Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Այլևս փաստ է, որ այս Սահմանադրությունը պարբերական և պերմանենտ ճգնաժամեր հարուցող և ոչ լուծում տվող Սահմանադրություն է․ Արթուր Սաքունց

July 3, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

«Դա իհարկե իրենց իրավունքն է դիմելու դատարան։ Քվեարկության արդյունքների վերաբերյալ մենք հստակ հայտնել ենք, որ  այդ խախտումները, թերությունները, բացթողնումները որոշիչ ազդեցություն չեն ունեցել ոչ ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա, ոչ էլ քվեարկության արդյունքների վրա։ Հետևաբար, ես չգիտեմ, թե նրանք ինչ հիմնավորումներ են ներկայացրել, գտնում եմ, որ չկան այնպիսի խախտումներ և խախտումների ծավալ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ՝ ի տարբերություն 2003 կամ 2008 թվականի նախագահական ընտրություններին»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝  մեկնաբանելով քաղաքական երեք ուժերի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու՝ Սահմանադրական դատարանին դիմումը։

 

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու գործի հաստատմանը՝ իրավապաշտպանը նշեց․ «Ընտրախախտումների նման դրսևորումները զարմանալի չեն։ նրանք իրենց իշխանության տարիներին մասնագիտացված էին նման բնույթի խախտումներ կատարելու մեջ։ Իրենց կողմից խախտումների, փաստերի նկատմամբ վստահություն չունենք, որոնք իրենք պետք է վկայակոչեն իրենց դիմումի հիմնավորման մեջ, որովհետև իրենք վստահելի չեն որպես տեղեկատվության օբյեկտիվ աղբյուր և դրանում բազմիցս համոզվել ենք նաև մինչև ընտրությունները «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ու նրանց հովանավորությամբ գործող զանգվածային լրատվամիջոցներով ապատեղեկատվության, մանիպուլյացիաների հիման վրա»։

 

Հարցին, թե վարչապետի պաշտոնակատարի օրենքի և իրավունքի դիկտատուրան ինչ պրոցեսներ է ենթադրում, Ա․ Սաքունցը նշեց, որ իրավունք և դիկտատուրա հասկացություններն արդեն իսկ հակասում են իրար։

 

«Ես կասեմ, որ այդ հարցը պիտի տանք նաև վարչապետի պաշտոնակատարին, թե ինքն ինչ նկատի ունի։ Նա պետք է բացի իր արտահայտությունների բովանդակությունը։ Ես բազմիցս ասել եմ, որ դիկտատուրա բառի օգտագործմանը դեմ եմ, որովհետև դիկտատուրա և իրավունք հասկացությունները բովանդակային հակասության մեջ են գտնվում։ Ես գտնում եմ, որ պետք է գործի իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորին հավասար պատասխանատվության, հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքը, պետք է գործի վստահելի արդարադատություն, որն առանց դատական իշխանության անկախության հնարավոր չի երաշխավորել։ Այսինքն սկզբունքներ, առանց որոնց հանրության մոտ չի կարող լինել վստահություն օրենքի և իրավական նորմերի կիրառման հանդեպ, առանց նրանց որոշակիության ու կանխատեսելիության․ խաղի կանոնները պետք է լինեն հստակ»։

 

Իրավապաշտպանի համոզմամբ՝ նկատվում է նոր Սահմանադրության ընդունում․ «Ի վերջո, այո, պետք է հաղթահարվի անպատժելիությունը, որովհետև մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտումների մեջ պատասխանատուները պետք է պատասխանատվություն կրեն․ անպատժելիությունը պետք է հաղթահարվի։ Սրանք են այն հիմնական մոտեցումները, որոնց հիման վրա պետք է վերակազմակերպվի պետությունը, պետական կառավարման ապարատը և դրա երաշխիքը, իհարկե, սահմանադրական փոփոխություններն են կամ նոր Սահմանադրության ընդունումը։ Այլևս փաստ է, որ այս Սահմանադրությունը պարբերական և պերմանենտ ճգնաժամեր հարուցող և ոչ լուծում տվող Սահմանադրություն է։ Միայն այս սկզբունքների հիման վրա կարող է իրական, բովանդակային, հանրային համերաշխություն ձևավորվել»։

 

Ա․ Սաքունցի խոսքով՝ վարչապետի պաշտոնակատարի կողմից հնչած պողպատե մանդատը» պետք է կիրառություն ունենա բոլոր պաշտոնատար անձանց վրա․ «Այս ժամանակահատվածում եղել են բազմաթիվ խնդիրներ, իրավիճակներ, երբ մենք արձանագրել ենք ոչ համակարգային մոտեցում։ Ի դեպ այդ պողպատե մանդատ ձևակերպման հետ էլ նույն սկզբունքով, ինչպես օրենքի դիկտատուրայի դեպքում արտահայտվեցի, ես համարում եմ ոչ բովանդակային, որովհետև ոչ թե պողպատե մանդատ պետք է լինի, այլ իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա գործող մանդատ, օրենքի առջև բոլորին հավասար պատասխանատվության սկզբունքի հիման վրա։ Այդ մանդատը պետք է բոլորի համար նույն կերպ կիրառվի։ Սա շատ կարևոր հանգամանք է և մյուսը, որ ի վերջո ոչ թե կադրային ջարդի մասին պետք է խոսել, այլ վեթինգի, պետական ապարատը մաքրելու, ազատելու այն պաշտոնատար անձանցից, որոնք մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ ունեցել են մասնակցություն և մնացել են անպատիժ»։

 

Նա համարում է, որ այդ ամենը չի կարելի ջարդ անվանել, այլ պետք է անվանել պետական ապարատի բովանդակային և որակական փոփոխություն՝ համապատասխանեցնելու հաշվետու և թափանցիկ, ժողովրդավարական պետության սկզբունքին․

 

«Այսինքն ոչ թե ես, դուք կամ որևէ մեկն է որոշում, թե ով պետք է ու չպետք է լինի, այլ նրա կողմից պարտականությունների կատարման որակի քննության հիման վրա ենք գալիս եզրակացության, բայց մինչ դա, մենք գտնում ենք, որ պետք է մաքրվի դատական համակարգը, Դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, քննչական, մաքսային մարմինները բոլոր այն մարդկանցից, որոնք ուղղակի մասնակից են եղել կոպիտ ու շարունակական խախտումներին, և նրանք չպետք է մնան, որովհետև նրանց մնալու դեպքում ցանկացած բարեվարքության նորմերի կամ մեխանիզմների իրականացումը երաշխիք չի ունենալու, որ արդյունք են ունենալու։ Պողպատը ո՞րն է, մեկն էլ ասի թղթե, բամբակե, այդ ինչ անբովանդակ բաներ են։ Ես հասկանում եմ՝ կարող են համեմատական բաներ անել, բայց հասկացության կամ բառի ուղերձը պետք է ունենա բովանդակություն»։

 

 

yerevanlur.am

Դիտումներ՝ 39

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????