Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զորակոչիկների իրավունքները շարունակում են խախտվել՝ փոխահատուցումների հարցում պետության ոչ պատշաճ մոտեցման պատճառով

June 2, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

2020 թվականի մայիսի 14-ին ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով տեղեկություններ այն մասին՝ թե արտակարգ դրության ընթացքում, երբ արգելված է հանրային տրանսպորտի աշխատանքը, պաշտպանության նախարարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում զորակոչիկների՝ հաշվառման վայրի զինկոմիսարիատներ հասնելու, ինչպես նաև բուժզննություններ անցնելու ուղղությամբ: 

 

Առիթը զորակոչիկ Ա. Բ.-ի հարազատի՝ ՀՔԱՎ –ին հասցեագրված դիմումն էր, որին  անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում, որում նշել էինք, որ ելնելով արտակարգ դրությունից` զորակոչիկների, այդ թվում և` Ա.Բ-ի համար խնդիր է զինկոմիսարիատ, բուժզննության համար բուժհաստատություններ ներկայանալը: Հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում ոչ բոլորն են ի վիճակի օգտվելու տաքսի ծառայության մեքենաներից՝ 1 ուղղության համար վճարելով 3000-4000 դրամ: Ավելի վաղ հայտնել էինք նաև անվտանգության կանոնները չպահպանելու վերաբերյալ ահազանգերի մասին, որ ստացվել էին՝ Աբովյանի զինկոմիսարիատի հետ կապված:

 

Մայիսի 20-ին ՀՔԱՎ գրությանն արձագանքել էր պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը: Պատասխանում, մասնավորաբար, նշված էր, որ համաձայն կառավարության որոշման՝ 2020 թ. մայիսի 18-ից միջհամայնքային հանրային տրանսպորտի աշխատանքը վերսկսված է, ինչով պայմանավորված էլ՝ զինվորական հաշվառման ու պարտադիր զինծառայության  ենթակա զորակոչիկները կարող են անարգել մեկնել մարզերի ու մայրաքաղաքի բուժկենտրոններ՝ բուժհետազոտությունների: 

 

ՊՆ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ հիշեցրել էր, որ Կառավարության 2018թ.-ի համապատասխան որոշմամբ՝  հիվանդանոցային հետազոտման կամ բուժման ուղեգրվող նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց ճանապարհածախսը հատուցում է սպասարկող պոլիկլինիկան՝ ըստ  առողջապահության նախարարի սահմանած չափի:

 

Անգամ հանրային տրանսպորտի աշխատանքի վերսկսկման պարագայում ՀՔԱՎ գրասենյակը չունի տեղեկություններ այն մասին, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում՝ այն զորակոչիկների համար անվտանգ  դարձնելու ուղղությամբ, արդյո՞ք պատրաստվում է վերանայել փոխհատուցումների կարգն ու արժանապատիվ փոխհատուցում տրամադրել Ա.Բ.-ին և նրա կարգավիճակում հայտնված այն զորակոչիկներին, ովքեր հնարավորություն չունեն ծանուցման ժամկետներում ներկայանալ զինկոմիսարիատ կամ ապրում են հեռավոր բնակավայրերում ու, երբեմն ոչ իրենց մեղքով, ստիպված են մի քանի անգամ բուժզննության գնալ մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ:

 

ՀՔԱՎ գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը, որը նաև զինծառայողների իրավունքների հարցերով խորհրդատու-դասընթացավար է, ասում է, որ  խնդիրը վաղուց է  հասունացել. «Երբ զորակոչիկն ըստ ուղեգրի մարզից գնում է մայրաքաղաքի որևէ բժշկական կենտրոն, փոխհատուցվում են միայն մայրաքաղաք հասնելու ծախսերը, իսկ եթե զորակոչիկը, ոչ իր մեղքով, իհարկե, ստիպված է ժամեր անցկացնել բուժհաստատությունում ու նույն օրը չի հասցնում ավարտել բուժզննությունները, կրկին այնտեղ գնալու խնդիր է առաջանում: Ահա այստեղ է, որ զորակոչիկները բախվում են ֆինանսական լուրջ խնդիրների: Բացի այն, որ ուղեգրով տրվող փոխհատուցումները չնչին են ու ոչ համարժեք հաշվարկված ներկա փոխադրումներին՝ զորակոչիկներից շատերն ի վիճակի չեն օգտվել տաքսի ծառայություններից, որովհետև դա լրացուցիչ ֆինանսական բեռ է նրանց ընտանիքների համար՝ հատկապես արտակարգ դրության այս ընթացքում»:

 

 Նշենք, որ իր այս մտահոգությունները ՀՔԱՎ գրասենյակը տարիներ շարունակ բարձրաձայնել է ոլորտին առնչվող իր զեկույցներում: «2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին» զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ շարունակում է ամբողջովին չլուծված մնալ բուժզննության ներկայանալու համար անհրաժեշտ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման խնդիրը: Անգամ այն դեպքերում, երբ տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են՝ չեն բավարարում ուղեգրված բոլոր բուժհաստատություններ հասնելու և տունդարձի համար. «...հեռավոր բնակավայրերից Երևանում բուժզննության ուղեգրված լինելու համար տրամադրվում է տրանսպորտային փոխհատուցում 1 անգամ: Եթե բժշկական հաստատության կամ բժշկի, մասնավորապես՝ մասնագետների՝ տեղում չլինելու, աշխատանքային օրն ավարտվելու կամ անհրաժեշտ սարքավորման բացակայության կամ անսարքության պատճառով, հետազոտությունը չի իրականացվում, նման իրավիճակները հավելյալ ծախսեր են պահանջում քաղաքացուց՝ կրկին վերադառնալու և ներկայանալու համար, բայց այդ դեպքում արդեն  տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում»:

 

Խնդրի վերաբերյալ ՀՔԱՎ գրասենյակը նաև առաջարկներ էր արել. ապահովել հեռավոր բնակավայրերից ուղեգրված զորակոչիկների որակյալ հետազոտությունը հնարավորինս սեղմ ժամկետում՝ նույն օրը, եթե հիվանդության բնույթը չի պահանջում  լրացուցիչ միջոցառումներ, ինչպես նաև բուժհաստատություն ուղեգրվելու պարագայում զորակոչիկներին և նրանց ուղեկցող անձին՝ տրամադրել բավարար ֆինանսական միջոցներ՝ տրանսպորտից օգտվելու, հարկ եղած դեպքում՝ նաև մայրաքաղաքում գիշերակացի ծախսերը հոգալու նպատակով: 

 

Վերստին արձանագրում ենք, որ զորակոչիկների իրավունքները խախտվում են. փոխահատուցումների մասով պետությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում: Ամառային զորակոչի նախաշեմին խնդիրն առավել հրատապ է, որովհետև չկա երաշխիք, թե արտակարգ դրության պայմաններում, երբ մեծ հավանականություն կա, որ հանրային տրանսպորտի աշխատանքը կրկին կարգելվի, երկրի պաշտպանական գերատեսչությունը ինչ քայլեր է ձեռնարկելու՝ զորակոչիկների տրանսպորտային խնդիրներն ապահովելու ուղղությամբ: 

 

Եթե զորակոչի գործընթացում Ձեր իրավունքները խախտվում են, դիմե՛ք ՀՔԱՎ գրասենյակ՝ հետևյալ կոնտակտներով․

 

Զորակոչիկների, զինծառայողների իրավունքների հարցերով

Արմինե Սադիկյան

️093339441 (նաև viber)

asadikyan@hcav.am

 

Դիտումներ՝ 930

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????