Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում․ քննարկում

November 5, 2021

Նորություններ

Նոյեմբերի 2-ին Երևանում կայացել է «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկումը, որը կազմակերպել էր ՀՀ Արդարադատության նախարարությունը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։ Անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգ իրականացնելու իրավական հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական քննարկումն անցկացվել է ավելի քան հինգ տասնյակ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

 

Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Գլխավոր դատախազության, միջազգային կազմակերպությունների ու ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ, իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ։

 

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նման բազմակողմ ներկայացվածությունը պայմանավորել է վեթինգի, դատական բարեփոխումների թեմայի արդիականությամբ և ընդգծել, որ հանդիպման նպատակը մոտ 3 տարի «չարքչրկված» քննարկմանը՝ «ինչպե՞ս և ե՞րբ պետք է վեթինգ լինի Հայաստանում», վերջակետ դնելն է:

 

«Մասնագետների մի խումբ գտնում է, որ ներկայիս Սահմանադրությունը թույլ է տալիս իրականացնել վեթինգ առանձին օրենքով, առանձին մեխանիզմով, իսկ մեկ այլ խումբ գտնում է, որ ներկայիս Սահմանադրությամբ դա իրականացնելն անհնար է։ Այսօր քննարկելու ենք նաև անցումային արդարադատության իրագործման ու դատավորների բարեվարքության ստուգման համար ավելի մեծ ժամանակահատված դիտարկելու հնարավորությունները»,- նշել է Կարեն Անդրեասյանն ու հույս հայտնել այդ հարցերի պատասխանները ստանալ քննարկման ամփոփման ժամանակ՝ հանրությանն ի վերջո ասելու համար՝ «վեթինգ լինելու է Սահմանադրության բարեփոխումներից առա՞ջ, թե՞՝ հետո: Այդ համատեքստում արդարադատության նախարարը շեշտել է՝ վեթինգ արդեն սկսվել է Բարձրագույն դատական խորհրդի ներկայիս կազմի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ: «Ես շարունակում եմ հավատալ, որ վեթինգի գործընթացը սկսված է, իրագործվում է, դրա արդյունքները մենք օր օրի տեսնում եք, բայց նաև միասին պետք է հասկանանք, արդյո՞ք մեզ պետք է վեթինգ իրականացնող առանձին օրենսդրական մեխանիզմ»,- եզրափակել է Կարեն Անդրեասյանը:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իր գոհունակությունն է հայտնել Խորհրդի գործունեությանը տրված գնահատականի համար և ընդգծել, որ ԲԴԽ-ն   խնդիրը տեսնում է ոչ միայն կոնկրետ դատավորների պատժելու կամ  չպատժելու տիրույթում, այլ ցանկանում է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են կանխարգելիչ նշանակություն ունենալ ապագայում՝ հնարավոր խախտումների համար։ «Այդ առումով, կարծում եմ, մեր որոշումները որոշ չափով, եթե կարելի է այդ բառն օգտագործել, նախադեպային տրամադրությամբ են գնում»,- ընգծել է Գագիկ Ջհանգիրյանը։

 

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին, ներկայացրել է քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների տեսակետները և մոտեցումները Հայաստանում դատական բարեփոխումների վերաբերյալ։ «Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ, որոնց մեծ մասն այսօր այստեղ է, պատկերացրել է վեթինգը որպես մի գործիք, որը մաս պետք է կազմեր ավելի մեծ փիլիսոփայության՝ անցումային արդարադատության։ Մեր պատկերացմամբ՝ վեթինգին զուգահեռ պիտի լիներ ճշմատրության և հաշտության հանձնաժողովի ստեղծումը, դրանից առաջ կամ հետո պիտի տրվեր անցյալի գնահատական։ Հասարակական կազմակերպությունները զտում, վեթինգ իրականացնող չեն, անցյալի գնահատական տվող չեն։ Նրանք կարող են աջակցել այդ գործընթացներին, բայց քաղհասարակության դերն այդ գործընթացներում իշխանություններին հակակշիռ լինելն է․ չթողնել, որպեսզի այդ գործընթացները տեղի ունենան կամ ծառայեն որևէ անձի կամ քաղաքական ուժի ցանկությունների համար։ Քաղհասարակությունը կարող է այս գործընթացներում օգտակար լինել իր ներուժով, գիտելիքով և փորձով», – շեշտել է ԲՀՀ-Հայաստանի փոխտնօրենը։ Դավիթ Ամիրյանը բարձր է գնահատել դատական բարեփոխումների վերաբերյալ մտքերի փոխանակումը կառավարության, Արդարադատության նախարարության, քաղաքացիական հասարակության և մասնագիտական համայնքի ներկայացուցիչների միջև։ «Ուրախալի է, որ վեթինգի գործընթացի հանդեպ փոխվել է նաև դատական համակարգի վերաբերմունքը և այն դիտարկվում է ոչ թե անձերի դեմ գործընթաց, այլ որպես հանրային շահից բխող առաջնահերթություն, որին կողմնակից պետք է լինի դատական համակարգը։ Մենք՝ հասարակական կազմակերպություններս, շարունակում ենք հավատալ և հուսալ, որ մեր իդեալիստական ցանկություններն ու պատկերացումներն այս գործընթացի վերաբերյալ համակարգային ձևով կդառնան իրականություն, և մենք մեր սերունդներին կթողնենք այնպիսի դատական համակարգ, որի կողմից արդարադատության իրականացման գործառույթը երբևէ հարցականի տակ չի դրվի», – նշել է Դավիթ Ամիրյանը։

 

