0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների համար դասընթացի մասնակիցները ստացած գիտելիքները պատրաստվում են փոխանցել նաև գործընկերներին

December 19, 2019

Այլ դասընթացներ | Գործունեություն | Կարողությունների զարգացում | Հրապարակումներ | Նորություններ

2019-ի դեկտեմբերի 11-12-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն Աղվերանում անցկացրեց դասընթաց՝ հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների համար «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները. մարդու իրավունքներ, վատ վերաբերմունքի և խտրականության կանխարգելում»  թեմայով: Մասնակիցները  Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Լոռու մարզերի, ինչպես նաև Երևանի  հոգեբուժական հաստատությունների ներկայուցուցիչներն էին: 

 

Դասընթացը նպատակ ուներ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ ամենօրյա շփում ունեցող օղակի աշխատակիցների շրջանում բարձրացնել իրազեկման մակարդակը մարդու իրավունքների, հավասարության ու խտրականության կանխարգելման, վատ վերաբերմունքի, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ու խնդիրների վերաբերյալ՝ դիտարկելով այդ ամենը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համատեքստում: 

 

 

Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի հերթապահ բուժքույր Սաթինե Ոսկանյանը երկար տարիներ է աշխատում հաստատությունում և չի հիշում, որ երբևէ նման դասընթաց անցկացվեր: Առաջին անգամն էր մասնակցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կազմակերպած դասընթացին ու շատ է կարևորում այն, հատկապես՝ մարզերում աշխատողների համար: Բացի փորձի փոխանակումից՝ դասընթացը նաև ոլորտում ընթացող փոփոխություններին ծանոթանալու լավագույն տարբերակն է.«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային մինչ այս ծանոթ չէի: Լավ է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նման դասընթացներ է նախաձեռնում: Կուզենայի, որ պետությունը շատ ուշադրություն դարձնի ոչ միայն հոգեկան խնդիրներ ունեցող անձանց, այլև հոգեբուժական հաստատությունների աշխատողներին, որոնք անտեսված են: Նորմալ աշխատավարձ չենք ստանում: Չունենք առանձին սանհանգույց: Գոնե աշխատողներն էլ մի քիչ ապահովված լինեին: Կուզեի,  որ դիսպանսերի պայմաններն էլ ավելի լավ լինեին, որ հասարակությունը հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ընդունի այնպիսին, ինչպիսին կան,  նրանք չհալածվեն ու չանտեսվեն »:

 

 

Արմենուհի Խաչատրյանը Գյումրու հոգեկան առողջության կենտրոնից է: Ավագ բուժքույր է: Ասում է, որ այն, ինչ ամրագրված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում, իրենք փորձում են կիրառել պրակտիկ գործունեության ընթացքում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց դիտարկելով որպես հասարակության լիիրավ անդամներ: Անդրադառնում է եզրույթների կիրառմանը.«Դրանք կօգնեն մեզ, որ այսուհետ ճիշտ բառեր ու ձևակերպումներ օգտագործենք մեր պացիենտների հետ շփումների ժամանակ ու զերծ մնանք  խտրական մոտեցում ցուցաբերելուց: Ամենից շատ կուզեի, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները չոտնահարվեն հենց իրենց ընտանիքներում՝ իրենց հարազատների կողմից»:

 

 

Սևանի հոգեկան առողջության կենտրոնի սանուղեկցող Կարեն Հայրապետյանի համար այս դասընթացը բացահայտում էր: Ոչ միայն իրավական իմացության տեսակետից է կարևորում այն, այլև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հասարակության մեջ ներառելու: Նրանք չպետք է անտեսված մնան. «Այն, ինչ լսեցի ու սովորեցի այս դասընթացին, փոխանցելու եմ իմ գործընկերներին»: 

 

Դասընթացավար Արա Ղազարյանը, խոսելով դասընթացի թեմաներից ու մասնակիցների հետաքրքրության շրջանակներից, նկատում է. «Պետք է որոշակի խմբի հետ տևական ժամանակ աշխատանք տարվի, դա ճիշտ մոտեցում է: Նման դասընթացների առաջնային նպատակը ոչ թե գիտելիք հաղորդելն է, այլ հմտություններ: Իսկ հմտությունների վերջնանպատակը պետք է լինի վերաբերմունքի փոփոխությունը. փոխվում է վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ, և դա արժեք է, որ իրենք հաղորդում են մյուսներին:  Թեմաներն ընտրվել էին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին համահունչ  և հիմնական գաղափարները, որ ներկայացվեցին, հակախտրականությունն էր, իրավունակությունը, մատչելիությունը, հաշմանդամություն ունեցող անձանց ընկալումը»:

 

 

Դասընթացին առանձնակի կարևորվեց հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքը: Հոգեբուժական հաստատությունների աշխատակիցները հավաստեցին, որ մեծ է նաև հենց  իրենց դերակատարությունը  թե՛ վերոհիշյալ իրավունքի ապահովման, թե՛ ապաինստիտուցիոնալացման գործընթացն անցնցում իրականացնելու  հարցում։ Ցուցադրվեց Բաց հասարակության հիմնադրամների ֆինանսավորմամբ 2016-ին Սպիտակում հիմնադրված հոգեկան առողջության համայնքային կենտրոնի մասին պատմող տեսաֆիլմը, որի ավարտին դասընթացի մասնակիցները հավաստեցին, որ այսուհետ իրենք ևս նպաստելու են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը:

 

Լուսանկարները հասանելի են ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 586

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը