Գործունեություն | Լրատվամիջոցները մեր մասին
Ինչո՞ւ Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգական հրդեհից 11 օր անց իրավապահները չեն հարցաքննել պաշտոնական վարկածով վառարանը բենզինով թեժացրած կապիտանին, որը հունվարի 19-ից գտնվում է Այրվածքաբանական կենտրոնում։ Այն դեպքում, երբ օրեր առաջ հարցաքննվել են կենտրոնում բուժվող մյուս երկու զինծառայողները՝ Եղիշե Հակոբյանի հետ այրվածքաբանականի վերակենդանացմանում բուժվող Լյովա Խառատյանը և հիվանդասենյակում բուժվող Գարուշ Սարգսյանը։
Խառատյանը դեռ անցած շաբաթ միացված էր շնչառական ապարատին, բայց սարքը հանելուց հետո նա պատասխանել է քննիչների հարցերին։
Այրվածքներ ստացած կապիտան Հակոբյանն օրերս վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ է տեղափոխվել, տեղեկացանք Այրվածքաբանական կենտրոնից։ Այսօր էլ հիվանդասենյակ է տեղափոխվել Լյովա Խառատյանը։
Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով, զինվորականների վիճակը արդեն գնահատվում է միջին ծանրության. - «Կարևորը, որ փոքրիկ դրական տեղաշարժով վերակենդանացման բաժանմունքից կարողացել ենք արդեն պալատ տեղափոխել պացիենտներին»։
Քննչական կոմիտեն հայտարարում է, որ կապիտան Հակոբյանին չեն հարցաքննել առողջական վիճակի պատճառով։ Ենթադրվում է, որ Եղիշե Հակոբյանին առաջիկայում մեղադրանք կառաջադրվի։
«Այդ մասին պետք է քննչական մարմինը պատշաճ պարզաբանում ներկայացնի, որ ինչու, օրինակի համար, նույն դեպքի հետ կապված մի մասը հարցաքննվել է, կամ մյուս մասը չի հարցաքննվել։ Օբյեկտիվ ինֆորմացիա տա։ Ասենք, դա կարող է պայմանավորված լինել առողջական խնդիրներով, այսինքն՝ հարցաքննվողը ի վիճակի բացատարություն տալու։ Կարող է դա նաև պայմանավորված լինել քննչական տակտիկայով», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Այրվածքաբանականում բուժվող զինծառայողներից բացի, տուժողի կարգավիճակ ունեն ողբերգական հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների հարազատները։
Սաքունցի խոսքով, ի սկզբանե տարբեր հակասությունների պատճառ դարձած, կասկածներ հարուցած այս գործը պետք է քննել այնպես, որ հանրությունը է'լ ավելի չընկնի անորոշության մեջ. - «Քննության ընթացքի մասին պետք է լինի այնպիսի տեղեկատվություն, և դրանում է հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը, որ հանրության մոտ առաջանա և ձևավորվի վստահություն, որ քննչական մարմինը պատշաճ և անհրաժեշտ ջանքեր է գործադրում տվյալ քրեական գործով օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու համար»։
Խոսքը ցուցմունքների մասին չէ, այլ հարցաքննվողների, հավաքված փաստաթղթերի, նշանակված փորձաքննությունների, ասում է իրավապաշտպանը. - «Ո՞վ է որոշել, ի՞նչ իրավական ակտով է որոշվել, որ այդ տունը, կամ այդ խրճիթը, կամ էդ կացարանը հատկացվում է որպես զինվորական ծառայության կազմակերպման վայր կամ զինվորների որպես կացարան։ Այդ փաստաթուղթը որոշման կայացման քննության առնվե՞լ է, թե ում կողմից է դա հաստատվել։ Որովհետև սա արդեն քննչական գաղտնիք լինել չի կարող»։
Պաշտոնական հիմնական նախնական վարկածը ավտոբենզինով վառարանի կրակը թեժացնելու հետևանքով ծագած հրդեհն է։ Քրեական գոծը քննվում է երկու՝ պաշտոնեական անփութության և զենք-զինամթերքի, վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածներով։
Արդյո՞ք ավարտվել են փորձաքննությունները։ Իրավապահները դեռ չեն մանրամասնում։ Ի վերջո, ինչո՞ւ էր կապիտանը որոշել վառարանը վառել բենզինով, արդյո՞ք կա այս հարցի պատասխանը։ Նույնպես չի հաղորդվում։ Հայտնի է միայն մեկ մեղադրյալի անուն՝ Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղաբեկյանը, որը պատասխանատու է թիկունքի և կոմունալ շահագործման համար։ Զինվորականին արդեն մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար, նա կալանավորված է։