Մասնագիտական քննարկման ժամանակ զեկույցներով են հանդես եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը, Գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը, ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, համապատասխանաբար՝ «Բարեվարքության ստուգում. ձեռքբերումներ և բարելավման հեռանկարներ», «Բարեվարքության ուսումնասիրությունը Դատախազությունում», «Վեթինգի իրականացման հնարավոր հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» և «Անցումային արդարադատություն» թեմաներով։

 

ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ Հեղափոխությունից առաջ եղած իրավիճակը գնահատում են որպես պետության զավթում։ «Պետության զավթման գործընթացը դադարեցվեց հեղափոխությամբ, որի բուն պատճառը արդարության դեֆիցիտն էր։ Հեղափոխությունը մարդկանց, որոնց իրավունքները շարունակաբար և անպատժելիորեն խախտվում էին, չլսված լինելու հետևանքով եղավ։ Նաև այդ պատճառով Հեղափոխությունից կարճ ժամանակ անց՝ 2018 թ․ դեկտեմբերի 28-ին, քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հրապարակեցին ՀՀ ժողովրդավարական վերականգնման ճանապարհային քարտեզը։ Նոր իշխանությանը մեր առաջարկն էր՝ առնվազն հաշվի առնել այդ մոտեցումները»,- նշել է ՀՔԱՎ ղեկավարը։

 

ՀՀ-ում դատաիրավական բարեփումների ռազմավարության շրջանակում փաստահավաք հանձնաժողովը պետք է ստեղծված լիներ դեռևս 2020 թ․-ի 1-ին եռամսյակում, սակայն մինչ օրս ստեղծված չէ։ Արթուր Սաքունցի համոզմամբ, պետք է լսելի լինի հազարավոր քաղաքացիների ձայնը, որոնց իրավունքները խախտված են եղել, որոնք վախից ձայն չեն հանել։ «Ի վերջո անցումային արդադատությունը, որպես Կառավարության պարտավորություն, ո՞վ է կատարելու։ Աշխատանքային խմբի կարիք չկա, Կառավարության պատասխանատվության ու հաշվետվողականության կարիք կա, թե ինչու չի կատարել իր իսկ հաստատած ռազմավարությամբ ամրագրված գործողությունը»,- նշել է իրավապաշտպանը։

 

Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ բազմիցս նշել են՝ ներկայիս սահմանադրությունը միակուսակցական կառավարման երաշխավորումն է, պետության զավթումը սահմանադրության մակարդակով ամրագրող սահմանադրություն է, և դրա շրջանակներում ինչ էլ արվի, լինելու է այդ նույն տրամաբանության մեջ։ «Մենք իրավունք չունենք մսխելու այս հնարավորությունը, որն ընձեռված է․ փաստահավաք հանձնաժողովը, որ մենք անվանում ենք ճշմարտության հանձնաժողով, պետք է օր առաջ ստեղծվի։ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը անկյունաքարային նշանակություն ունի անցումային արդարադատության տեսանկյունից։ Այս պարտավորությունից հրաժարավելն անթույլատրելի է»,- ասել է ՀՔԱՎ նախագահը։

 

Մասնագիտական քննարկման ժամանակ ձևավորվել են երեք աշխատանքային խմբեր՝ անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգի իրավական հնարավորությունների վերաբերյալ։ Ամփոփելով խմբային քննարկումները՝ առաջարկվեց․

 

  • Անցումային արդարադատության բաղադրիչ ոչ թե դիտարկել մեկուսացված, այլ ընդհանուր՝ վեթինգին զուգահեռ։

  • Հանրության հետ պետք է տարվի նախապատրաստական աշխատանք՝ պատկերացում ունենալու համար, թե ի՞նչ մանդատ է ունենալու Ճշմարտության հանձնաժողովը, ինչ գործառույթ է իրականացնելու, որպեսզի դրանով նաև համագործակցության հնարավորություններ բացվի հանրության հետ:

  • Բարեվարքության գնահատման, հոգեբանական թեստավորման ենթակա պետք է լինեն ոչ միայն դատավորները, այլ նաև դատախազները, քննիչները:

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը՝ անձին պաշտոնի նշանակելիս, խորհրդատվական բնույթից պետք է փոխվի, պետք է զարգացնել մշակույթը Սահմանադրական մարմինների միջև փոխադարձ որոշումների ընդունման:

  • Ողջամիտ է գործող Սահմանադրության շրջանակներում վեթինգ իրականացնելը, թեև չի բացառվում նաև դրան զուգահեռ Սահմանադրության բարեփոխումների շրջանակում փոփոխությունների նախատեսումը: Գործող Սահմանադրության պայմաններում լրացուցիչ անհամատեղելիության պայմաններ սահմանելու դեպքում հնարավոր է իրականացնել այս գործընթացը՝ օրենսդրական բազա ստեղծելու միջոցով: Այն հնարավոր է անկախ պետական մարմին ստեղծելու միջոցով․ պետք է նախատեսել անկախության երաշխիքներ, մարմնի ձևավորումը պետք է լինի Ազգային Ժողովի կողմից, կազմված լինի հանրության շրջանում հեղինակություն ունեցող իրավաբաններից, իրավապաշտպաններից, քաղհասարակության ներկայացուցիչներից: Հանձնաժողովը պետք է, ըստ էության, իրականացնի օրենքով սահմանված չափանիշների հիման վրա համընդհանուր ստուգման գործընթաց, հանդես գա խորհրդատվությամբ և այն ներկայացնի ԲԴԽ-ին: Միջնորդությունների քննությունը պետք է իրականացվի դռնբաց նիստի միջոցով՝ ԶԼՄ-ի լայն ներգրավվածությամբ և այլն։

 

Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=Jvzfov3lyyA&t=2493s

 

osf.am

Դիտումներ՝ 93

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????