Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը չի ընդունում մեղադրանքը

February 5, 2020

Ջուլիետա Ղուկասյան | Տեսադարան

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի դաժան ծեծից ու մահից ավելի քան մեկ տարի անց` այսօր, տեղի ունեցավ մեղադրյալ, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական առաջին նիստը՝ նրա բացակայությամբ: Նիստը թեև կայացավ, բայց կարճ ժամանակ անց կրկին՝ արդեն 5-րդ անգամ հետաձգվեց:

 

Ռուսական կողմը հրաժարվել էր այսօր Ռազգիլդեևին բազայի տարածքից դուրս բերել: Ռազմաբազայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գլադիշևն իր հետ հրամանատար Մարտինյուկի գրությունն էր բերել, որով միջնորդում էին դատական նիստը հետաձգել՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից Ռազգիլդեևի և նրան ուղեկցողների համար տեղաշարժի անվտանգության գրավոր երաշխիքներ. «Մինչ օրս նշված գրավոր երաշխիքները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը չի ստացել, դրանք ստանալուց հետո հարգելի դատարանը կտեղեկացվի սահմանված կարգով»:

 

Դատավոր Ադրինե Ղուկասյանը հետաքրքրվեց Գլադիշևից, թե ինչ երաշխիքների մասին է խոսքը:

 

«Քանի որ այս գործը բավականին աղմկահարույց է, և մեր զինծառայողի ցանկացած տեղափոխում Հայաստանի տարածքում մտավախություն է առաջ բերում, այս հարցը բարձրացվել է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից: Մինչ օրս մենք սպասում ենք թույլտվության ղեկավար կազմից նրան Հայաստանի տարածքում տեղաշարժելու համար», - պատասխանեց Գլադիշևը:

 

Արդյոք կա՞ն փաստեր կամ տեղեկություններ Ռազգիլդեևի անվտանգության հետ կապված: «Ոչ, քանի որ նա 14 ամիս գտնվում է զորամասի տարածքում՝ փաստացի կալանավորների պահման խցում, 14 ամիսների ընթացքում որևէ մտավախություն չի եղել», - հավելեց ռազմաբազայի ներկայացուցիչը:

 

«Ազատության» հարցին ի պատասխան` Գլադիշևն ասաց՝ իրեն չէ, բայց գուցե ղեկավարներին է հայտնի ինչ-որ բան:

 

57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2018-ի դեկտեմբերին՝ վաղ առավոտյան աշխատանքի գնալիս, մահացել էր հիվանդանոցում՝ ստացած ծանր վնասվածքներից: Նրա դստեր ներկայացուցիչ Արայիկ Զալյանն անվտանգության երաշխիքների պահանջի մասին իր գնահատականը տվեց ու միջնորդեց դատարանին հաջորդ նիստին բերման ենթարկել Ռազգիլդեևին:

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նորմից չի բխում, այսինքն՝ մենք ունենք փաստ, որ Ռազգիլդեևն անհիմն պատճառով չի ներկայացել դատարան», - հայտարարեց նա:

 

Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանն էլ պահանջեց՝ ի վերջո դատարան բերել մեղադրյալին, որ տեսնեն, թե նա ով է. - «Ռուսին բերեք, վերջը տեսնինք, թե ինչ կեղնի էս տունտունիկը: Ծնող եմ կորցրել, հավի ձագ չէր»:



Դատարանը լսելով կողմերին նիստը մոտ մեկ ամսով հետաձգեց՝ ռուսական կողմից ճշտելով, թե որքան ժամանակ կպահանջվի մեղադրյալին բազայի տարածքից դուրս բերելու թույլտվություն ստանալու համար: Ալեքսանդր Գլադիշևն ասաց, որ չգիտի, բայց կարող է միջնորդել, որ այն արագացվի:

 

Տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչը՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ռուսական կողմի անվտանգության երաշխիքներ պահանջելու վերաբերյալ նշեց. - «Ռուսական բազայի հրամանատարի գրությունը բացառիկ արհամարհական վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ, երկրորդ՝ դա բացարձակ արհամարհական վերաբերմունք է դատական իշխանության նկատմամբ և թքած ունենալ արդարադատության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ռուսական բազայի հրամանատարի այդ գրությունը նաև ցույց է տալիս, որ ռուսական բազան, ռուսական կողմը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը ՀՀ-ում»:

 

Ռազգիլդեևվի շահերի պաշտպան Նարինե Ռշտունին ռուսական կողմի ներկայացված գրության մասին իմացել էր դատական նիստի ժամանակ: «Ազատությունը» հետաքրքրվեց՝ հանդիպե՞լ է իր վստահորդի հետ և ինչպես նրան կբնութագրի:

 

«Ես հիմա չեմ բնութագրելու, ես միայն կարող եմ ասել, որ իրեն մեղավոր չի ճանաչում, մնացածը ամբողջը դուք արդեն կկարողանաք ինքնուրույն տեսնել դատաքննության ընթացքում», - հայտնեց նա:

 

Ի դեպ, Ռշտունին տեղեկացրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմենները հանդիպել են Ռազգիլդեևի հետ:

 

Դիտումներ՝ 430

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????