Գործունեություն | Հրապարակումներ
ՀՀ կառավարության 2021-2026թթ. հնգամյա ծրագրի՝ զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ ենթակետի ներածական հատվածում, ի թիվս այլնի ,նշվում է նաև զինված ուժերի մարտական ստորաբաժանումներում կանանց առավել մասշտաբային ներգրավման կարևորության մասին:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում կանայք հնարավորություն ստացան սովորելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում 2013 թ-ից:
2019 թ. զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում ձևավորվեց կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք, որի գործունեության նպատակն է Զինված ուժերում կանանց զինծառայության կազմակերպման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացումն ու վերլուծումը, բարձրացված հարցերի ու խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:
Իսկ 2020 թ.-ից կանանց ընդունելություն սկսեց իրականացնել նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը:
Կանանց զինվորական ծառայությանը ներգրավելուն ուղղված քայլերից մեկը Կառավարության կողմից կատարվեց 2023 թվականի հունիսին, երբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարվեցին լրացումներ և փոփոխություններ, մասնավորապես՝ ավելացվեց 19.1. հոդվածը, որով սահմանվեց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած կանանց զորակոչի կազմակերպման հիմքը և կարգը։
Կատարված օրենսդրական փոփոխություններով ձևավորվեց «կանանց գումարտակ», որում կանայք կարող են կամավոր հիմունքներով անցնել 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Նախատեսվեց, որ 6-ամսյա ծառայությունը հաջողությամբ ավարտած անձինք ստանում են մեկ միլիոն դրամ պատվովճար և «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում ծառայությունը շարունակելու հնարավորություն։ Այս նորամուծությունը ՀՀ կառավարության կողմից դիտարկվեց որպես զինված ուժերում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու լրացուցիչ խթան։
Այդուհանդերձ, քանի որ պարզ չէին կանանց զինվորական ծառայության անցնելու 6-ամսյա տևողության սահմանման հիմնավորումները, Կազմակերպությունը դեռևս 2023 թ. սեպտեմբերին տեղեկատվական հարցմամբ դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն։
Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ կամավոր հիմունքներով կանանց պարտադիր զինվորական ծառայության 6-ամսյա ժամկետը սահմանվում է այն ենթադրությամբ, որ այդ ժամանակահատվածում զինծառայողը «պետք է տիրապետի ժամանակակից համազորային մարտի առանձնահատկություններին, իր պաշտոնամասնագիտական պարտականություններին, ինքնուրույն մարտի նախապատրաստվելու և մարտ վարելու կարգին, տեղանքի, եղանակի և օրվա տարբեր պայմաններում, հակառակորդի օդային հարձակման միջոցներից պաշտպանվելուն և քողարկմանը, հաստիքային զենքի նյութական մասին, հրաձգության կանոններին, կրակ վարելու ձևերին ու եղանակներին, համազորային կանոնադրությունների հիմնական դրույթներին, մարտական հերթապահության խնդիրներին, և դրա իրականացման պարտականություններին, մարտական պատրաստության պարապմունքների և առօրյա կյանքում անվտանգության կանոններին, որից հետո կին զինծառայողների մոտ կձևավորվի հստակ պատկերացում ՀՀ ԶՈւ-ում հետագա ծառայությունը շարունակելու կամ ՀՀ ԶՈւ պահեստազոր արձակվելու վերաբերյալ»։
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հավելվեց, որ՝ կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության ներգրավման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով իրականացվում է այլ պետությունների փորձի և մարտահրավերների հետազոտություն, ընդգծելով, որ Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) կողմից ՀՀ-ում կազմակերպել է կանանց զորակոչ իրականացնող երկրների լավագույն փորձի ներկայացում։
