Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բացառվում է, որ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները զորակոչվեն. ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ

January 18, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Բացառվում է, որ լուրջ առողջական խնդիրներ ունեցող նորակոչիկները բանակ զորակոչվեն, վստահեցնում է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։ Մինչդեռ զորակոչիկների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության վիճակագրությունն այլ բան է ասում։



Այսօր կենտրոնական զինվորական հավաքակայանում անդրադառնալով նորակոչիկների շրջանում հաճախ հանդիպող հիվանդություններին՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը առանձնացրեց. - «Մեր տիրույթում հայտնվողներից ամենաշատը սոմատիկ հիվանդներն են՝ թեմատիկ պրոֆիլի, սենց ասեմ, սիրտ-անոթային հիվանդություններն են, վիրաբուժական հիվանդությունների խնդիր ունեն՝ ուրոլոգիական, բավականին մեծ է թիվը, դա կապված է զարգացման արատների հետ, վնասվածքաբանական պատոլոգիաները, քայլքի հետ խնդիրներ, ողնաշարի հետ խնդիրներ, և երևի թե էդ պատոլոգիաներն են»։



Պաշտոնյայի վստահեցմամբ՝ թե՛ զորակոչվելիս և թե՛ զորամասում առողջական խնդիրների վերաբերյալ ոչ մի դիմում կամ գանգատ չի անտեսվում։ «Յուրաքանչյուր բողոքի հետքերով գնում ենք, յուրաքանչյուր բողոքի պարագայում, եթե տեղում հնարավոր է էդ հետազոտությունները անել, արվում են տեղում, եթե ոչ, ապա զինծառայողը տեղափոխվում է Երևան՝ ավելի հագեցված, ավելի բարձր ունակություններ ունեցող բժշկական հաստատություններ, որտեղ հետազոտությունների արդյունքում գալիս ենք եզրահանգման՝ կամ պետք է շարունակի, կարող է սահմամափակումով հոդված ավելանա, և չի բացառվում նաև՝ վաղաժամ արձակվի զինված ուժերից», - նշեց Օհանյանը։



Այդուհանդերձ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում ամեն տարի մոտ 35 տոկոսով աճում են նորակոչիկների կողմից ստացած դիմում-բողոքների թիվը։ Վերջին մեկ տարվա ընթացքում ստացել են 94 դիմում, որից 67-ը առողջական խնդիրների մասին էր։ Կամ պատշաճ զննություն չեն ստացել, կամ համաձայն չեն եղել առողջական վիճակի հետազոտման արդյունքների հետ։

 

Կազմակերպության խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանի խոսքով՝ հաճախ պիտանիությունը որոշելու համար անհրաժեշտ լրացուցիչ զննությունը չի իրականացվում։ Եվ խնդիրն առանց բացահայտելու քաղաքացուն զորակոչում են բանակ։

 

«Մենք մի դեպք ունենք և արդեն դատական պրոցեսում ենք, երբ որ քաղաքացուն առանց լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու, թերի հետազոտություններով զորակոչել են, և քաղաքացու առողջական վիճակը ավելի է վատացել հենց զինվորական ծառայության ընթացքում», - ասաց Արմինե Սադիկյանը։



Ըստ ուսումնասիրության՝ լինում են նաև հակասական ախտորոշումներ տալու դեպքեր, որոնք միշտ ի վնաս զորակոչիկի են կայացվում։ Մեկ այլ լուրջ խնդիր է, երբ քաղաքացուն տարեկետում են տալիս բուժման նպատակով, սակայն հաջորդ զորակոչին ուղարկում են ծառայության։



«Ունենք դատական գործեր, բողոքարկումներ, ըստ վերադասության և նաև դատական կարգով։ Ունենք հաջողություններ, երբ քաղաքացին պիտի ճանաչվեր ոչ պիտանի կամ ճամանակավորապես ոչ պիտանի, սակայն ճանաչվել էր պիտանի զինվորական ծառայության համար և դատական բողոքարկման արդյունքում իրենց նկատմամբ համարժեք որոշում է կայացվել և նրանք ազատվել են», - նշեց Սադիկյանը։

 

Բանախոսները նաև հայտարարեցին, որ զորամասերն այսօր ապահովված են անհրաժեշտ դեղորայքով։ Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ծնողները միշտ առաջին անհրաժեշտության դեղեր ուղարկում զորամասեր, ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը հարցով պատասխանեց. - «Մեր հարգելի վարչապետը ծնողներին ասաց՝ «ոչ մեկդ ուտելիք չուղարկեք, ոչ մեկդ շոր չուղարկեք, ինչո՞ւ են ուղարկում»։

 

 

azatutyun.am

Դիտումներ՝ 857

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????