Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ
Արարատի մարզի բնակիչ Տ.Ա.-ը զինված ուժեր է զորակոչվել առանց համալիր բուժզննություններ անցնելու: Այս մասին ՀՔԱՎ գրասենյակին ուղղված դիմումում տեղեկացրել էր նրա հայրը՝ ակնկալելով իրավական աջակցություն՝ որդու զորակոչի օրինականության վերանայման հարցում: Նրա ներկայացմամբ՝ 2019 թ.-ի հունվարին տղային զորակոչել են՝ առանց ամբողջական բուժզննության ենթարկելու, մինչդեռ տղան ունի շնչառական ուղիների խնդիրներ և այդ մասին հավաստող փաստաթղթեր: Մասնավորապես՝ նրան անհանգստացնում են փոշուց, սառը օդից ու մի շարք սննդատեսակներից առաջացող ասթմատիկ նոպաները: Բժշկական հանձնաժողովը ոչ միայն դա հաշվի չի առել, այլև՝ 2018 թ.-ին Իտալիայում ուսանելիս նրան տրված բժշկական փաստաթուղթը, որը հավաստում է Տ.Ա.-ի մոտ անհայտ ծագման գաստրոպատիայի, բրոնխոսպազմի սինդրոմի և սթրեսային ասթմայի մասին:
ՀՔԱՎ գրասենյակը խնդրի վերաբերյալ 2019 թ.–ի դեկտեմբերի 12-ին գրությամբ դիմել էր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով տղային անհապաղ ենթարկել համալիր բուժզննության՝ պարզելու նրա առողջական վիճակի իրական պատկերը, հարկ եղած դեպքում՝ կազմակերպել նրա բուժումը և, ընդհանրապես, վերանայել զինծառայությանը նրա պիտանիության հարցը:
Գրության մեջ ՀՔԱՎ գրասենյակը մատնանշել էր մի շարք հանգամանքներ, որոնք պետք է որ հաշվի առնվեին զորակոչի ժամանակ: Չնայած բազմաթիվ ախտանշաններին՝ հետազոտությունների ժամանակ ասթմայի մասին որևէ հստակ ախտորոշում այդպես էլ չի արձանագրվել, մինչդեռ Կառավարության թիվ 404 որոշման 25-րդ հոդվածը հստակ սահմանում է. ախտորոշումն արվում է ստացիոնար պայմաններում՝ համալիր հետազոտումից հետո և պետք է հաստատված լինի նաև այլ բժշկական փաստաթղթերով: Դրանցից և ոչ մեկը չի իրականացվել ո՛չ զորակոչի, ո՛չ էլ զինծառայության ժամանակ: Ավելին՝ զորակոչվելուց 1 ամիս անց՝ Տ.Ա.-ի մոտ նկատվել են ալերգիկ ռեակցիաներ՝ մի շարք դեղերից: Տ.Ա.-ը ինհալյատոր դեղամիջոցներ է օգտագործում, որոնք, թեև որոշակի թեթևացնում են վիճակը, բայց և կարող են հակացուցված լինել: Անտեսելով բոլոր այս հանգամանքները՝ ԿԲՀ-ը Տ.Ա.-ին ճանաչել է պիտանի՝ ՀՀ Կառավարության թիվ 404_Ն որոշման մի շարք հոդվածներով: Թեև հետագայում՝ 2018 թ.-ի փետրվարին, օբյեկտիվ զննման թերթիկում մասնագետի կողմից բուժման ցուցում է տրվել, համաձայն Կառավարության վերոնշյալ որոշման 25-րդ հոդվածի, այդուհանդերձ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովը Տ.Ա.-ին այս հոդվածով չի էլ փորձաքննել:
2020 թ.-ի հունվարի 10-ին ՀՔԱՎ գրասենյակին ՊՆ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն իրազեկել է, որ Տ.Ա.-ը ԱՀ-ի զինված ուժեր է զորակոչվել ՀՀ Կառավարության թիվ 404_Ն որոշման 1-ին հավելվածի մի շարք կետերով՝ պիտանի է «զինծառայությանը՝ սահմանափակումով» եզրակացությամբ: Ըստ ՊՆ-ի պատասխան գրության՝ 2019 թ.-ի դեկտեմբերի 25-ին Տ.Ա.-ը ամբուլատոր հետազոտություն է անցել զորամասում, ինչպես նաև Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնում, ուր արված հետազոտությունների և նեղ մասնագիտական խորհրդատվության արդյունքում տրվել է «Միտրալ փականի առաջնային փականի պրոլապս, առանց միտրալ անբավարարության» ախտորոշումը: Չունենալով ստացիոնար բուժման կարիք՝ խորհուրդ է տրվել զորամասում պահպանել հիվանդության հոդվածով նախատեսված սահմանափակումները:
Չբավարարվելով ՊՆ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պատասխանից՝ ՀՔԱՎ գրասենյակը 2020 թ.-ի հունվարի 29-ին 2-րդ գրությամբ է դիմել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով բոլոր այն հանգամանքներին, որոնք տեղ են գտել նախորդ գրության մեջ, բայց շրջանցվել ՀՀ ՊՆ –ի գլխավոր քարտուղարի տեղակալի կողմից: Նախորդ գրության մեջ շարադրված զինծառայողի առողջական խնդիրների օբյեկտիվ պատկերը վեր հանելու փոխարեն՝ Տ. Ղարիբյանը բավարարվել էր ընդամենը նշելով, որ Տ.Ա.-ին զորակոչելը եղել է իրավաչափ, բուժզննություններով տրվել համապատասխան ախտորոշում, իսկ ստացիոնար բուժման կարիք նա չի ունեցել: ՀՔԱՎ գրասենյակը մատնանշել է այն կարևոր հանգամանքը, որ Տ.Ա.-ը պատշաճ բուժզնության չի ենթարկվել ո՛չ զորակոչի, ո՛չ էլ զինծառայության ընթացքում, նրա առողջական խնդիրների մասին վկայող փաստաթղթերը, այդ թվում՝ արտասահմանյան բուժհաստատության կողմից տրված, անտեսվել են:
Երկրորդ գրությամբ ՊՆ-ից ՀՔԱՎ գրասենյակը պահանջել է անհապաղ կազմակերպել Տ. Ա.-ի բուժզննությունն ու բուժումը, վերջինիս անհնարինության պարագայում՝ վերանայել զինծառայությանը նրա պիտանիության օրինականության հարցը:
Սահմանված ժամկետներում չստանալով պատասխան՝ ՀՔԱՎ գրասենյակը 3-րդ գրությամբ է դիմել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին: Գրասենյակը նախարարից պահանջել է անհապաղ զբաղվել խնդրով, ներկայացնելով նախազորակոչային և զորակոչային շրջանում արձանագրված բազմաթիվ դրվագներ, որոնք հիմք են տալիս կասկածելու զինծառայողի մոտ բրոնխիալ ասթմայի առկայության մասին:
Ուշագրավ մեջբերումներ են արվել նրա բժշկական գրքույկից: Ըստ այդմ՝ տարբեր օրերի զինծառայողն ունեցել է ասթմատիկ սրացումներ և դեղորայքային ալերգիա: Նույն փաստաթղթի համաձայն՝ Տ.Ա.-ը բազմիցս հոսպիտալացվել է՝ բրոնխոսպազմի համար, մշտապես կիրառում է բրոնխիալ ասթմայի դեպքում ցուցված ինհալյատորներ, նրա մոտ պարբերաբար նկատվում են շնչառական համակարգի խանգարումներ, մասնավորաբար՝ թոքաբորբ և ռինոսինուսիտ:
3-րդ գրության մեջ ՀՔԱՎ գրասենյակը ՊՆ-ի ուշադրությունը հրավիրել է հատկապես Տ.Ա.-ի հիվանդության պատմության 2019 թ.-ի ապրիլի 19-23-ի հատվածին, որոնց համաձայն, բուժող բժիշկը նշել է պարացետամոլ և կետոնալ դեղերից զինծառայողի ալերգիկ ռեակցիաների մասին, միաժամանակ նրան նշանակել դիկլոֆենակ, որը ևս ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց է և որի ներարկումից էլ զարգացել է ալերգիկ ռեակցիա, ինչի մասին առկա է ռեանիմատոլոգի գրառումը: Հաշվի չառնելով ասթմատիկ երևույթների առկայությունը՝ բուժգրքույկում նշվել է միայն Տ.Ա.-ի ունեցած դեղորայքային ալերգիայի մասին: ԿԲՀ-ն անտեսել է այս ամենն ու Տ.Ա.-ին չի փորձաքննել անգամ թիվ 404 որոշման 25-րդ հոդվածով, այնինչ, վերոգրյալի հիման վրա, նրա նկատմամբ պետք է կիրառվեր հենց այդ հոդվածի «Բ» կետը:
Ուստի՝ ՊՆ-ից ՀՔԱՎ-ը վերստին պահանջել էր անհապաղ զբաղվել զինծառայողի առողջական վիճակի մանրակրկիտ ու ամբողջական զննությամբ՝ բրոնխիալ ասթման բացահայտելու և բուժելու նպատակով, անհնարինության պարագայում՝ վերանայել զինծառայությանը նրա պիտանիության օրինականության հարցը:
2020 թվականին Կենտրոնական բժշկական հանձնաժողովը որոշում է ընդունել Տ.Ա.-ին զինծառայությունից վաղաժամ զորացրելու մասին:
Leave a Reply