Նախորդ՝ 2024 թ. մարտին հրապարակված «Կանանց իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ ԶՈՒ-ում» զեկույցում անդրադարձել ենք այն խնդրին, որ մինչ այժմ ձևավորված չէ կին զինծառայողների համար 6-ամսյա զինվորական պատրաստության ծրագիրը և վերջիննրիս պատրաստության համար առաջնորդվելու են «Մոտոհրաձգային, հրաձգային (լեռնային) և տանկային զորամասերի (ստորաբաժանումների)» մարտական պատրաստության ծրագրով, որը նախատեսված է մեկ ուսումնական տարվա համար։
Փաստորեն, կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ ներգրավված կին զինծառայողները 6 ամսվա ընթացքում ուսուցանվում են մեկ տարվա զինվորական պատրաստության ծրագրով, որը, ըստ Կազմակերպության, կրկնակի ծանրաբեռնվածության հետևանքով կարող է բացասաբար ազդել նաև նրանց զինվորական պատրաստության որակի վրա։
2024 թ հուլիսին Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ վերստին դիմեց ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ տեղեկատվություն ստանալու կամավոր հիմունքներում կին զինծառայողների 6-ամսյա ժամկետային զինվորական ծառայության համար մշակված զինվորական պատրաստության ծրագրի մասին։
Նախ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարության վարքագծին՝ տեղեկատվության տրամադրման ժամկետի առումով, նշենք, որ 2024 թ հուլիսի 29-ին Կազմակերպության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղարկված հարցման պատասխանը Կազմակերպությունը ստացավ գրեթե երկու ամիս անց՝ սեպտեմբերի 16-ին, ընդ որում Կազմակերպության հարցին, թե արդյոք մշակվել է կին զինծառայողների 6-ամսյա ծառայության համար անհրաժեշտ զինվորական պատրաստության ծրագիր, ՀՀ ՊՆ կողմից գրությամբ տրամադրվեց հետևյալ պատասխանը՝ «ՀՀ զինված ուժերում կին զինծառայողների զինվորական պատրաստությունն իրականացվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի կողմից հաստատված ծրագրի համաձայն», որն ըստ էության չէր անդրադառնում կազակերպության հարցադրմանը։
Կազմակերպության կողմից կրկնակի հարցում ուղարկվեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի կողմից հաստատված ՀՀ զինված ուժերում կին զինծառայողների պատրաստության ծրագրի պատճենը, որի մասին վկայակոչել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը նախորդ պատասխան գրությամբ։ Միաժամանակ, հղում կատարելով նախկինում՝ 2023 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ կողմից Կազմակերպությանը տրամադրած այն տեղեկատվությանը, համաձայն որի՝ կին զինծառայողների 6-ամսյա ժամկետային զինվորական ծառայության համար կիրառվում է «Մոտոհրաձգային, հրաձգային (լեռնային) և տանկային զորամասերի (ստորաբաժանումների)» մարտական պատրաստության ծրագիրը, Կազմակերպությունը 2024 թ. հուլիսի 29-ին դիմեց ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ նշված ծրագրի պատճենը տրամադրելու հարցով։
Ի պատասխան, ավելի քան երկու ամիս անց՝ 2024 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ կողմից տեղեկացվեց, որ «ՀՀ զինված ուժերում կին զինծառայողների զինվորական պատրաստությունն իրականացվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի կողմից հաստատված ծրագրի համաձայն, որոնք մեծամասամբ պարունակում են ծառայողական օգտագործման տեղեկատվություն, ուստի գաղտնիության հանգամանքով պայմանավորած հնարավոր չէ տրամադրել գրությամբ ակնկալվող ամբողջ տեղեկատվությունը»։ Գրությամբ հավելվեց նաև, որ «Անհրաժեշտության դեպքում՝ ԳՇ պետի ցուցումով նշված պատրաստության ծրագրից կարող է տրամադրվել հոդված կամ թեմա՝ եթե այն չպարունակի գաղտնի տեղեկատվություն»։
