնակենսագրություն (CV),
  • շահագրգռվածության վերաբերյալ նամակ,
  • մեթոդաբանություն և ֆինանսական առաջարկ (ըստ ձևի), օրինակը ստորև՝
  • նախկինում կատարած օրենսդրական վերլուծության առնվազն մեկ օրինակ:

 

 

 

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը էլեկտրոնային փոստով ուղարկել mtemuryan@hcav.am էլեկտրոնային հասցեին մինչև 2024 թվականի մարտի 31-ը (ներառյալ): 

Իրավաբանական անձանց խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Հետևաբար գնային առաջարկը պետք է ներկայացնել առանց ԱԱՀ։

 

 

Կազմակերպության մասին

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների:

 

Կազմակերպությունն անվճար իրավական աջակցություն է տրամադրում տարեկան շուրջ 1000 քաղաքացու ՀՀ ողջ տարածքում, վարում ռազմավարական դատավարություններ, մշտադիտարկում իրականացնում փակ և կիսափակ հաստատություններում, պետական կառույցների, ՏԻՄ-երի, ընտրական գործընթացների նկատմամբ։ Կատարում է իրավական ակտերի վերլուծություն և ներկայացնում օրենսդրական առաջարկներ, իրականացնում խաղաղասիրական ծրագրեր, կարողությունների զարգացման ու իրազեկման նպատակով դասընթացներ ու քննարկումներ, տեղեկատվություն տրամադրում միջազգային կառույցներին՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ։

 

Կազմակերպության գործունեության ուղղություններից է հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը։

Դիտումներ՝ 203

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????