Գործունեություն | Նորություններ
2025թ.-ի փետրվարի 27-ի կայացավ «Կանանց իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում» թեմայով քննարկումը։ Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Երևանում բրիտանական դեսպանատան փոխդեսպան, Նորին Մեծության հյուպատոս Փոլ Մորիսը։
Քննարկումը նվիրված էր ՀՔԱՎ գրասենյակի կողմից իրականացրած «Կանանց իրավունքների խթանումը ՀՀ զինված ուժերում» 1-ին ծրագրի արդյունքների եւ 2-րդ ծրագրի շրջանակներում կանանց կամավոր հիմունքներով 6-ամսյա ժամկետային զինծառայության ուսումնական ծրագրում առաջարկվող լրացումների ներկայացմանը։
2023-2024թթ․ իրականացրած հետազոտության արդյունքում ՀՔԱՎ գրասենյակը վերհանել է կանանց զինվորական ծառայության ներգրավման հետ կապված խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ձևակերպված առաջարկությունները 2024 թ. մարտին ուղարկել է ՀՀ պաշտպանության նախարարություն և շահագրգիռ այլ կողմերին՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ քննարկելու և արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով։ Առաջարկությունների զգալի մեծամասնությունը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ընդունվել են ի գիտություն։
Քննարկումը կայացել է «Կանանց իրավունքների խթանումը ՀՀ զինված ուժերում II» ծրագրի շրջանակներում, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են ՀՔԱՎ-ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ–ի տեսակետների հետ։