Կազմակերպությունը, ընդգծելեվ, որ նպատակ ունի դիտարկել ուսումնական ծրագիրը, մասնավորապես որքանով է այն բխում կանանց լավագույն շահից և մարդու իրավունքներից և, անհրաժեշտության դեպքում, կներկայացնի առաջարկություններ, դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ Կազմակերպությանը տրամադրելու հարցմամբ պահանջվող կին զինծառայողների 6-ամսյա զինվորական պատրաստության ուսումնական ծրագրերի այն բոլոր թեմաները, հոդվածներն ու հատվածները, որոնք չեն պարունակում գաղտնիություն։
Բացի այդ, 2024 թ նոյեմբերի 5-ին, դեռևս ստացած չլինելով հարցման պատասխանը, Կազմակերպությունը հանդիպում ունեցավ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետի և աշխատակցի հետ, որի ընթացքում բացի զինված ուժերում կանանց իրավունքների վերաբերյալ խնդիրների քննարկումը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ ՀՀ ՊՆ կողմից հնարավորինս շուտ Կազմակերպությանը կտրամադրվի հայցվող տեղեկատվությունը, այն է՝ կին զինծառայողների 6-ամսյա ժամկետային զինվորական ծառայության համար նախատեսված ուսումնական ծրագրի գաղտնիություն չպարունակող և մարդու իրավունքների վերաբերող հատվածները։
Նված հանդիպումից միայն մեկուկես ամիս անց, ինչպես նաև Կազմակերպության կողմից վերջին ուղարկված հարցումից երկուսուկես և կին զինծառայողների 6-ամսյա ծառայության համար նախատեսված ուսումնական ծրագրի տրամադրման պահանջով ի սկզբանե ՀՀ ՊՆ ուղարկված գրությունից միայն հինգ ամիս անց հնարավոր եղավ ՀՀ ՊՆ-ից ստանալ կամավոր հիմունքներով կին զինծառայողների 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության պատրաստության համար նախատեսված ուսումնական ծրագրի օրինակի այն հատվածները, որոնք, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության չեն պարունակում գաղտնի տեղեկություններ։
Տեղեկատվության տրամադրման հարցում ՀՀ պաշտպանության նախարարության նման վարքագիծը ոչ միայն օրենքով սահմանված ժամկետների խախտում է, այլև ստեղծում է տպավորություն, որ իրականում կանանց 6-ամսյա ժամկետային զինվորական ծառայության համար հարմարեցված ծրագիր, որպես այդպիսին, չի եղել կամ ծրագրի պատրաստի տեքստային տարբերակն առկա չի եղել պաշտպանական գերատեսչությունում։
Նշենք, որ կամավոր հիմունքներով կին զինծառայողների 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության իրականացման համար ՀՀ պաշտպանական գերատեսչությունն առաջնորդվում է «Մոտոհրաձգային, հրաձգային (լեռնային) և զորամասերի (ստորաբաժանումների) մարտական պատրաստության ծրագրով»։
Անդրադառնալով ծրագրի բովանդակությանը՝ ընդգծում ենք, որ նույնիսկ հակիրճ դիտարկմամբ ակնհայտ դարձավ, որ կամավոր հիմունքներով կին զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայության 6-ամսյա պատրաստության համար նախատեսված ուսումնական ծրագրի մեջ չկա որևէ բովանդակային անդրադարձ մարդու իրավունքներին։
Ներկայումս կին զինծառայողների կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ուսումնական ծրագրում առկա է «Հասարակական-պետական պատրաստություն» բաղադրիչը, որի շրջանակներում ուսումնական խնդիրներն են «հայոց պատմության, հայ ազգային-ազատագրական պայքարի լավագույն ավանդույթների, պետական և ռազմական շինարարության արդիական հիմնահարցերի, իրավունքի նորմերի և ծառայողական փոխհարաբերությունների հիմունքների վերաբերյալ կայուն գիտելիքներով զինումը»։ Չնայած նշված ուսումնական ենթաբաղադրիչը ներառում է իրավունքի նորմերի վերաբերյալ գիտելիքների ուսուցում, սակայն չի մասնավորեցվում, թե ինչ նորմերի ուսուցման մասին է խոսքը, ովքեր ու ինչպես են ներկայացնում մարդու իրավունքների նորմերի վերաբերյալ ուսումնական նյութերը։
Սույն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է առաջարկություններ զինված ուժերում կին զինծառայողների կամավոր ժամկետային զինվորական ծառայության ուսումնական ծրագրում լրացումներ կատարելու մասին։