0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Վարչական դատարանը ծանրաբեռնված է Երևանի քաղաքապետարանի դեմ հայցերով

February 4, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ | Պատշաճ վարչարարության իրավունք | ՏԻՄ գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019 թ. հունվարի 16-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից պատշաճ վարչարարության իրականացումն ապահովելու հարցով:

 

Վարչությունը քաղաքացիների դիմումների հիման վրա շարունակ կայացնում է այնպիսի  որոշումներ, որոնք հետագայում բողոքարկվում են վարչական դատարանում:

 

Եթե ուսումնասիրենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, քաղաքացիների կողմից Երևանի քաղաքապետարանի դեմ բազմաթիվ հարուցված գործեր կգտնենք: Դրանցով հիմնականում վիճարկվում են Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կայացրած որոշումները:

 

Վարչության այդ աշխատելաոճը վերածվել է պարտադիր ընթացակարգի. քաղաքացիները ստիպված են լինում իրենց դիմումները ոչ պատշաճ վարչարարության արդյունքում մերժելու որոշումները վիճարկել դատարանում, ինչը Վարչական դատարանի ծանրաբեռնվածությանն է հանգեցնում:

 

Երևանի բնակիչներ Ա. Մարկոսյանն ու Զ. Սահակյանը այս նույն խնդրով դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:

 

Ա. Մարկոսյանը հայտնել է, որ Երևանի Դավիթաշեն թաղամասում գտնվող իր հողամասում շինարարություն սկսելու թույլտվություն ստանալու համար դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն և 2018թ. հուլիսի 17-ին մերժում է ստացել այն պատճառաբանությամբ, որ հողամասը գտնվում է Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհի շինարարական աշխատանքների իրականացման գոտուց 34մ հեռավորության վրա և կարող է հայտնվել ճանապարհաշինարարական աշխատանքների հնարավոր ազդեցության գոտում: Բայց այդ նույն հեռավորության վրա գտնվող մեկ այլ հողամասում շինարարություն իրականացնելու թույլտվություն տրվել է:

 

Ակնհայտ է, որ Վարչությունը ցուցաբերել է խտրական և անհավասար մոտեցում և խախտել է վարչարարության հիմնական սկզբունքներից մեկը՝ կամայականության արգելքի սկզբունքը:

 

Երևանի մեկ այլ բնակիչ Զ. Սահակյանը Երևանի քաղաքապետարան է դիմել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի հարևանությամբ գտնվող տարածքի հարցով:

 

Նա դիմել է Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ այդ տարածքի նախորդ վարձակալի հետ կնքած պայմանագրի ժամկետն անցնելու հիմքով վարձակալության իրավունքը դադարեցնելու համար ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե դիմելու հարցով:

 

2018թ. հուլիսի 13-ին Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը պատասխանել է, որ հարցի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ նախորդ վարձակալի վարձակալության իրավունքը դադարեցնելուց և Կադաստրի պետական կոմիտեում վերագրացելուց հետո: Մինչդեռ Երևանի քաղաքապետարանն ունի վարձակալության իրավունքն ուժը կորցրած ճանաչելու հարցով Կադաստրի պետական կոմիտե դիմելու իրավասությունը և կարող էր բավարարել քաղաքացու դիմումը:

Կարող ենք արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանը դիմողների նկատմամբ իրականացրել է ոչ պատշաճ վարչարարություն, որի արդյունքում խախտվել են նրանց իրավունքներն ու ազատությունները:

 

Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը ոչ պատշաճ վարչարարության արդյունքում մերժում է քաղաքացիների դիմումներն ու հայտնում, որ այդ որոշումները կարող են բողոքարկվել դատարանում:

 

Նշենք, որ երկու դեպքում էլ քաղաքացիները դիմել են դատարան: Ա. Մարկոսյանի հայցը դատարանը վարույթ չի ընդունել, Զ. Սահակյանի հայցը քննվում է Վարչական դատարանում:

 

2019թ. հունվարի 16-ի գրությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Երևանի քաղաքապետից պահանջել է վերանայել Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կայացրած որոշումները, վերացնել քաղաքացիների իրավունքների խախտումներն ու միջոցներ ձեռնարկել պատշաճ վարչարարություն իրականացնելու համար: Քաղաքապետ Հ. Մարությանից դեռևս պատասխան չենք ստացել:

 

 

 

Դիտումներ՝ 682

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը