Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նիկոլ Փաշինյանն իրավասո՞ւ է ստորագրել նման փաստաթուղթ

May 21, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Yerevanlur զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

— Պարոն Սաքունց, Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ՝ պնդելով, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանից տարածքներ զիջել։ Ինչպե՞ս է նախկին դեսպանը հրապարակել փաստաթղթի ադրբեջանական կողմի օրինակը։

 

— Պետք է իրենից հարցնել, որովհետև միայն ինքը գիտի, թե որտեղից է ձեռք բերել այդ փաստաթուղթը։ Բայց, քանի որ այդ փաստաթուղթը շրջանառվել է երեք կողմերի միջև, ինֆորմացիայի արտահոսքը կարող է լինել և՛ Մոսկվայից, և՛ Երևանից։

 

— Քաղաքական ո՞ր ուժին է ձեռնտու այսպիսի անհանգստություններ հրահրելը։

 

— Այն, որ կան քաղաքական ուժեր, որոնք շահագրգռված են Հայաստանում անկայունության հրահրմամբ, դա միանշանակ է, և անմիջապես թավշյա հեղափոխությունից հետո այդ գործողությունների հեղինակը հայտնի է։ Դրանք, բնականաբար, նախկին ուժերն են, որոնք կորցրել են իշխանությունը և իրենց կոռուպցիոն եկամուտներն ստանալու հնարավորությունը։ Միաժամանակ, նրանք ունեին մտավախությունոր իրենց կատարած հանցավոր գործողությունների համար պատասխանատվության կենթարկվեին, ինչն այս նախընտրական փուլում դեռևս որոշ առումով կդանդաղի։ Ի դեպ, այս անկայունության շահագրգռվածությունը դրսևորվել է և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմից հետո։ Բնականաբար, պատերազմի ծանր հետևանքները լրացուցիչ փաստարկներ են իրենց համար ստեղծել այդ գործողությունն իրականացնելու։ Սակայն կա երևույթի մյուս կողմը, որը պայմանավորված է իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ, ոչ հաշվետու և ոչ թափանցիկ աշխատանքով։ Ընդհանրապես, իշխանությունն անհետևողական և անսկզբունքային էր, խոսքը վերաբերում է պետական կառավարման համակարգի արմատական վերափոխումներն ու բարեփոխումները չիրականացնելուն, դատաիրավական համակարգը արմատական փոփոխության չենթարկելուննկատի ունեմ՝ Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատական համակարգի, ի վերջո՝Սահմանադրության փոփոխության չկատարմանառումով, որովհետև այս Սահմանադրություննարդյունավետ, թափանցիկ և հաշվետու կառավարում, իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի երաշխավորում չի ապահովում։ Նմանապես շատ անսկզբունքային և անհետևողական էր արտաքին հարաբերությունների բնագավառում, որովհետև ակնհայտ էր, որ Հայաստանը, հատկապես 2018թ թավշյա հեղափոխությունից հետո չէր կարող իր զարգացումը և անվտանգության երաշխիքներն ունենալ բռնապետական ռեժիմներ ունեցող պետությունների ակումբում, ինչպիսին են՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ն։ Այս փակ համակարգից դուրս գալու ուղղությամբ նույնպես ջանքեր չգործադրվեցին։ Այսինքն՝ պարզ է, որ նախկին ուժեերնապակայունացնող իրավիճակը քաոսի վերածելու հակված և շահագրգռված են, բայց ի՞նչ արվեց, որ նրանք արդյունքներ չունենան։ Այստեղ խոսքը չի վերաբերում, այսպես կոչված «թավիշ» հասկացողությանը, որովհետև դա ընդհանրապես մտացածին հասկացողություն է։ «Թավիշն» ընդամենը վերաբերում էր հեղափոխությանը, որ ոչ բռնի, բացառիկ ոչ բռնի, քաղաքացիական բողոքի խաղաղ ցույցերով իրականացվեց հեղափոխություն, և տասնամյակներ շարունակ բռնապետական կառավարման ռեժիմը հեռացվեց իշխանությունից։ Սակայն, դրան պետք է գար փոխարինելու իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա, այսինքն՝գործող, հաշվետու և թափանցիկ կառավարման համակարգ, որը չարվեց։ Այսինքն՝ օգտագործվող տերմինը, թե «թավիշին պետք է վերջ տրվի», կեղծ օրակարգ է։ Իրականում պետք է դրվեր օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության, իրավունքի գերակայության հիման վրա կառավարման ձևավորում։ Այս ուղղություններով պատշաճ, հետևողական և սկզբունքային ջանքեր չգործադրելն ակամա նպաստեց այդ ապակայունացնող քաղաքական ուժերի որոշ հաջողություններին։ Բայց ես ունեմ համոզմունք, որ նրանք չեն հաջողելու։

 

— Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ փաստաթուղթը 100%-ով  բխում է հայերի շահերից։ Իրավական տեսանկյունից արդյո՞ք ՆիկոլՓաշինյանն իրավասու է ստորագրել նման փաստաթուղթ։

 

— Խնդիրը վերաբերում է ոչ միայն իրավական կողմինինչին կանդրադառնամ, այլ այս ծանր պատերազմի ծանր հետևանքների և իրավիճակի պայմաններում առավել քան որոշիչ և առանցքային է հանրության հետ խոսելը և հանրային իրազեկում ապահովելը։ Եթե տանք ամբողջական որակում, դա կոչվում է «ճգնաժամային կառավարում»։ Ճգնաժամային կառավարման հիմնական սկզբունքը, որի իրականացումը կարող է երաշխավորել արդյունավետ և հաջողված կառավարում, դա հանրային իրազեկումն է այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք կենսական նշանակություն ունենան մարդկանց և պետության անվտանգության համարճգնաժամային իրավիճակներում դրանք ավելի են սրվում։ Անվտանգության հարցերն առանձին դրվագներ չեն, ասենք՝ Գեղարքունիքի, Տավուշի կամ Նախիջևանի հատվածում և այլն, դա վերաբերվում է ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Այս հարցերով պետք է հանրությանն իրազեկել և  հանրությանը մասնակից դարձնել։ Հանրության համար պետք է իշխանության վարքագիծը լինի կանխատեսելի, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Այս առումով՝ իշխանությունը պատշաճ ջանքեր չգործադրեց։ Դու պետք է հանրության հետ խոսես, ոչ թե հանրությանը տրամադրվի տեղեկություն, որի իսկությունը կասկածի տակ է, հատկապես գիտենք, որ շահագրգիռ կողմից է։ Իրավիճակն ապակայունացնող շահագրգիռ կողմից նման տեղեկատվություններն արդյունք կամ ազդեցություն են ունենում, երբ իշխանությունը պատշաճ նախաձեռնողականություն չի դրսևորում, դա պարտավորություն է, հանրությանն իրազեկելու համար։ Սա՝ որպես հերթական ամրագրում։ Իրավական տեսակետից՝ կառավարումը ֆորմալ առումով պետք է շարունակվի։ Չի կարող ընտրությունների գնալու ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կառավարում չլինել, դա կլինի պաշտոնակատարի, թե արդեն ընտրվածի կողմից։ Իշխանությունն իրացնում է և պետք է իրացնի իր լիազորությունը։ Բայց այստեղ նույնիսկ Ազգային ժողովը, որն իշխանության օրենսդիր մարմինն է, այն գոյություն ունի և իր լիազորություններն ավարտվում են հաջորդ Աժ-ի ընտրվելուց հետո, պատշաճ չկատարեց նույնիսկ ներկայացուցչական մարմնի դերը, նկատի ունեմ սկսած՝ նոյեմբերի 9-ի Աժ հարձակման փաստը նույնիսկ չդարձավ քննարկմանքննիչ հանձնաժողովի կամ ուսումնասիրության առարկա, բայց ԱԺ-ն պետք է քններ դա։ Նման փաստաթղթերը, որոնք պետության և նրա քաղաքացիների անվտանգության հետ են կապված, առնվազն, եթե ոչ փաստաթղթերը, ապա գործընթացները, Ազգային ժողովը նույնպես պետք է իրականացնի իր գործառույթը, որպես վերահսկող և քաղաքական մարմին, որտեղ քննվում, դիտարկվում և ի վերջո որոշումներ են կայացվում, որոնք ուղենիշային նշանակություն ունեն գործադիր իշխանության համար։ Հիշենք՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որը ուղենիշ դարձավ գործադիր իշխանության համար։ Այսինքն, չի կարող որևէ փաստաթուղթ ստորագրվել Հայաստանի իշխանության կողմից, որով կամրագրվի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը։ Սակայն այս Ազգային ժողովը քաղաքական դիրքորոշում, գնահատական կամ ուղերձ չտվեց։ Սրա մեջ է նաև ամբողջ տրագեդիան։ Սակայն մշակույթի տեսակետից, որը,ցավոք սրտի, մեզ մոտ դեռևս ձևավորված չէ, իհարկե,շատ ռիսկային է, որ պաշտոնակատարի կարգավիճակում փորձում ես միանձնյա որոշել նման կենսական խնդիրները։ Այսինքն, այստեղ կան այլ սահմանադրական մարմիններ, ինչպես նշեցի՝ ԱԺ-ն, կամ Անվտանգության խորհուրդ ասվածը, որը, եթե ոչ փաստաթղթի ամբողջական բովանդակության, նկատի ունեմ՝ կետերով, բայց և փաստաթղթի գաղափարից կամ գործընթացներից պետք է իրազեկ լինի։ Հիմա մենք տեղյակ չենք, թե Անվտանգության խորհրդի օրակարգում նման հարցեր քննարկվել են, թե ոչ։ Տարօրինակ է, երբ Անվտանգության խորհրդի անդամների մի մասը, հանձինս արտգործնախարարի կամ առնվազն նախարարի տեղակալի, հայտնում են, որ տեղյակ չեն փաստաթղթի կամ նման գործընթացների մասին։ Պաշտպանության նախարարության Ազգային անվտանգության ծառայության մասին պաշտոնական որևէ դիրքորոշում չեմ լսել, չնայած լրատվական դաշտում լուրերը տարածվում են։ Ուզում եմ ասել՝ սահմանադրական մարմիններն իրենց գործառույթները պատշաճ իրականացնելու խնդիր ունեն։ Ներառականությունը՝ ոչ միայն հանրության իրազեկման առումով, այլ նաև այն պետական ինստիտուտների մասնակցության և ներգրավվման մասով, բավական լուրջ հարցեր են առաջացնում, և այդ միանձնյա պատասխանատվությունն անկախ նրանից պաշտոնակատար է, թե ոչ, շատ խոցելի է դարձնում։ Առաջ է գալիս վստահության խնդիր։

