2025 թ․-ի հունիսի 10-12 Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստին ընդունվել է որոշում «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» խումբ գործերով կայացված ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ։
Գործերի այս խումբը հիմնականում վերաբերում է #խաղաղ հավաքների անհամաչափ ցրմանը և այս առումով արդյունավետ իրավական միջոցների բացակայությանը, դրանց մասնակիցների հետապնդմանը, այդ թվում՝ աշխատանքից ազատման միջոցով, ինչպես նաև դատարանների կողմնակալությանը ոստիկանության օգտին՝ հավաքների հետ կապված դատավարություններում։
2020, 2023 և 2025 թթ.-ին ՀՔԱՎ գրասենյակը՝ ինչպես առանձին, այնպես էլ գործընկեր կազմակերպությունների միջոցով, իրականացրել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով ՄԻԵԴ վճռի կատարման վերահսկողություն՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության 9.2 կանոնով սահմանված ընթացակարգով
Կազմակերպությունը շարունակաբար արձանագրել և ներկայացրել է Նախարարների կոմիտեին ոստիկանության կողմից հավաքների ժամանակ ոչ իրավաչափ և անհամաչափ ուժի կիրառման դեպքերը։
Չնայած կանոնավոր վերապատրաստումներին և պետության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ ոստիկանության ծառայողները դեռևս բավարար կարողություն չունեն ապահովելու այդ իրավունքի լիարժեք և անխոչընդոտ իրացումը։ Բացի այդ, կարգապահական վարույթների նախաձեռնումը շոշափելի արդյունք չի տալիս։
2024 թ․ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա Կազմակերպությունն արձանագրել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 155 դեպք։ 2023 թ․ արձանագրվել է 112 դեպք, իսկ 2022 թ․՝ 199 դեպք։ 2024 թ․ ընթացքում մարդու իրավունքների 131 խախտում արձանագրվել է խաղաղ հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցության հետևանքով՝ ոստիկանության ծառայողների կողմից, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի շուրջ 84.5%-ը1։
Հունիսի 16-ին լրագրողի նկատմամբ բռնության կիրառման դեպքը2 ընդգծում է համակարգում առկա խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ իշխանությունները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն։
Նախարարների կոմիտեն իր վերջին որոշմամբ իշխանություններին առաջարկել է դիտարկել հետևյալ լրացուցիչ ընդհանուր միջոցառումների ընդունումը՝
Բարձր մակարդակի ուղերձներ՝ խաղաղ հավաքների հանդեպ հանդուրժողականության խթանման համար
Մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում՝ հավաքների պլանավորման, պատրաստման և ոստիկանության կողմից ապահովման բոլոր փուլերում
Լրացուցիչ վերապատրաստումներ ոստիկանության գվարդիայի և այլ համապատասխան ստորաբաժանումների համար՝ ուղղված հավաքների ժամանակ ուժի իրավաչափ և համաչափ կիրառմանը
Ուժի կիրառման դեպքում ոստիկանության գործողությունների ավտոմատ և արագ վերանայման գործընթացի ապահովում։
Նախարարների կոմիտեն նաև առաջարկել է իշխանություններին տրամադրել տեղեկատվություն՝ հավաքների վերաբերյալ վարույթներում ոստիկանության ցուցմունքների օգտին ներպետական դատարանների կողմնակալության խնդրի լուծմանը ուղղված միջոցառումների վերաբերյալ (հոդված 6 § 1):
Իշխանությունները պարտավոր են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը Նախարարների կոմիտեին ներկայացնել թարմացված տեղեկատվություն նշված առաջարկությունների և դիտարկումների վերաբերյալ։