Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բուժհաստատությունը պարտավոր է ողջամիտ ժամկետում զինկոմիասարիատ ներկայացնել զորակոչիկի առողջական վիճակի հետազոտման ակտը

July 13, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հուլիսի 1-ից մեկնարկել է բուն զորակոչը։ ՀՔԱՎ-ը շարունակում է հեռավար իրավախորհրդատվություն տրամադրել զորակոչիկներին, զինծառայողներին ու նրանց հարազատներին։

 

Մենք արդեն 3 ահազանգ ենք ստացել այն մասին, որ բուժզննություն անցնելուց հետո զորակոչիկներն ստիպված են լինում սահմանված ժամկետից երկար սպասել փաստաթղթերին, և փաստացի դրանց ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում բողոքարկելու հնարավորություն չեն ունենում։

 

Ստորև ներկայացնում ենք գործընթացի կազմակերպման վերաբերյալ ՀՔԱՎ կարծիքը․

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում որոշվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը զինվորական ծառայության համար, ինչպես նաև զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՀ Կառավարության 12 ապրիլի 2018 թվականի N 405-Ն որոշման Հավելված N 1-ի 36-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն՝ բուժհաստատությունում լրացվում է զորակոչիկի առողջական վիճակի հետազոտման ակտը: Այն ստորագրում են տվյալ բուժհաստատության համապատասխան հանձնաժողովի անդամները, և հաստատվում է բուժհաստատության կնիքով: Ակտը ներկայացվում է զինկոմիսարիատ փոստով կամ առձեռն, որի հիման վրա տրվում է եզրակացություն` նախազորակոչիկի կամ զորակոչիկի զինվորական ծառայությանը պիտանիության մասին:

 

Ինչպես տեսնում ենք վկայակոչված իրավադրույթներից, այն դեպքերում, երբ հայտարարված զորակոչի ընթացքում զորակոչիկն առողջական վիճակի հետազոտություն է անցնում բուժհաստատությունում, ապա դրա արդյունքներով լրացված առողջական վիճակի հետազոտման ակտը, որն էական նշանակություն ունի զորակոչիկի պիտանիության հարցը պարզելու համար, զինվորական կոմիսարիատ (այժմ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային բաժին) ներկայացնելու ժամկետ ՀՀ Կառավարության վերը նշված որոշմամբ սահմանված չէ, սակայն նման փաստը ամենևին չի նշանակում, որ բուժհաստատությունը կարող է առողջական վիճակի հետազոտման ակտը զինվորական կոմիսարիատ ներկայացնել ցանկացած ժամկետում, այլ պարտավոր է միջոցներ ձեռնարկել զորակոչիկի առողջական վիճակն արտացոլող ակտը հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնելու զինվորական կոմիսարիատ: Նման իրողությունը բխում է այն հանգամանքներից, որ հայտարարված զորակոչի ընթացքում, կախված զորակոչիկի առողջական խնդրից և դրա արդյունքում ստացված տվյալներից, օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում զորակոչիկին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը ներկայացնելու, իսկ նման դեպքում պրակտիկայում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ ԿԲՀ-ն փորձաքննության արդյունքներով զորակոչիկին կրկին ուղարկում է առողջական վիճակի հետազոտությունների, իսկ զորակոչի ընթացքը սահմանափակված է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվող կոնկրետ ժամկետով, որի ընթացքում նկարագրված խնդիրն առաջանալու դեպքում զորակոչիկի՝ առողջական վիճակի պատշաճ հետազոտման իրավունքը կարող է խախտվել: 

 

Բացի դրանից՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 69-72-րդ հոդվածների, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ զորակոչիկն իրավունք ունի բողոքարկելու զորակոչի ընթացքում իր նկատմամբ կայացված որոշումները, գործողությունը և անգործությունը: Զորակոչիկի՝ նշված անքակտելի իրավունքի իրականացումը կամ այլ կերպ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը կարող է վտանգվել, եթե համապատասխան բուժհաստատությունը սեղմ ժամկետում զինվորական կոմիսարիատ չներկայացնի զորակոչիկի առողջական վիճակի հետազոտման ակտը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, զորակոչի ժամանակահատվածը սահմանափակված է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվող կոնկրետ ժամկետով,  իսկ առողջական վիճակի հետազոտման ակտի՝ զինկոմիսարիատ սեղմ ժամկետում չներկայացնելու և, ըստ այդմ, դրա արդյունքերով ավելի սեղմ ժամկետում չընդունված որոշման բողոքարկումը կարող է բերել մի իրավիճակի, երբ զորակոչը կլինի ավարտված, իսկ զորակոչիկի՝ իր նկատմամբ ընդունված որոշումների բողոքարկման օրենքով տրված հնարավորությունը ոչ արդյունավետ: 

 

Ուստի, ամփոփելով վերոգրյալը, արձանագրում ենք, որ բուժհաստատությունը պարտավոր է ողջամիտ ժամկետում, որը մեր դիտարկմամբ չի կարող տևել մեկ շաբաթից ավելի (եթե մի պահ ընդունենք, որ առողջական վիճակի հետազոտման ակտը զինկոմիսարիատ է ներկայացվում փոստով, ոչ թե՝ առձեռն), զինվորական կոմիասարիատ ներկայացնել զորակոչիկի առողջական վիճակի հետազոտման ակտը՝ առողջական վիճակի պատշաճ հետազոտման և իր նկատմամբ կայացված որոշումների բողոքարկման իրավունքը չխախտելու համար:   

 

Վերստին անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ առողջական վիճակի հետազոտման ակտը/պիտանելիության վերաբերյալ որոշումները ստանալու համար զորակոչիկը կամ նրա ներկայացուցիչը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարին և տեղեկատվություն ստանալ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված 5-օրյա ժամկետում։

 

Զինվորական կոմիսարին դիմելու դիմումի ձևը․

 

 

Բուժզննության գործընթացի և դրա շրջանակում ձեր իրավունքների ու պարտականությունների մասին իմացեք նաև ԱՅՍՏԵՂ

 

Զորակոչիկների, զինծառայողների իրավունքների հարցերով իրավախորհրդատվություն ստանալու համար դիմեք ՀՔԱՎ հետևյալ կոնտակտներով👇
Արմինե Սադիկյան
☎️093339441 (նաև viber)
📩asadikyan@hcav.am

Դիտումներ՝ 1116

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????