 

— Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում հայտարարեց, որ ՀՀ-ի քաղաքական վերնախավում Ադրբեջանն ունի տեղեկատվական պայքարի գործակալներ, ընդ որում՝ այդ մարդկանց գործունեությունն, ըստ նրա, նոր չէ, նրանք 2020թ-ին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել  ՀՀ-ի վրա։ Արդյո՞ք երկրի անվտանգության իրավական առումով հնարավոր չէր ի սկզբանե կանխել նրանց գործունեությունը։

 

— Քաղաքական գործիչները կարող են ամենատարբեր հայտարարություններն անել, որոնք անպայման չէ, որ ունենան իրավական հիմնավորումներ։ Սա արդեն քաղաքական գործչի անձնական պատասխանատվության տիրույթում է գտնվում, որի հետևանքները կարող են արտահայտել նրա նկատմամբ հանրային վստահության բարձրացմամբ կամ նվազեցմամբ։ Տարիներ շարունակ, օրինակ, քաղհասարակության առանձին ներկայացուցիչների, իրավապաշտպանների որակում էին գործակալ՝ թիրախավորելու նպատակով, այդ թվում նաև ադրբեջանական։ Չգիտես ինչու, որևէ մեկը չի խոսում, օրինակ, ռուսական գործակալների մասին։ Ի՞նչ է Հայաստանում ռուսական գործակալներ չկա՞ն, թե՞համարձակության չկա այդ գործակալների մասին խոսելու։ Ի վերջո, Հայաստանը պետություն է, որի վրա ամենամեծ, ուղղակի ազդեցությունն ունի Ռուսաստանը։ Ի՞նչ է՝ ФСБ-ի ռուսական գործակալները նորմա՞լ եննրանք վտանգ չեն ներկայացնո՞ւմ, ելնելով այն ակնհայտ փաստից, որ հենց պուտինյան ռեժիմն ունի պատշաճ ռեսուրսներ, նաև դա փաստվում է բազմաթիվ օրինակներով, թե հիբրիդային պատերազմում ինչպիսի գործիքներ ենկիրառվում՝ ապատեղեկատվություն, գործակալներ, մահափորձեր, քիմիական զենքի կիրառումներ, հարձակումներ, այդ թվում՝ ագրեսիվ հարձակումներ իր հարևան պետությունների, այլ պետությունների տարածքում, առանձին անձանց նկատմամբ կամ պետությունների։ Դա բարենպա՞ստ է։ Խոսել ադրբեջանական գործակալների մասին, նշանակում է տուրք տալ հանրության մեջ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների կողմից կիրառված տեխնիկային, որ հակադարձելու համար կամ որպես հակափաստարկ կիրառվել է ադրբեջանական գործակալ անվանումը։ Բնական է, դա շատ վատ է ընդունվում և դրանով փորձել թիրախավորել ընդդիմադիրներին, դա այն խոսույթը չէ, որ պետք է կիրառվի։ Եթե կան փաստեր, որոնք կարող են հիմնավորել պետական դավաճանության կամ Ազգային անվտանգության, պաշտպանության դեմ գործողության առումով, դրանց համար կան համապատասխան մարմիններ։ Քաղաքական առումով՝ գիտենք, թե որ մարդիկ են հայտարարել, որ ամենահարմար պահն է Հայաստանի վրա հարձակվելու։ Նման դեպքեր եղել են։

 

yerevanlur.am

Դիտումներ՝ 58

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????